
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունումը:
2023 թվականի հուլիսի 4-ին մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմ հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություն:
Միջոցառման շրջանակներում հանձնաժողովի որոշմամբ գաղափարի փուլում գտնվող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմ կստանա համապատասխանաբար 15, 10, 5 մլն ՀՀ դրամ, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմ՝ համապատասխանաբար 30, 20, 10 մլն ՀՀ դրամ աջակցություն:
Թիմերին հնարավորություն կտրվի ընդլայնել համագործակցային ցանցը, փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրներից հրավիրված թիմերի հետ շփվելու հնարավորություն:
Ստարտափը կարող է մասնակցել «Ներուժ» ծրագրին, եթե՝
• ունի նախապես ձևավորված թիմ,
• հիմնադիրը (կամ առնվազն համահիմնադիրների 50%-ը)
1. ունի/ունեն հայկական ծագում,
2. չի/չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի (բացառությամբ երկքաղաքացիների),
3. վերջին 12 ամիսների ընթացքում չի/չեն բնակվել ՀՀ-ում կամ հայրենադարձվել է/են վերջին 6 ամիսների ընթացքում,
• գտնվում է գաղափարի կամ պրոդուկտի մակարդակում,
• գործում է կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում,
• հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ստացել դրամաշնորհ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից,
• հիմնադիրը (համահիմնադիրները) ցանկանում է (են) Հայաստանում հիմնել և գրանցել ստարտափ և բնակվել այստեղ առնվազն 1 տարի:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով և գրանցել տվյալները: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ. օգոստոսի 3-ը՝ մինչև 18:00-ն:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կարող է մասնակցել առավելագույնը 2 ներկայացուցիչ:
ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅՑԵԼԵ՛Ք www.neruzh.am