«Ադրբեջանը մի կողմից հետաձգում է, մյուս կողմից՝ շտապում». Շահան Գանտահարյան

  • 19.06.2023
  • 0
  • 328 Views

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

– ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է երեկ Հակարիի կամրջի մոտ հայ-ադրբեջանական միջադեպին՝ շեշտելով, որ մտահոգված են ստեղծված իրավիճակով։ Միայն մտահոգություններ հայտնելով՝ ի՞նչ է ակնկալում Միացյալ Նահանգները կողմերից։

– Վաշինգտոնի կողմից միջադեպերի առիթով մտահոգությունների բարձրաձայնումը նպատակ ունի ընդգծել, որ ռուս խաղաղապահությունը արդյունավետ չի աշխատում, հետևապես՝ անհրաժեշտություն կա միջազգային նոր գործիքակազմի։ ԱՄՆ հայտարարությունները պետք է դիտարկել միջնորդական հակամարտության շրջածիրում։

– Ինչպե՞ս եք մեկնաբանում ռուսական «Риа Новости»-ի տեղեկությունը, թե ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում էլ սպառնում հակաահաբեկչական գործողությամբ։ 

– Ռուսական լրատվամիջոցի հրապարակումը կընկալվի իբրև Մոսկվայի պաշտոնական հայտարարություն։ Չմոռանանք, որ հրապարակումը հենվել է ԱԳՆ աղբյուրների վրա։ Ուշագրավ է, որ ճնշումն ուղղված է մեկ կողմին։ Դա նշանակում է, որ Բաքուն ամերիկյան առաջարկին իր համաձայնությունը տվել է, այն է՝ բանակցել Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով։ Ստեփանակերտը չի մեկնաբանել լրատվությունը։ Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը վերընդգծել է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը և դրանում իր ունենալիք ներդրումը։ Այս նախադրյալները խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ն առաջադրում է բանակցային նոր գործընթաց՝ իր միջնորդությամբ։ Որքան մոտենա ռուս խաղաղապահ առաքելության ժամկետի ավարտը, այնքան կինտենսիվանան բանակցային նոր ձևաչափ, նոր երաշխիքներ ներդնելու մասին հայտարարությունները։ Գուցե նաև՝ որոշակի քայլերը։

– Նման տեղեկություններով ի՞նչ հարց է փորձում լուծել Ռուսաստանը։

– Ռուսաստանը նման տեղեկություն հրապարակելով փորձում է կանխարգելել ամերիկյան միջնորդությամբ նոր գործընթացի մեկնարկը՝ շեշտելով, որ սպառնալիքներով չի կարելի խաղաղություն առաջադրել, առավել ևս՝ միջնորդել ու երաշխավորել։

– Ադրբեջանը վերսկսել է սադրանքները։ Լայնամասշտաբ գործողությունների հավանականություն կա՞, ինչի մասին նաև Հայաստանի ԱԳՆ-ն է ահազանգել։

– Ադրբեջանի մոտ տեսանելի է անհանգիստ շտապողականություն։ Մի կողմից ձգում է վաշինգտոնյան հանդիպումը, մյուս կողմից՝ շտապում իր կանոներով համաձայնություններ գրանցելու։ Էրդողանի առողջական վիճակը, ներթուրքական հասարակության երկփեղկվածությունը և զարգացող ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդակներ են Անկարայի արտաքին քաղաքականության փոփոխությունների։ ԱՄՆ-ից կախյալության նոր միտումներ են նկատվում։ Ֆինլանդիայից հետո Շվեդիան, ՆԱՏՕ-ի անդամակցության առումով, այդ ցուցիչներից կարող է լինել․ Թուրքիան նախկին բացարձակ մոտեցումը չունի այս հարցի կապակցությամբ։

Հայկ Մագոյան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում