Շուշան Ղազարյանի խոսքը Սերգո Երիցյանի մահվան քառասունքի առիթով
«Երբ սիրում ես, աստվածանում ես». Ավետիք Իսահակյան
Քեզ ամեն կերպ պատկերացրել եմ, բայց ոչ երբեք մռայլ դագաղում, թաղումի ու գերեզմանի մահահոտ լռության մեջ։
Կյանքի մարդ էիր, կյանքի կենսահորդ բույրերին սիրահարված։
Առհասարակ․ Քո ներքին ամենամեծ արժեքը Սերն էր։
Անկարելի մեծ, բնածին Սերը։ Եւ սիրո անաղարտ խորհրդով զտված քո անկեղծ գրականությունը, մարդկային շփումներդ, նախանձելի կիրթ ու սիրառատ, անլույծ միությամբ միմյանց նվիրված ընտանիքդ։
Կյանքն էլ քեզ էր սիրում։
Այդ սերը ինքնահորդան մի գետ էր, որ սկիզբ էր առնում քո սրտից, ապա վերադառնում էր դեպի քեզ՝ մեծ ու փոքր վտակներով, ուր մարդիկ էին՝ մանուկ ու երեխա, տարիքն առած գիտնական, ուսանողներ, պարզ համագյուղացի կամ պատահական հեգ մի ճամփորդ։
Դու հայրականորեն տիրություն էիր անում բոլորին։
Քեզ երբեք պաշտոնյա չեմ պատկերացրել։ Պատճառն այն չէր, որ ես քեզ գիտեի իբրեւ պրպտող, ոչնչից նյութ քամող ինքնատիպ լրագրող։
Չէ, պարզապես քո կերտվածքը, ծանոթ անծանոթի հետ անկեղծ շփումդ, չէր մտնում իմ պատկերացրած պաշտոնական փողկապի խստաբարո կաղապարի մեջ, ինչին ականատես եղանք մեր բազում սրճարանային ընկերների պարագայում՝ երբ իշխանության գալով հին տրեխները մի գիշերում փոխվեցին արքայական մույկերով, տան իշաոտնուկները՝ պետական կաշվե փափկաթոռներով։ Դռներն էլ ամուր կողպեցին մեր առաջ։
Չէ, դու ուրիշ էիր։ Դա քո տեսակը չէր։
Երբ իբրեւ կրթության նախարար, անսպասելի հայտնվեցիր Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցում, լիքը արկղերով՝ աշխատանքային տետրերով, դասագրքերով, քարտեզներով, դաս վարեցիր․․․ Չտեսնված ու չլսված մի բան էր, որ երբեք այլեւս չկրկնվեց Հայրենիքից եկած ոչ մի այլ կրթության նախարարի պարագայում։
Իսկ դու հրավիրված էիր Չեխիա՝ Հոլոքոստի տարելիցի միջոցառումներին։ Հազվադեպ մի բացառություն, որ հրեաները թույլ էին տվել Հայաստանի դեպքում, որքան գիտեմ՝ ամենքին հայտնի պատճառով։ Բայց օգտագործելով առիթը, խոսեցիր նաեւ Հայոց Մեծ Եղեռնի մասին՝ առաջացնելով հրեաների անբառ չկամությունը։ Արդյունքն ակներեւ էր՝ Վացլավ Հավելի մարդու իրավունքների գրասենյակը առաջին անգամ արձանագրեց Հայոց Եղեռնի փաստը։
«Երկրաշարժից հետո Նորակերտ գյուղը դպրոց չուներ, տնակների մեջ էին դասերն ընթանում, մինչեւ որ 2003 թվականին, իր անմիջական միջամտությամբ, երկհարկանի գեղեցիկ դպրոց կառուցեցին հնի տեղում։ Բացման արարողությանը Սերգո Երիցյանն անձամբ էր եկել։ Ցավակցում եմ հարազատներին եւ իրեն ճանաչողներին։ Լույսերի ՝մեջ հանգչի հոգին»,- գրում է Սուսաննա Գրիգորյանն իր ֆբ էջում։
Եվ այսպիսի բազմաթիվ արձագանքներ։ Մեծ ու փոքր գործեր, որոնց մասին երբեք չէիր խոսում ընկերական հավաքույթներին։
Դու ընկեր էիր, ամենաիսկական ընկեր, մարդկային ու մարդամոտ, մարդամեծար ու մարդասեր։ Կա՞ մեկը, որին չես օգնել, ում հարեհաս չես եղել նեղության պահին։
Ինձ ինչքա՜ն ես օգնել, երբ առաջին գիրքս էի տպագրում։ Հրավիրատոմսեր, դահլիճ, աֆիշներ, կազմակերպչական լիքը հարցեր, տարողունակ ելույթ, ու իր տանը անսպասելի փոքրիկ հավաքույթ․․․
Նոր մտաբերեցի, որ երբեք լրջորեն երախտագիտությունս չեմ հայտնել։ Ախր այնքան առօրեական էիր օգնում, զվարթ, թեթեւ, հումորով․․․ Կարծես այդպես էլ պիտի լիներ։ Չէինք էլ հասցնում խնդրել․․․ Ու մենք այդ օգնությունը սովորական էինք համարում քո պարագայում, ինչու, չգիտեմ․․
Քանիսին ես այսպես օգնել ու մոռացել․․․
Արդեն լեգենդ դարձած այն պատմությունը, երբ ցուրտ ու մութ տարիների դաժան ձմռանը, կոշիկներդ հանել տվել էիր փողոցում կուչ եկած մուրացկաին, ինքդ բոբիկ հասել ռադիոյի շենք, եւ լիքը այդպիսի ոգու զրույցներ, բավական է, որ ճանաչենք քո տիեզերական սրտի մեծությունը։ Դու կարող էիր հացի ու խոսքի տարբեր վաստակով ապրող մարդկանց մերձեցնել, նույն սեղանի շուրջ հավաքել, քո մարդակենտրոն ու խաղաղարար մեղմության անպարագիծ սահմանով հաշտեցնել միմյանցից խռոված սրտերը։
Նսեմ ուղեղների ոխակալ մանրության դեմ երբեք դուրս չեկար։ Քո բարի, հումորոտ, մանկան մաքուր ժպիտով ներողամիտ խոսքը ամենազոր դեղ էր մեր խարխուլ, անճակատագիր ժամանակների համար։ Քո կողքին, քո ընդհանուր միջավայրում խաղաղ գոյակցում էին գրական, մշակութային ու քաղաքական տարբեր հոսանքներ ընտրած մտավորականներ, քաղաքական գործիչներ, քո դուռը բաց էր բոլոր տարրերի համար։ Քեզ հաջողվում էր քո բարի սրտով հարթել նրանց բաժանող արգելքները, կոտրել հակառակությունն ու, անշուշտ, նոր պատգամ, նոր խորհուրդ դնել շփումների բազմակոշկոճ տարակարծությունների մեջ։
Արդյո՞ք անկախ Հայաստանի տարբեր ժամանակների իշխանությունները քամեցին, երկրի շահին դարձրին այն հզոր, պայծառ ու լեցուն ներուժը, որ կար քո մեջ։
Իհարկե՝ ոչ։ Ինչու՞։
– Սերգոն մեր շրջապատի շեփորը չէր․․․
Յուրային թիմի մեջ էլ օտար էիր։ Չհասկացված ու չգնահատված։
Կանգնել եմ գերեզմանիդ կապարե լռության առաջ, արեւ կրակի տակ, մեղավորի պես, հուսահատ, դատարկ ու փշրված, ու չի ստացվում հարթեցնել բառերը, զսպել հոգուս խուճապը։ Չեմ գտնում ինձ, մտքերս ցիրուցան, չի հավաքվում խոսքս։ Չեմ գտնում հարցիս պատասխանը։
Չնորոգված մեր հոգիներին, որն արեւ է ուզում ու կյանք, ավաղ, չար աղմուկն է դեռ տիրում այսօր։ Իսկ վեհ իդեալներից խոսող հայ մտավորականության ճահճահոտ շրջանակը, ահա 30 տարի կռիվ է մղում մեր հիշողության դեմ՝ մոռացնելու իր անցյալը, որ ազատվեն երախտիքի պարտքից։ Հայկական անտարբերականության այս ծթրած մթնոլորտին, ինքն իրենից վախեցող հային, գուցե քո մեծ սրտի անանձնական սերն է պակասում, որ տարար քեզ հետ, ով գիտե։
Կանգնել եմ գերեզմանիդ ղողանջող լռության առաջ, բազմաթիվ անհայտներով հավասարման պատասխանը գտած աշակերտի պես ու մեծ բանաստեղծի խոսքն էգալիս մտքիս․
«Երբ սիրում ես, աստվածանում ես»։
Աստծո պարգեւ քո Մեծ սիրո լույսերի մեջ ապրես, սիրելի Սերգո։
Շուշան Ղազարյան
2023, 1 օգոստոս, Երեւան
Եթեր շաբաթաթերթ