600 սփյուռքահայ երիտասարդներ Երեւանում մասնակցել են Ազգային երիտասարդական համաժողովի բացմանը

  • 01.08.2023
  • 0
  • 624 Views

Այսօր՝ Օգոստոսի 1-ին Երեւանում մեկնարկել է Ազգային երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են 50-ից ավելի երկրներից ժամանած 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակնեից: Համաժողովին ներգրավված են նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից:

Առաջին անգամ անցկացվող համաժողովը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

«Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո երեք օր մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնակցել Հայաստանի զարգացման գործընթացին, կապեր հաստատել և հզորացնել միմյանց, ինչպես նաև գիտելիքներ ձեռք բերել ընդլայնելու իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում։

«Համաժողովը պետականակենտրոն մտածողությամբ այն հայ երիտասարդների համար է, որոնք կապված են իրենց հայրենիքին, մշակույթին, արմատներին և նվիրված հայկական շահերի պաշտպանությանը և Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Ուրախ ենք, որ համաժողովին մասնակցում են երիտասարդներ, որոնք պատրաստակամ են պետականաշինության բոլոր գործընթացներում համագործակցել և ի նպաստ հայրենիքի ներդնել համաերիտասարդական-համահայկական ներուժը»,-բացման խոսքում նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Վիդեուղերձով երիտասարդներին են ողջունել նաև հայազգի հանրահայտ երգիչներ Սերժ Թանկյանը և Ռոզա Լինը, ինչպես նաև աշխարհահռչակ թենիսիստ Կարեն Խաչանովը:

Համաժողովին արծարծվող թեմաներն ընդգրկելու են երիտասարդության դերին, երիտասարդների ներգրավվածության մոդելներին, հայկական շահերի պաշտպանությանը և ազգային անվտանգությանը, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, ինքնությանը, գիտության և կրթության զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին, հայրենիքում առկա հնարավորություներին, հայրենադարձությանը և այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Համաժողովի գլխավոր գործընկերը Ֆասթ Բանկն է։ Ֆասթը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է։

Ազգային երիտասարդական համաժողովի համաժամանակյա նիստերից մյուսի թեման վերաբերում էր կրթությանը և գիտությանը: Քննարկման բանախոսներն էին իսպանահայ աստղաֆիզիկոս, գիտնական, Սթարմուս փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Էպիկ» կենտրոնի ղեկավար Մայքլ Քուչակճեանը, «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Փարիզի տնտեսագիտության, վիճակագրության և ֆինանսների բարձրագույն դպրոցի («ENSAE») տնտեսագիտության և վիճակագրության հետազոտությունների կենտրոնի («CREST») տնօրեն Առնակ Դալալյանը և Լիբանանի Հայկազյան համալսարանի ուսանողական գրասենյակի տնօրեն Ռազմիկ Գաբրիէլեանը:

Քննարկման մոդեռատորն էր Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի «The Promise Armenian Institute»-ի փոխնախագահ Հասմիկ Բաղդասարյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և սփյուռքի գիտական և կրթական ներուժի համախմբմանը և զարգացմանը վերաբերող հարցեր:

Ազգային երիտասարդական համաժողովի առաջին օրվա գլխավոր բանախոսն էր իսպանահայ աստղաֆիզիկոս, գիտնական, Սթարմուս փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը:

Համաժողովի առաջին պանելային քննարկումը վերաբերում էր երիտասարդների ներգրավվածության մոդելներին հայրենիքում և սփյուռքում: Նիստի բանախոսներն էին ԱՄՆ համահայկական ուսանողական ասոցիացիայի նախագահ Մհեր Հարությունյանը, Հայ բարեգործական ընդհանուր միության սփյուռքի երիտասարդության ծրագրերի ղեկավար Գայանե Մանուկյանը, Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիաիցիայի հիմնադիր և ղեկավար Արշակ Հովհաննիսյանը, «Հաբ Արցախ» ՀԿ-ի գործադիր տնօրեն և «Sunrise Stepanakert» արվեստի փառատոնի ղեկավար Շուշան Քեշիշյանը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Երիցյանը: Նիստի մոդեռատորն էր Armenian Volunteer Corps-ի գործադիր տնօրեն Արինա Զոհրաբյանը:

Բանախոսները քննարկել են երիտասարդական կազմակերպությունների աշխատանքին, հաջողության բանաձևերին, երիտասարդների ներառականությանը և խրախուսամանը, տարբեր համայնքներում առկա մեխանիզմներին առնչվող հարցեր:

Ազգային երիտասարդական համաժողովը շարունակվում է «Մակերեսից ներքև. ներդնելով մեր էներգիան և համաշխարհային փորձը հայրենիքի համար» խորագրի ներքո TEDx ձևաչափով, որի թեմաներն էին Հայաստանի և սփյուռքի տեխնոներուժը, հայկական բրենդի ստեղծումը, հայրենիքի շահերի պաշտպանությունը, ՀՀ պետական համակարգում սփյուռքի ներկայացվածությունը, կիբեռանվտանգությունը և հասարակական հատվածում սոցիալական ձեռներեցության կարևորությունը:

Թեմաների շրջանակներում ելույթներ ունեցան Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանը, Հայաստանի զբոսաշրջության կոնիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, միջազգային փաստաբան Գառնիկ Քերքոնյանը, «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը և «ռեԱրմենիա» հարթակի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը:

Ազգային երիտասարդական համաժողովի առաջին օրը շարունակվել է համաժամանակյա նիստերի ձևաչափով: Մարդու իրավունքների և հայկական շահերի պաշտպանության թեմայով քննարկմանը մասնակցել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մարի Մանուկյանը և Միջազգային քրեական դատարանի իրավաբան, Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտ Անուշ Բաղդասարյանը: Նիստը մոդեռատորն էր հեռուստալրագրող, Հանրային հեռուստաընկերության հարցազրուցավար Աստղիկ Սարգսյանը:

Քննարկման թեմաները վերաբերում էին միջազգային հարթակներում հայկական շահերի և իրավունքների պաշտպանությանը և այդ գործընթացներում սփյուռքի ներգրավվածության ձևաչափերին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում