Ջուլիանա Գրիգորյանն ու Պետր Նեկորանեցը «գրավեցին» Ռուդոլֆինումը. Հայուհի Ջրահարսը շահեց չեխ հանդիսատեսի սերը  

  • 27.06.2023
  • 0
  • 743 Views

Երեկ՝ հունիսի 26-ին  Չեխիայի մայրաքաղաքի ամենանշանավոր համերգային դահլիճում՝ Ռուդոլֆինումի  Դվորժակի անվան սյունազարդ համերգասրահում  հայ-չեխական մշակութային  տոն էր։ Պլասիդո Դոմինգոյի ՕՊԵՐԱԼԻԱ համաշխարհային մրցույթի 2022-ի Առաջին մրցանակակիր եւ Մոնյուշկոյի անվան լեհական միջազգային մրցույթի Գրան Պրի  մրցանակի դափնեկիր Ջուլիանա Գրիգորյանը փայլեց իր տաղանդի ողջ հմայքով։ Երաժշտական տաղանդների բարեկամների չեխական միության հրավերով նա մասնակցեց  Գալա համերգին՝ ընկերակցությամբ չեխ երիտասարդ օպերային երգիչներ տենոր Պետր Նեկորանեցի եւ  բարիտոն Բորիս Պրիգլի։ Ողջ երեկոն հմտորեն ղեկավարեց Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Ռաստիսլավ Շտուրը։

Ծրագիրն ընտրված էր բացառիկ ճաշակով՝ Դոնիցետիի եւ Վերդիի օվերտյուրաները նվագախումբը կատարեց առանց երգիչների մասնակցության, իսկ այնուհետեւ հնչեցին Դվորժակի «Ջրահարսից» հայտնի արիաները՝ Ջուլիանայի, Պետրի եւ Բորիսի կատարմամբ, ինչը ստիպեց խստաբարո հանդիսատեսին զինաթափվել եւ վայելել եռյակի արտիստիկ ու հմայիչ ելույթները։ Բնական է, Ջուլիանան նախեւառաջ գրավեց Ջրահարսի հայտնի արիայով` Měsíčku na nebi hlubokém, որն ի դեպ նա կատարել էր երկու տարի առաջ Բռնոյում Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ, եւ որը նրան Առաջին տեղ էր ապահովել Օպերալիա մրցույթում, ու դարձել նրա հաղթանակների հավատարիմ ուղեկիցը(Այսպիսի գնահատական է տվել երգչուհին ՕՐԵՐին տված հարցազրույցում, որ լույս է տեսել մեր ամսագրի վերջին համարում։ Ի դեպ, այս հարցազրույցում երգչուհին նաեւ խոստովանում է, որ Վարշավայում տարած հաղթանակից հետո արդեն բազմաթիվ հրավերներ է ստացել, սակայն քանի որ չեխուհի կազմակերպիչ տիկին Կուներտովան առաջինն էր առաջարկել, չի մերժել)։

Նույն հաջողությունը ուղեկցեց նաեւ Պրահայում։ Ջուլիանա-Պետր զույգը ավելի խորացրեց Դվորժակի հերոսների դրաման, երբ համերգի երկրորդ բաժնում անցան Պուչինիի «Բոհեմին» եւ Վերդիի «Տրավիատային»։ Տարբեր օպերային արիաների կատարումներով հասունացող սերը վերջապես գրավեց սրահը եւ հոտնկայս հանդիսատեսը լիաթոք բրավոներով ողողեց ու քանիցս պահանջեց կրկին երգել։ Եթե տղամարդիկ ընտրեցին հայտնի օպերային արիաներ, ապա Ջուլիանան դիմելով դահլիճին ասաց, որ կկատարի հայերեն երգ՝  Կոմիտասի «Օրորը», որը մշտապես իր սրտի մեջ է։ «Օրորի» յուրահատուկ մեկնաբանությունը ակապելա կատարմամբ նույնպես ընդունվեց հիացական ծափերով ու գոչյուններով։  

Չեխ հանդիսատեսը ընդունեց հայուհի Ջրահարսին, որը փայլեց ոչ միայն իր ձայնային ու դերասանական տաղանդով, այլեւ կարողացավ դառնալ իր չեխ գործընկերների համար վստահելի խաղընկեր։ Եվ սա միայն սկիզբն է։ Համոզված ենք, որ Ջուլիանա Գրիգորյան անունը կրկին կվերադառնա Պրահայի պողոտաներում փակցված  ազդագրեր, եւ չեխ հանդիսատեսը կրկին ու կրկին կվայելի օպերային ծագող աստղի  ելույթները։

Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, անցյալ սեպտեմբերին Ռուդոլֆինումի նույն դահլիճում Ջրահարսի դերերգով չեխ հանդիսատեսին հիացրեց համաշխարհային ճանաչում ունեցող մեր սիրելի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը, եւ ահա ութ ամիս անց նույն բեմում այդ հաջողությունը կրկնեց նորահայտ աստղ Ջուլիանա Գրիգորյանը։

Համերգից հետո բնականաբար շնորհավորանքների հերթ էր, իսկ Ջուլիանան մեզ հետ նախեւառաջ կիսվեց ինքնաքննադատությամբ։ Դա լիովին բնութագրում է մեր ազնիվ հայենակցուհուն, որ չի բավարարվում իր ելույթով, քննադատաբար է մոտենում իր աշխատանքին, եւ ուզում է անընդհատ կատարելագործվել։ Իսկ դրա համար նրան տրված է լավագույն հնարավորությունը՝ պայմանագրեր աշխարհի ամենահռչակավոր Միլանի «Լա Սկալա» եւ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոններում։ Մաղթում ենք, որ նա այդ  ծանր ու պատվաբեր ճանապարհն անցնի սահուն՝ աշխատասիրության,  նոր հմտությունների ձեռք բերման ու ինքնակատարելագործման ուղիով։

Վերջում, իհարկե, պետք է նշենք, որ համերգի պաշտոնական գործընկերներից էր  Չեխիայում Հայաստանի դեսպանությունը, իսկ դեսպան Աշոտ Հովակիմյանի ողջույնի խոսքը տպագրված էր համերգային ծրագրում՝ ի նշան Հայաստանի ու Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, որի վկայություններից մեկն էլ երկու երկրներն իրար կապող սերտ մշակութային կապերն են։

Հակոբ Ասատրյան

Պրահա

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում