Ակնարկ
Իրադարձությունները տեղի են ունեցել 2022 թվականին Լեհաստանում, երբ ընտանիքով Ուկրաինայից տեղահանվեցինք Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետևանքով։ Եղանք տարբեր քաղաքներում, բազմաթիվ փորձությունների միջով անցանք, տարբեր միջադեպեր կատարվեցին։ Ինչո՞ւ որոշեցի թղթին հանձնել իրադարձությունների հենց այս պատառիկը, որովհետև այն խոր հետք թողեց հիշողությանս մեջ, հոգեհարազատ էր, տպավորիչ, մի քիչ հուզիչ, սիրով և հոգատարությամբ պարուրված, նույնիսկ հիմա ամեն հիշելուց ջերմանում է հոգիս։


Գրիգոր, ոմանց համար պարզապես Գրիշ կամ ձյաձ Գրիշ․․․ Ես հավանաբար այն եզակիներից եմ, ով նրան Վարպետ Գրիգոր է ասում։ Վարպետ Գրիգորը վաթսունն անց, միջահասակ, ջլապինդ ու թիկնեղ տղամարդ է։ Ճակատի կեսդարյա խորշոմներով, արևից խանձված մաշկով և կոշտացած ձեռքերով՝ որոնք բազմաչարչար ու ծանր աշխատանքի հետևանք են, առաջին հայացքից թողնում է շատ ջղային, կոշտուկոպիտ մարդու տպավորություն, մանավանդ անծանոթների մոտ։
Իմ պատկերացմամբ, նա ավելի շատ նման է հին ընկուզենու, որի գլխով հազար արհավիրք է անցել, սակայն բունը ամուր հողին է կպած ու նոր շիվեր է տվել, իսկ արմատները դեռ մնացել են հայրենի հողում։ Ջավախեցի է՝ Ախալցխայից, կյանքի բերումով ապրում է Լեհաստանում, ամեն անգամ հայրենիքի մասին խոսելիս աչքերը լցվում են՝ հառնում հեռու մի կետի, կարծես մտքով մանկություն է վերադառնում։

Քանդակագործ է մեր Վարպետ Գրիգորը։ Տարբեր թեմաներով մի քան հարյուրի, նույնիսկ հազարի հասնող գործեր ունի, որոնց ճշգրիտ հաշիվը նույնիսկ ինքն է կորցրել՝ սփռված են ամբողջ աշխարհով։
Առաջին անգամ հանդիպեցիք, երբ նա մի խնջույքի էր մասնակցում, դուրս եկավ սրահից կարճաթև շապիկը հագին, չնայած ցուրտ եղանակին։
– Գրիգոր, շոր հագի չմրսես,- սպասեցնել չտվեց, լսվեց սրահի ներսից, տիկին Աննան էր՝ Գրիգորի կինը, ուշադիր է ամուսնու հանդեպ, ու դա փոխադարձ է նրանց մոտ, շատ սիրով են։ Փոխանցեցին, թիկնոցի տեղ մի անձրևանոց գցեց ուսերին, երևի ավելի շատ Աննային հանգստացնելու համար։ Գինովցած էր, երբ ծանոթացանք սկսեց պատմել, թե ինքն ով է, ինչ գործեր է արել ․․․

«Հերթական գլուխգովան հայը, -մտածեցի ես, -որ սկսում է մեծ-մեծ խոսել քանի դեռ գինովցած է»։
Վերջում հրավիրեց, իր կողմից տեղադրված հուշարձանի տարելիցին նվիրված միջոցառմանը, որը պիտի տեղի ունենար մի քանի օրից։ Հետաքրքրությունս շարժեց, գնացի։
Լեհաստանի Պոլանով ավանում է գտնվում «Սուրբ լեռ» բարձունքը, որը ինչպես պարզվեց սրբավայր է։ Վարպետ Գրիգորը ընկերների հետ կարողացել էր հասնել նրան, որ բարձունքին որպես պաշտոնական երկրորդ անուն է տրվել «Փոքր Արարատ»-ը։
Բարձունքն անտառապատ է, և նեղլիկ քարքարոտ ճանապարհ է ձգվում մինչև գագաթի մատուռը։ Ճանապարհի սկզբնամասը՝ մուտքը, զարդարում է Սուրբ Մարիամ Աստվածածնի հուշաքարը՝ Վարպետ Գրիգորի կողմից փորագրած։ Իսկ գագաթին՝ մատուռի բակ մտնող մուտքի ձախ կողմում տեղադրված է «1915թ․ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը» հավերժացնող, իսկ աջ կողմում «Գրիգոր Նարեկացու» հուշարձանները, ու դարձյալ Վարպետի ձեռագիրն է՝ սեփական նախաձեռնությամբ ու սեփական միջոցներով։
Առաջին հերթին ինձ զարմացրեց ներկաների թիվը, այն անցնում էր երկուհարյուրը։ Հրավիրվածների թվում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, հյուրեր տարբեր երկրներից։ Միջոցառման արարողակարգից, հարգանքի տուրք մատուցելուց ու մոմավառությունից հետո Վարպետն իր ընտանիքի միջոցներով մեծ հյուրասիրություն էր պատրաստել բլուրի տարածքում։ Այն շարունակվեց քիչ հեռու գտնվող «Ագրոտուրիստիկա Գլուշա» հանգստյան գոտում, որը պատկանում է հայազգի լավագույն բարեկամ ու նվիրյալ պրն․ Մարեկ Մաժիկին, իսկ ուշ երեկոյան վերածվեց երիտասարդական դիսկոտեկի։ Սրահը որտեղ անցկացվում էր հսկայածավալ միջոցառումը անվանել էին «Փոքիկ Հայաստան», որի կառուցման մեջ նույնպես մեծ ավանդ ուներ Վարպետ Գրիգորը։
Հերթական անգամ զարմացա, երբ իմացա, որ միջոցառումն ամենամյա ավանդույթ է դարձել և նշվում էր արդեն 7-րդ անգամ։
Միջոցառման ժամանակ երկար զրույցի բռնվեցինք։ Սկզբում դեսից դենից, հետո պատմեց իր անցյալից, ապագա պլաններից, իսկ ներկայից մի բան ասաց, որ բոլորին էր վերաբերում ու կարծես իր կյանքի նշանաբանն է. «Հերիք լեզուներիդ տաք, գործ արեք»։ Այսինքն՝ անիմաստ խոսելու, բողոքելու, սրան նրան քննադատելու, սեփական բախտն անիծելու փոխարեն, մի բան արեք՝ սովորեք, աշխատեք ու հաստատ ճարը կգտնեք և արդյունքը կտեսնեք։
Չստացվեց նրան պիտակավորել որպես «հերթական գլուխգովան հայը», արած գործերը տասնյակ անգամներ գերազանցում էին պատմածները։ Ու հասկացա, որ Վարպետ Գրիգորը նույնիսկ շատ համեստ է խոսում, երբ գինովցած է։
Վերջին անգամ երբ հանդիպեցինք, նոր էր վերադարձել հայրենի Ախալցխայից, շատ անտրամադիր էր։ Գնացել էր փրկելու հայկական եկեղեցու վերջին մասունքը, տեղադրելով այն գյուղի աղբյուրի մոտ, իսկ կողքին կանգնեցրել էր նախօրոք պատվիրված խաչքարը, որը դուրը չէր եկել, իր նախագծածից շատ էր շեղվել վարպետը։ Չէին թողել տեղադրի, ստիպված է եղել գիշերով անել, պարզվում է Վրաստանն արգելել է հայկական կոթողների տեղադրումը իր տարածքում։ Շատ ավելի վրդովվել էր, երբ օդակայանում տեսել էր, որ դրամի փոխանակման կետում բոլոր երկրների արժույթները կան, բացի հայկականից։
Բաժանվեցինք արդեն իսկ կարոտած, հարազատացել էինք։
Իմ հուշերում նա կմնա ․․․
Իմ հուշերում նա կմնա մտազբաղ դեմքով, իր սպիտակ հին «Վոլգայի» ղեկին, կողքին տիկին Աննան՝ սիրալիր ժպիտով։
Մեսրոպ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ
(Լեհաստան, Լոդզ 2023)
ՕՐԵՐ- ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳՐՈՒՄ գրել ենք Գրիգոր Ասլանյան քանդակագործի կատարած աշխատանքների մասին՝ Լեհահայությանը նվիրված հատուկ համարում, դեռեւս 2017 թվականին։



