ԹՈՒՄՈՆ միավորվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հետ՝ լուծելու նորագույն տեխնոլոգիաների մեջ հայոց լեզվի կիրառման հետ կապված խնդիրները:
Վերջին երկու օրվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ոլորտի փորձագետները հավաքվել էին Թումո Երևանում՝ ուսումնասիրելու ամենահեռանկարային գաղափարներն ու նախաձեռնությունները և քննարկելու օրվա առանցքային հարցերը:
Որո՞նք են այն հիմնական գործիքները, որ անհրաժեշտ են հայերենը տեխնոլոգիական առաջատար դիրքեր դուրս բերելու համար: Ի՞նչ հնարավորություններ և ռիսկեր կարող են բերել արհեստական բանականության վերջին զարգացումները: Ինչպե՞ս կարող ենք երաշխավորել հայերենի` լեզվական մեծ մոդելներում և արհեստական բանականությամբ գեներացնող այլ գործիքներում ներդնումը:
Այս նախաձեռնության հիմքում յոթ տարի առաջ Գյուլբենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ Թումոյում անցկացված «Հայոց լեզվի առաջխաղացումը տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նոր միջոցների միջոցով» խորագրով դասընթացի արդյունքներն են:
Գործողությունների պլանը, որը կկիրառվի այս աշխատանքային հանդիպման արդյունքում, հետևյալն է. հայերեն թվային տվյալների էքսպոնենցիալ աճող (ամենախոշոր) կորպուսի ստեղծում, այդ տվյալների հավաքագրում` դրանք դարձնելու բաց և հասանելի բոլորին, և աշխատանքային խմբի ձևավորում՝ վերահսկելու և կատարելու գործողություններ նշված երկու նպատակներին հասնելու համար։ Մոտ ապագայում կարելի է զգալի առաջխաղացում ակնկալել:
orer.eu