Պայծառակերպության տոնը և Վարդավառի տոնախմբությունը Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում

  • 03.08.2023
  • 0
  • 394 Views

Պայծառակերպության տոնը և Վարդավառի տոնախմբությունը Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում

Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարում, սույն թվականի հուլիս 30-ին նշվեց Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Օրվա պատարագիչն էր Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Սրբազան Հոր տնօրինությամբ Քրիստոսի Պայծառակերպության կամ ժողովրդի մեջ առավել հայտնի Վարդավառի նվիրական այս օրը նվիրված էր շրջափակման մեջ գտնվող Արցախին։

Սուրբ Պատարագից հետո եկեղեցու բակում Տաթև Սրբազանն ընդառաջ դուրս եկավ հավաքվածներին։ Նրա մի կողմում երիտասարդները պահել էին Հայաստանի, մյուս կողմում՝ Արցախի դրոշները։ Նպատակն էր ցույց տալ, որ Արցախի շրջափակումը առաջնային է բոլոր տոներից։ Օգտվելով նման մեծ տոնախմբության առիթից՝ կրկին բոլորի ուշադրությունը հրավիրվեց Արցախի հիմնահարցի և շրջափակման մեջ գտնվող 120․000 հայորդիների վիճակի վրա։ Սրբազան Հայրն օրհնեց ջուրը, որից հետո երկինք բաց թողեց սպիտակ աղավնիներ՝ ի նշան խաղաղության։ Եկեղեցու Երիտասարդական Միավորման երիտասարդները փչել էին տասնյակ սպիտակ փուչիկներ և գրել տարբեր լեզուներով հաղորդագրություններ՝ աղոթք բարձրացնելով հայ ժողովրդի համար, խնդրելով խաղաղություն արդեն 7 ամիս շրջափկման մեջ գտնվող մեր եղբայրների և քույրերի համար, որոնք նույնպես բաց թողնվեցի երկինք։ Բոլոր ներկաներին բաժանվեցին Արցախի խորհրդանիշը՝ «Մենք ենք մեր սարերը» («Պապիկ-Տատիկ»-ը) պատկերող գլխարկներ։ Այս ամենը եզրափակվեց եկեղեցու բակում, երգ ու պարով, միմյանց ջուր ցողելով։  

Հայկական եկեղեցին անցորդների ուշադրությունը գրավեց և կրկին հիշեցրեց Հայաստանի և Արցախի, նրանց արդի խնդիրների և սպառնացող վտանգներիի մասին։

Մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն ունեցան Վարդավառի տոնակատարության կազմակերպման գործում, ի մասնավորի Բուխարեստի հայոց ծուխին, ատենապետ Լիվիու Իոնեսկուին, ծխական խորհրդի անդամ Վահե Հովակիմյանին, երիտասարդաց միության անդամներին։ Մասնակցության համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Առաջնորդարանի ,,Լույս,, մանկական կենտրոնի աշակերտներին ու ծնողներին, ,,Անի,, երգչախմբի անդամներին, Սուրբ Գրքի սերտողության դասընթացի մասնակից երիտասարդներին և բոլոր ներկաներին։

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում