Պահանջում ենք միջազգային բոլոր դերակատարներից, մասնավորապես՝ ՌԴ խաղաղապահ զորակազմից՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները․ Արցախի ԱԳՆ

  • 15.08.2023
  • 0
  • 62 Views

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում և խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում և կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում:

Պահանջում ենք միջազգային բոլոր դերակատարներից, մասնավորապես՝ ՌԴ խաղաղապահ զորակազմից, ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները․  ԱԳՆ

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն՝ ի պատասխան Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության․

«Տեղեկատվական դաշտը նման կեղծ լուրերով լցնելով, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների իրականացման համար:

Միջազգային դերակատարների և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրության լարման է գնում Արցախի խաղաղ բնակչությանը պարտադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ գումարելու Հայաստանի Հանրապետության պահանջից ընդամենը երկու օր անց: Սա ոչ այլ ինչ է, քան  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետից միջազգային կառույցների ուշադրությունը շեղելու փորձ:

Վերստին նշում ենք, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի անօրինական գործողությունների հետևանքով հայտնվել է լիակատար շրջափակման մեջ: Ավելին, 2023 թ. հունիսի 15-ից Արցախի ժողովուրդը զրկված է Լաչինի միջանցքով նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի միջոցով սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության մնացած բոլոր ապրանքների անգամ նվազագույն քանակի ներկրման հնարավորությունից։

Այսպիսով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, միջազգային համընդհանուր իրավական նորմերը, ինչպես նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված կոնկրետ միջազգային իրավական ակտերը, որոնց թվում են ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները Լաչինի միջանցքի ապարգելափակման վերաբերյալ։

Պահանջում ենք միջազգային բոլոր դերակատարներից և, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմից անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հնարավոր սադրիչ գործողությունները:

Ստեղծված իրավիճակում հրամայական ենք համարում հնարավորինս հրատապ ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարումը՝ Լաչինի միջանցքի ամբողջական և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ և արդյունավետ միջոցների իրականացման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով»։

Իր հերթին Արցախի պաշտպանության նախարարությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը՝

Օգոստոսի 15֊ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։

Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9֊ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է հումանիտար աղետի վիճակում, կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն։

[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում