«300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» ժողովածուի բուլղարերեն տարբերակի շնորհանդեսները Բուլղարիայի քաղաքներում

  • 20.06.2023
  • 0
  • 594 Views

Ո՞վ չգիտի Հայկական ռադիոյի կամ Ռադիո Երևանի հայտնի անեկդոտները, որոնք կոմունիստական ​​ռեժիմի ժամանակ թնդում էին Արևելյան Եվրոպայի երկրներում։ Եվ ահա, սույն անեկդոտների ժողովածուն՝ «300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» վերնագրով, որը կազմել է մեր գործընկեր Արսեն Արզումանյանը, Ռումինիայում ունեցած հաջողություններից հետո թարգմանչուհի Վանինա Բոժիկովայի կողմից թարգմանվեց բուլղարերեն։

Մայիսի 9-ին Ռուսեի Հայկական տանը տեղի ունեցավ բուլղարերեն տարբերակի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության Ռուսեի մասնաճյուղը (նախագահ՝ Պողոս Կարժարեան): Լեփ-լեցուն դահլիճում ներկա էին ինչպես հայ համայնքի անդամներ, այնպես էլ բուլղարացիներ։ Տեղական BNT-2 հեռուստատեսությունը լուսաբանեց այդ միջոցառումը։

Հունիսի 9-11-ը շնորհանդեսներ տեղի ունեցան ևս երեք քաղաքներում՝ Պլովդիվի «Իվան Վազովի» անվան գրադարանում, Խասկովոյի Հայ համայնքի տանը և Վառնայի «Թերեզա Արտ» պատկերասրահում։ Բոլոր միջոցառումները կազմակերպել էին տեղի ՀԲԸՄ մասնաճյուղերը (նախագահներ՝ Հռիփսիմե Նուրիկյան – Պլովդիվ, Սրբուհի Տերանտոնյան – Խասկովո, Գևորգ Գրիգորյան – Վառնա)։ Շնորհանդեսներն անցան չափազանց ջերմ մթնոլորտում. հեղինակը խոսեց այս հավաքածուի ստեղծման, Ռադիո Երևանի անեկդոտների պատմության և տարածման վերաբերյալ, ներկայացրեց այդ անեկդոտների առանձնահատկությունները և դրանց հետ կապված զվարճալի պատմություններ, ինչպես նաև գրքից անեկդոտներ կարդաց։ Վերջում հեղինակը պատասխանեց ընթերցողների հարցերին և մակագրեց բոլոր ցանկացողների գրքերը։  

«300 անեկդոտ Ռադիո Երևանի հետ» հավաքածուն կարելի է գտնել Ռումինիայի և Բուլղարիայի հայտնի գրախանութներում։

Սուրեն Մուրադյանի հայկական հեքիաթների շնորհանդեսը Բրաշով քաղաքում

Մայիսի 17-ին Բրաշովի «Ջորջե Բարիցիու» մարզային գրադարանի երեխաների և երիտասարդների գերազանցության կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական հեքիաթներ Սուրեն պապիկից» գրքի առաջին շնորհանդեսը, որին ինչպես ֆիզիկապես, այնպես էլ առցանց հետևում էին ավելի քան 150 աշակերտներ Բրաշովի դպրոցներից և այլ մարզերից (համակարգող-գրադարանավար՝ Մելանյա Բուտնարիու): Գիրքը ներկայացրեց հեղինակի թոռը՝ Արսեն Արզումանյանը, որը նախաձեռնել էր իր պապի՝ Սուրեն Մուրադյանի մի քանի հայտնի հեքիաթների թարգմանությունը։ Հրաշալի մթնոլորտում երեխաներն ունկնդրեցին գրքից երկու հեքիաթ և ստորագրություններ ստացան հեղինակի թոռան կողմից։

Հայտնի հայ գրող Սուրեն Մուրադյանի հեքիաթները լայն տարածում ունեն Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Հայկական շնչով այս անուշաբույր պատմությունների հերոսները շատ տարբեր են՝ մարդկանցից մինչև կենդանիներ ու թռչուններ, որոնք երեխաներին տեղափոխում են հեքիաթների աշխարհ։

Ընթերցողները կճանապարհորդեն աշխարհի ամենափոքրիկ թագուհու հետ, կիմանան Մեղրագետի պատմությունը, հովվի և նրա ագահ կնոջ ճակատագիրը, արդարամիտ թագավորի հնարամիտ որոշումը, կզվարճանան վարպետ փայտփորիկի, խորամանկ աղվեսի արկածներով, և վերջապես կպարզեն, թե ինչպես թռչունները թագավոր ընտրեցին:

«Չիկ Դամադյան» ծաղրանկարների և էպիգրամների փառատոնի 3-րդ թողարկումը Բոտոշան քաղաքում

Բոտոշանի մարզային թանգարանը 2023թ․ մայիսի 25-ից հունիսի 15-ը հյուրընկալեց ծաղրանկարների և էպիգրամների «Չիկ Դամադյան» փառատոնի 3-րդ թողարկումը, որը կազմակերպել էր Ռումինիայի հայոց միության Բոտոշանի մասնաճյուղը (նախագահ՝ Կրիստիան Լազարովիչ)։

Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը կրում էր «Հայերը՝ Արարատից Կարպատներ…» խորագիրը։ Փառատոնի անցկացումը յուրատեսակ հարգանքի տուրք էր հայազգի մեծ գրաֆիկ նկարիչ և ծաղրանկարիչ Խաչիկ («Չիկ») Դամադյանին: Միջազգային բնույթ ստացած մրցույթին ներկայացվեցին Հայաստանի, Բուլղարիայի, Չինաստանի, Կուբայի, Իրանի, Մակեդոնիայի, Մեքսիկայի, Չեռնոգորիայի, Պաղեստինի, Պերուի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Սիրիայի, Թաիլանդի, Ուկրաինայի և Ուրուգվայի ծաղրանկարիչների ստեղծագործությունները:

Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 27-ին Արվեստի հավաքածուների պատկերասրահում՝ ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանի և բազմաթիվ այցելուների ներկայությամբ։ Միջոցառումը վարում էր թանգարանագետ Անա Կոշերեանուն։

Էպիգրամների անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Գեորգե Բալիչը (Մոլդովա), 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին ռումինացիներ Ջորջե Էֆտիմիեն (Բուզըու) և Կոնստանտին Մոլդովանը (Սուչավա)։

Ծաղրանկարների անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Տոսկանո Վալտերը (Պերու), 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին ռումինացի Լեոնտե Նըստասեն և սերբ Տովիրակ Ժորանը, հատուկ դիպլոմի արժանացավ իրանցի Բասիրե Հասանի Շարիաթ Փանահին։

Միջոցառումն ավարտվեց Կոստել Պըտրըշկանի ծաղրանկարների շոուով և հումորային ծրագրով։

Երեխաների պաշտպանության օրը Բակըու քաղաքում նշվեց հայկական հեքիաթներով և «Տիգրան Պետրոսյանի» անվան շախմատի մրցույթով

Հունիսի 3-4-ը Ռումինիայի հայոց միության Բակըուի մասնաճյուղը (նախագահ՝ Վասիլե Հակոբ) նշեց Երեխաների պաշտպանության օրը՝ կազմակերպելով երկու շատ գեղեցիկ միջոցառում։ Նախ՝ հունիսի 3-ին, մասնաճյուղի գրասենյակում տեղի ունեցավ հայ ժամանակակից հայտնի մանկագիր Սուրեն Մուրադյանի (1930-2020 թթ.) հեքիաթների ռումիներեն թարգմանված՝ «Հայկական հեքիաթներ Սուրեն պապիկից» գրքի շնորհանդեսը։ Այս գրքի թարգմանության և հրատարակման պատմությունը ներկայացրեց հեղինակի թոռը՝ Արսեն Արզումանյանը, որը միջոցառման ավարտին մակագրեց երեխաների գրքերը։ Միջոցառումը վարում էր Գաբրիելա-Իրինա Բենկեան, հատուկ հյուրերն էին Էլենա-Կրիստինա Ստոյկան և Անջելա Սիպոշը, որոնք հիացրին հանդիսատեսին մի քանի երգերի կատարմամբ, իսկ Բակովիայի քաղաքային թատրոնի դերասան Վալենտին Բրանիշտեն կարդաց գրքի հեքիաթներից մեկը։

Հունիսի 4-ին նույն վայրում տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի գավաթի 2-րդ թողարկումը, որը կազմակերպվել էր Ռումինիայի Հյուսիս-Արևելյան տարածաշրջանային շախմատային մարզական ակումբի հետ համատեղ (նախագահ՝ Կոստիկը Լուպուշորու): Մասնակցեցին մինչև 14 տարեկան 63 երեխաներ և պատանիներ Բակըուի, Ադժուդի և Պիատրա Նյամցի շախմատային ակումբներից: Շվեյցարական համակարգով անցկացվեց հինգ տուր հինգ անվանակարգերի համար՝ տղաների համար չորս տարիքային և աղջիկների համար մեկ ընդհանուր։

Միջոցառմանը ներկա էր Բակըուի քաղաքապետ Լուչիան Ստանչու-Վիզիտեուն, որը հանձնեց մրցանակները։

«Տիգրան Պետրոսյանի» գավաթը բոլոր հնարավորություններն ունի դառնալու երեխաների շախմատի կարևորագույն մրցաշարերից մեկը և ոչ միայն Բակըու քաղաքում։ Ուրախալի փաստ է, որ Ռումինիայի հայ համայնքներում ներկայացվում են համաշխարհային հայ դեմքերը, և պատահական չէ, որ այս մրցաշարը կրում է շախմատի հայ մեծ վարպետ, 1963-1969 թթ․ աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։

«Նոր կյանք» ամսագիր, Բուխարեստ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում