Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ. ՄԱԿ-Ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեսպանը կոչ է արել կանխել հումանիտար աղետը

  • 06.07.2023
  • 0
  • 326 Views

Հուլիսի 5-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության նախագահության ներքո տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որում ելույթներով հանդես են եկել Զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի խախտումով Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար՝ անհնար դարձնելով դպրոցների ու նախակրթարանների գործունեությունը, առողջապահական ծառայությունների մատուցումը և առաջացնելով սննդի, դեղորայքի ու այլ կենսական ապրանքների խիստ կարիք։

Դեսպան Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչության կարիքների համապարփակ գնահատումը` շեշտելով, որ Լաչինի միջանցքի արգելափակումը և շուրջ 30 հազար երեխաների ու նրանց ընտանիքների շրջափակումը վերջիններիս իրավունքների ծանր խախտում է և կոչ անելով, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում ապրող երեխաների կյանքի պայմանների հետագա վատթարացումը կանխելու նպատակով։

Ընդգծվել է, որ ՄԱԿ-ը, իր Հումանիտար հարցերով գրասենյակը, Երեխաների ու զինված հակամարտությունների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը և Անվտանգության խորհուրդը երեխաների իրավունքների կոպիտ խախտումները կանխելու ու երեխաների ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու պատասխանատվություն են կրում ամենուր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում