«Բացեք Լաչինի ճանապարհը». ամերիկահայերի ակցիաները Լոս Անջելեսում

  • 15.08.2023
  • 0
  • 274 Views

ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները հերթական բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն արդեն 8 ամիս շարունակ շրջափակված Արցախի։

Այս անգամ ամերիկահայերը հավաքվել են Լոս Անջելեսում Բաքվի հյուպատոսարանի դիմաց՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև Արցախի ապաշրջափակման կոչերով տարբեր պաստառներ։ Դրանցից որոշների վրա կային «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը», «Դադարեցրե՛ք հայերի երկրորդ ցեղասպանությունը», «Արցախի հետ, Արցախի համար», «Պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ» և այլ գրություններ։

Նրանք նաև տարբեր կոչեր են վանկարկում՝ պահանջելով բացել Լաչինի միջացնքն ու դադարեցնել ցեղասպանությունը, որին բախվել են արցախահայերը 2023 թվականին, գրում է tert.am-ը։

Արցախպրես

Լուսանկարները՝ ամերիկահայերի

ԱՄՆ Գլենդել քաղաքում հարյուրավոր ամերիկահայ ցուցարարներ օգոստոսի 9-ի գիշերը փակել են մայրուղիներից մեկը, որպեսզի ուշադրություն հրավիրեն Արցախում տիրող ճգնաժամի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան լուսաբանել է ABC7 լրատվամիջոցը։

Ցուցարարները փակել են Սենտրալ և Բրենդ պողոտաների մի մասը, այնուհետև հավաքվել են մայրուղու գոտիների վրա և պաստառներ պահել՝ կոնգրեսական Ադամ Շիֆին կոչ անելով աջակցել Արցախին։

Վերջին օրերին ցուցարարները մի քանի ակցիա են իրականացրել Ադամ Շիֆի գլենդելյան գրասենյակի առաջ՝ դեմոկրատ կոնգրեսականին կոչ անելով ավելին անել Լեռնային Ղարաբաղին աջակցելու համար։

Իր հերթին Ադամ Շիֆն օգոստոսի 7-ին հայտարարություն էր տարածել՝ դարձյալ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու հրատապությունը։

«Քանի որ Ադրբեջանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին թույլ չի տալիս կենսական անհրաժեշտության մարդասիրական օգնություն մատակարարել և Արցախից տեղափոխել շտապ բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին, օրեցօր մեծանում է միջազգային հանրության կողմից գործողություններ ձեռնարկելու և հակամարտությանը կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը», – գրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Շիֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը և ընդդիմանա էթնիկ զտումներին և ցեղասպանության սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում։

Դրան հաջորդող մեկ այլ հայտարարության մեջ Շիֆը հայտնել էր, որ կապի մեջ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, Պետքարտուղարության և իր գործընկեր կոնգրեսականների հետ և նրանց կոչ է անում օգտագործել առկա բոլոր գործիքները, այդ թվում՝ Ադրբեջանի ռազմական օգնության դադարեցումը և Արցախում ստեղծված ճգնաժամի բոլոր մեղավորների հանդեպ պատժամիջոցների սահմանումը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում