Հունիսի 29։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հերթական հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու էթնիկ զտումներ իրականացնելու փորձի մասին։
Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչությունը։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր։
«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, միջանցքում բետոնե պատնեշների տեղադրումը, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, ատելության խոսքի և սպառնալիքների միջոցով ԼՂ խաղաղ բնակչության ահաբեկումը միանգամայն վկայում են, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,– ասել է նա։
Դեսպան Արման Խաչատրյանը նախարարների կոմիտեին է ներկայացրել նաև հունիսի 22-ին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» ԵԽԽՎ բանաձևը, որով վեհաժողովն ահազանգում է, որ, ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված լինի լքել իրենց տներն ու համայնքները։
Նա ընդգծել է, որ վեհաժողովը կոչ է անում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև վեհաժողովը պահանջում է հնարավորինս արագ կազմակերպել Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն։
Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացումը քաղաքական որոշում է պահանջում. ԵՄ
«Հորդորում եմ նախարարների կոմիտեին ձեռնարկել հստակ քայլեր՝ ԵԽԽՎ խորհրդատվությամբ բարձրացված խնդիրները հասցեագրելու և Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների կանխամտածված այս ճգնաժամին արձագանքելու համար»,– ասել է Արման Խաչատրյանը:
ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսի և Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։ Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է ԵԽԽՎ և Մարդու իրավունքների հանձնակատարի ներգրավվածության կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների և հումանիտար ճգնաժամի հասցեագրման հարցում։