
Այսօր՝ օգոստոսի 11-ին լեհական Ռացիբորժ քաղաքի թանգարանում բացվել է լեհահայ հայտնի ռեժիսոր, օպերատոր եւ քանդակագործ Գուրգեն Գադաչիկի անհատական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի նախաձեռնությունը թանգարանինն է։
Ցուցահանդեսում ներկայացվել են անվանի արվեստագետի մոտ 20 բրոնզե քանդակներն ու 30-ից ավելի անագե արձանիկները։ Անվանի ռեժիսորը, որի 73 ամյա տարեդարձը բոլորում է օգոստոսի 26-ին, մեզ հետ զրույցում նշեց, որ քանդակները հիմնականում արվել են դեռեւս Հայաստանում, իսկ արձանիկների մի մասը ստեղծվել են Լեհաստանում։ 2012 թվականից նա Երեւանից տեղափոխվել է Ռացիբորժ, քանի որ որդին արդեն բնակվում էր այդ քաղաքում։



Ու քանի որ Գուրգեն Գադաչիկը նաեւ հայտնի է իր վավերագրական ֆիլմերով, որոնք նվիրված են հայ մշակույթին՝ արվեստի, կինոյի ու թատրոնի գործիչներին, ապա կազմակերպիչների առաջարկով ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն նաեւ նրա ֆիլմերը։ Մասնավորապես այցելուները կարող են դիտել Վլադիմիր Մսրյանին, Խորեն Աբրահամյանին, Սոս Սարգսյանին եւ Մհեր Մկրտչյանին նվիրված ֆիլմերը։
Ցուցահանդեսը կգործի երկու ամիս։
orer.eu







