Պրահայում նախատեսվում է տեղադրել Աթաթուրքի արձանը

  • 27.07.2023
  • 0
  • 443 Views

ՕՐԵՐ-ի ստացած ոչ պաշտոնական, սակայն արժանահավատ լուրերի համաձայն Պրահա 6-ի թաղապետարանը դեռևս հունվար ամսին կայացած հանդիպում-բանակցությունների ընթացքում Աթաթուրքի՝ Մուսթաֆա Քեմալի արձանը տեղադրելու համաձայնություն է տվել։ Հանդիպումը կայացել է թաղապետ Յակուբ Ստարկայի, փոխթաղապետ Վացլավ Կոժենիի և Չեխիայի Հանրապետությունում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղիշի միջև։ Այս կերպ կողմերը նպատակ ունեն նշելու Թուրքիայի հանրապետության հռչակման 100-ամյակը, ինչպես նաև սերտացնելու կապերը Պրահա 6 թաղամասի և հին հունական ու բյուզանդական, ներկայումս թուրքական Մուրատփաշա քաղաքի միջև, որ ներկայումս Անտալիայի մաս է դարձել։

Մեկուկես մետր բարձրությամբ պատվանդանին մոտ երեք մետր բարձրությամբ արձանը նախատեսվում է տեղադրել Անկարսկա և Նա Վետերնիկու փողոցների հարակից այգում։ Հետաքրքիր է, ի՞նչ կարծիք ունեն Պետրինի թաղամասի այս շրջանում բնակվող քաղաքացիները և մերձակա Բրեվնովսկի վանական համալիրի սպասավորները։ Ավելի ճիշտ է հարցը ձևակերպել՝ արդյո՞ք նրանք տեղյակ են խիստ գաղտնիության պայմաններում պահվող ծրագիր-անակնկալից։

Ամեն դեպքում, Լոզանի պայմանագրով պատերազմական հանցագործ Մուսթաֆա Քեմալի մաքրագործված կենսագրությունը պետք է որ անհաղթահարելի արգելք հանդիսանա ժողովրդավարական Չեխիայի հանրապետությունում նրա արձանը տեղադրելուն, այլապես միշտ կհայտնվի մեկը, որ պարբերաբար նրա արձանի վրա կկախի՝ «Այո, ես մեղավոր եմ մարդկության դեմ կատարած հանցանքների համար» գրությունը, ինչպես դա եղավ Վաշինգտոնում։ Հայերի, հույների և ասորիների համակարգված ցեղասպանության մեջ մեղադրվող, առաջին համաշխարհայինում պատերազմական հանցագործությունների համար ռազմական դատարանի կողմից հեռակա կարգով մահվան դատապարված անձը չի կարող արձան ունենալ Պրահայում, որքան էլ նրա անունը լվացնելու տասնամյակների աշխատանք կատարված լինի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում