
Այսօր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված պատարագ։ Պատարագիչն էր Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր սուրբն իր քարոզի խոսքում նշեց, որ օրվա խորհուրդն է, որ յուրաքանչյուրը վերափոխվի եւ բոլորս ապավինենք Աստծո ողորմությանը։ Նա նաեւ նշեց, որ այսօր նաեւ բոլոր Մարիամների տոնն է եւ շնորհավորեց նրանց։
Պատարագին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ Ֆրանսիայից՝ Փարիզից օպերային երգչուհի Աննա Կասյանը եւ Մարսելից սարկավագ Գեւորգ Գասպարյանը։ Պատարագի ավարտին Հայր սուրբը օրհնեց խաղողը, որին հաջորդեց Հայաստանից Պրահա ժամանած «Գայանե» արվեստի կենտրոնի սաների ելույթը։

Կենտրոնի գործունեության մասին հակիրճ ելույթով խոսեցին Սուսաննա Բարսեղյանը եւ Սիմոն Սիմոնյանը՝ ներկայացնելով կենտրոնի սաների Հայաստանի եկեղեցիներին նվիրված գեղանկարչական աշխատանքները։



Սուսաննա Բարսեղյանի ասելով, իրենք Պրահա են ժամանել Լիտվայից, ուր մասնակցել են միջագային երաժշտական փառատոնի, իսկ Չեխիայում մասնակցել են «Պրահայի աստղեր» միջազգային մրցույթին եւ շահել մրցանակային տեղեր։ Երգիչների մրցութային անվանակարգում Մարիա Մխիթարյանն արժանացել է Գրան Պրի մրցանակի, Վարդան Մանուկյանն առաջին մրցանակի, իսկ սաքսոֆոնահար Լիպարիտ Սիմոնյանը՝ երկրորդ տեղի մրցանակի։
Նրանք ներկաների համար կատարեցին հայրենասիրական, ժողովրդական երգեր, այդ թվում Արցախին նվիրված եւ «Հայեր միացեք» երգերը։ Այնուհետեւ պրահայաբնակ երիտասարդ երգչուհի Էմիլի Բաղդասարյանը կատարեց «Ծաղկաց բալենի» երգը։ Վերջում Մարիան եւ Էմիլին որոշեցին անակնկալ մատուցել եւ կատարեցին Ռոզա Լինի «Սնափ» երգը, արժանանալով ջերմ ծափահարությունների։
Շնորհավորում ենք մեր շնորհալի երեխաներին եւ մաղթում նորանոր հաջողություններ։
orer.eu









