Արի Կևորկ Դեմիրճօղլու. «Պետք է աշխարհի սփյուռքահայերից կազմված խորհրդարան ստեղծել»

  • 28.06.2023
  • 0
  • 458 Views

Թուրքիայից «Ապագա Հայկականը» համաժողովի մասնակից, վիճակագրական ընկերության աշխատակից Արի Կևորկ Դեմիրճօղլուն պատասխանում է   ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին

-Ապագա Հայկական ասելով ի՞նչ եք հասկանում, ի՞նչն է ոգեշնչել Ձեզ այս նախագծում։

– Ինձ ավելի շատ ոգեշնչեց, որ Թուրքիայից մեկն էլ անպայման պետք է մասնակից լինի, մի աղջիկ էլ կար։  Ես ուզում էի ինչ-որ ձևով մասնակցել, ու երբ համաժողովի հայտարարությունը եղավ, գրանցվեցի և շահեցի մասնակցությունը։ Շատ մեծ կարևորություն եմ տալիս թուրքահայի մասնակցությանը նման համաժողովին, որովհետև շատ անգամ, երբ խոսում են սփյուռքի մասին, մեր մասին մոռանում են խոսել։ Թուրքահայերս շատ անգամ չենք համարվում սփյուռքահայ, և նրանք, ովքեր ինձ ասում են սփյուռքահայ, ես իրականում չեմ ուզում այդպես ասեն, քանի որ սփյուռք չեմ։ Մենք ամենաքիչը 4000 տարի շարունակ ապրում ենք մեր պատմական հողում՝ Հայկական բարձրավանդակում և Կ.Պոլսում։ Այնպես որ, միշտ կուզեմ, որ նման համաժողովներում Թուրքիայից մեկը լինի և իր ձայնը բարձրացնի ոչ որպես հայաստանցի կամ սփյուռքահայ։

– Քննարկված թեմաներից ո՞ր խնդիրն էր Ձեզ ավելի հուզում։

– Իրականում այդ բոլոր հարցերը, որոնք քննարկվեցին, միմյանց հետ կապված են, և չես կարող առանձնացնել։ Եթե չունես լավ պետականություն, այդ դեպքում չես կարող ունենալ նորմալ  ժողովրդագրական աճ։ Արդեն իսկ հրապարակված թվերից գիտենք, որ արտագաղթը շատ ծավալուն է։ Նաև եթե ներգաղթ չունենաս, չես կարող հզոր Հայաստան և հզոր Արցախ ստեղծել։ Այս ամենն իրար հետ փոխկապակցված են։ Երբ ինձ ուղարկեցին 15 նպատակները, որպեսզի առաջին հինգ կարևորները ընտրենք, իմ ընտրածների մեջ չկար պատմական պատասխանատվությունը։ Ես ընտրել էի կրթության գերազանցությունը, քանի որ որքան կրթված մարդ ունենաս, այնքան քո մակարդակը պետք է բարձրանա, և դրա շնորհիվ ավելի լավ պետականություն պետք է ունենաս, ներգաղթ ունենաս և այլն, և այլն։ Իհարկե, ամենակարևորն իմ կարծիքով կրթությունն է Հայաստանի համար։ Բայց քննարկված երեք թեմաների մեջ Հայաստան-Սփյուռք միասնականության ձեւավորումը շատ կարևոր է, որովհետև շատ մեծ ռեսուրս ունենք սփյուռքի մեջ, և դա ինչ-որ ձևով պետք է բերենք Հայաստան։ Խոսքս ֆինանսականի մասին չէ, դա ամենադյուրինն է։ Մարդկանց կարող ես համոզել ներդրումներ բերել, բայց միասին գործակցելու ուժը, միասին ծրագրելու ուժը, ես որքան հասկացա, սփյուռքում ավելի ուժեղ է, քան Հայաստանում։

– Իսկ ի՞նչ կարծիքի եք այն թեզի մասին, որ սփյուռքը ոչ թե պետք է մտածի Հայաստանի, այլ նախևառաջ սփյուռքի ուժեղացման մասին, քանի որ սփյուռքն էլ գտնվում է մարտահրավերների և ուծացման վտանգի առջև։

– Անշուշտ, սփյուռքն էլ պետք է ավելի ուժեղ լինի, բայց  մենք միայն մեկ Հայրենիք ունենք, ուրիշը չունենք, և ամեն մարդ պետք է մտածի այս Հայրենիքի մասին, և թե ինչ օգուտ կարող են տալ Հայրենիքին։ Սա շատ կարևոր է։ Այս երեք օրերի քննարկումներին առաջարկեցի, որ պետք է անպայման աշխարհի սփյուռքահայերից կազմված խորհրդարան ստեղծվի, ամեն մի համայնք պետք է մի ներկայացուցիչ ունենա, քանի որ ինչպես ասացիք, սփյուռքն արդեն իսկ իր մեջ բաժիններ ունի։ Կան Էջմիածնական և Կիլիկիո թեմեր, համայնքներ, ամեն մի համայնքից մի ներկայացուցիչ գա, և այդ խորհրդարանն այս մտքերը ի մի բերի և ներկայանա մի գաղափարով։ Իհարկե, բոլոր հարցերի շուրջ չենք կարող համաձայնության գալ, բայց գոնե կարող ենք իրար լսել և քննարկել։ Կարող են հարցեր լինել, որ չհամաձայնենք, մյուսի շուրջ՝ համաձայնենք։ Այդպիսով շատ խնդիրներ կլուծվեն, նաև ներդրումների առումով։

Պետք է այդ խորհրդարանի մի ներկայացուցիչ Հայաստանում ապրի և Հայաստանի խորհրդարանի մեջ իբրև սփյուռքի ներկայացուցիչ մասնակցի նիստերին։

– Խորհրդարանի մասին տարիներ շարունակ շատ է խոսվել։ Այդ հարցում նրբություններ կան, թե համայնքների ներկայացուցիչներն ինչպես պետք է ընտրվեն, քանի որ տարբեր կազմակերպություններ ու կուսակցություններ կան, ամեն մեկն ուզում է իր ներկայացուցիչն ունենալ, և այդ իմաստով շատ դժվար է որոշել։ Դա նոր տարանջատման առիթ կլինի։ Ավելի իրատեսական կլինի խորհրդատվական կարգավիճակ ունեցող կառույց լինի, որտեղ տարբեր համայնքներից մասնագետներ աշխատեն տարբեր աշխարհամասերից, որպեսզի այդ մարդիկ անմիջական կապի մեջ լինեն իրենց համայնքների հետ։ Եվ ոչ թե միայն դեպի Հայաստան ծրագրերի մասին մտածեն, այլ թե ինչի կարիք ունի նաև սփյուռքը։ Ասենք  ուսուցիչների համակարգված վերապատրաստման դասընթացներ անցկացվեն, երիտասարդների աջակցության ծրագրեր և այլն։

– Ես էլ առաջարկել էի մի ուսումնական պլան ուղարկվի սփյուռք, որ դրանով բոլորն առաջնորդվեն, որ հետո երբ երկու ամսով գալիս են Հայաստանում սովորելու, արդյունք տա, այլապես տարբեր ծրագրերով են սովորում, և Հայաստանում երկու ամիս սովորելը ոչ մի լուրջ օգուտ չի տալիս։

-Դա կարող է լինել ամենօրյա դպրոցի պարագայում։ Մեկօրյա դպրոցների համար դա դժվար է, քանի որ արևելահայերեն ու արևմտահայերեն կրթության խնդիր կա։ Ինչևէ, վերադառնալով համաժողովին, ի՞նչ կարծիք ունեք, այստեղ հնչած գաղափարներն ինչպե՞ս կարելի է հասցնել պոլսահայությանը, ո՞րն եք համարում գլխավոր մարտահրավերը։

– Մեզ համար էլ բնակչության աճը գլխավոր խնդիրներից մեկն է։ Որովհետև հինգ ամուսնությունից երեքը խառն ամուսնություն է, թե թուրքերի հետ են ամուսնանում, թե այլ ազգերի, իսկ դա կհանգեցնի նրան, որ աստիճանաբար կձուլվենք։ Նաև կրթության հարցը կա։ 16  ամենօրյա դպրոց ունենք։ Ըստ պետության տվյալների 100 հազար ենք, բայց ինձ թվում է 45 հազար ենք մնացել։ Այդ 16 դպրոցում ընդամենը 3000 աշակերտ ունենք։ Դպրոցների համար դա շատ քիչ է, պետք է բազմապատկել։ Շատ խառը ամուսնություններով ընտանիքներ այլ դպրոցներ են ուղարկում իրենց երեխաներին։ Մի մասն էլ հեռանում  են երկրից՝ զավակներին լավ կրթություն տալու պատճառով։ Շատ են մեկնում Ամերիկա, Կանադա, Արևմտյան երկրներ, ֆրանսիա։ Մարդիկ իրենց ապագան չեն կապում Թուրքիայի հետ։ Հիմնական խնդիրներին գումարվում են նաև ամբողջ Թուրքիայի խնդիրները։ Բայց ես հույս ունեմ՝ ավելի լավ կլինի։ Առանց հույսի անհնար է ապրել։ Իմ աղջիկը 15 տարեկան է, արդեն ուզում է Անգլիայում ուսանել, մինչ այդ Դիլիջանում է ցանկանում սովորել։

-Ի՞նչ եք կարծում, երիտասարդության համար ի՞նչ ծրագրեր են պետք սփյուռքում, որ հայկական հարցերով հետաքրքրվեն։ Շատերը հին կառույցների աշխատանքին չեն մասնակցում։

– Դժբախտաբար, մեզ մոտ էլ շատ քիչ են հետաքրքրված։ Վերջերս մենք համայնքային կառույցների ընտրություններ ունեինք, և մասնակիցները 55 տարեկանից բարձր էին, և շատ քիչ երիտասարդներ էին մասնակցում։ 5500 մասնակիցներից միայն 150 հոգին էին 18-25 տարեկան։ Դա էլ մեզ համար մեծ խնդիր է, քանի որ երիտասարդներն կարծում են, որ իրենց ձայնը չեն լսում այս ընտրություններում, անտարբերություն կա նաև այլ պատճառներով։

Մեզ համար իրոք, մեծ խնդիր է, թե ինչպես կարելի է իրենց ոգևորել։ Իրենց պետք է շահագրգռենք։ Նոր սերունդը հուզական բաներով չի առաջնորդվում, իր ներքին շահը կարող է գտնել, բայց դա պետք է ցույց տանք իրեն։ Առանց դրա չենք կարող ներգրավել իրենց։ Դրանք կարող են լինել կրթական կամ ֆինանսական շահեր, կրթաթոշակների տրամադրում և այլն։

-Թուրքիայի հայ համայնքն ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական բանակցություններին։ Ինչպիսի՞ անդրադարձ այն ունի համայնքում։

-Իհարկե, ունի։ Հայերն այն կարծիքն ունեն, որ այս խնդիրը պետք է արագ  մի լուծում գտնի։ Քանի դեռ լուծված չէ, մեր վրա ճնշումը մեծ է։

Իմ  շփման շրջանակը բավական լայն է, շատ ակնկալիքով են սպասում, որ լավ ձևով կլուծվի այս խնդիրը։ Իմ կարծիքն է, պետք է խոսել իրար հետ։ Մենք  շատ հարցերում նման ենք միմյանց, մեր խոհանոցով, մեր հետաքրքրություններով, մեր մշակույթով։ Այսինքն, շատ բաներում մոտիկ ենք։ Ֆրանսիան ու Գերմանիան 100 տարիներով թշնամի են եղել, բայց այսօր գործակցում են։

-Մեր պարագան ուրիշ է, քանի որ թուրքերը մեր հողերի զգալի մասը բռնազավթել են և ժողովրդին բնաջնջել են։ Եթե Թուրքիայի կողմից զղջման ինչ-որ նշույլ լիներ, ինձ թվում է,  սփյուռքը՝ ոչ, բայց Հայաստանը կհամաձայներ։ Բայց զղջման որևէ նշույլ Թուրքիան մինչ օրս ցույց չի տալիս։ Շատ կարևոր է, թե այդ բանակցություններում ի՞նչ են խոսում և ի՞նչ համաձայնության են գալիս։

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Հարցազրույցը տպագրվել է ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ 2023 թվականի առաջին համարում, այս տարվա մայիս ամսին։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում