
Ցանկացած առաջարկություն, որը ուղղված է մեզ,պետք է առաջին հերթին հարգի մեր արժանապատվությունը և լինի միջազգային մարդասիրական նորմերի համաձայն։
Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ակնայով հումանիտար օգնություն ուղարկելու առաջարկության հարցին:
Երկրի ղեկավարի խոսքով՝ հումանիտար աղետը հենց Ադրբեջանի իրականացրած քաղաքականության արդյունք է, որն Արցախը համակենտրոնացման ճամբարի է վերածել:
«Այդպես է լինում, երբ դարձնում են համակենտրոնացման ճամբար, հետո սկսում անել այն ինչ և ինչքան նպատակահարմար են գտնում»,-նշեց Նախագահը:
Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել Լաչինի միջանցքի կարևորված լինելը հենց միջազգային հանրության կողմից:
Ըստ այդմ՝ ընդունվել են բազմաթիվ որոշումներ՝ Հաագայի միջազգային դատարանում և այլն։
«Դա հենց այն վկայությունն է, որ հումանիտար աղետը հետևանք է Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության՝ չհարգելով միջազգային նորմերի պահանջները, չկատարելով Եռակողմ պարտավորության գլխավոր կետերից մեկը»,-հավելել է Ա. Հարությունյանը՝ կարևորելով ցանկացած կենսական նշանակութուն ունեցող առաջարկության կամ որոշման դեպքում ընդհանուր կոնսեսուսը, որը պետք է արտահայտի առաջին հերթին Արցախի ժողովրդի տրամադրությունները։
Արցախպրես