Գուցե վերջի՞ն պատեհություն. Հակոբ Ավետիքյանի խմբագրականը ԱԶԳ-ում

  • 07.06.2023
  • 0
  • 270 Views

Վերջին շաբաթներին ի հակակշիռ եւ ի փոխարինումն գործող իշխանության, քաղաքական պայքարի ասպարեզ են դուրս եկել մի քանի նոր շարժումներ: Դրանցից մեկը եթե «Համախմբումն» է, որը ձեւավորվել էր համեմատաբար ավելի վաղ, մյուսը ծնունդ առավ հենց վերջին օրերին՝ «Մայր Հայաստան» անունով: Կան նաեւ դեռեւս սաղմնավորման ընթացքում գտնվող խմբեր, որոնք ուշ կամ շուտ կարող են միանալ վերոհիշյալ շարժումներին եւ կամ… կորսվել իրենց որոնումների բավիղում:

Բնավ պատահական չէ նման խմբերի կամ շարժումների ծնունդը. քաղաքական կյանքը չի հանդուրժում տորիչելիական կամ այլ կարգի դատարկությունները: Դրանց ծնունդը պայմանավորված է հիմնականուսմ երկու հանգամանքով: Առաջին՝ մեր զույգ պետականությունների վերահաս կորստի սպառնալիքով, եւ երկրորդ՝ առկա կամ «տիտղոսակիր» ընդդիմության անարդյունավետ գործունեությամբ: Անարդյունավետ, ավելի ճիշտ՝ հակաարդյունավետ գործունեություն, որը սկիզբ էր առել կործանարար պատերազմին հաջորդած խորհրդարանական ընտրություններին, երբ հանրապետության 2-րդ ու 3-րդ նախագահների գլխավորությամբ եւ նրանց շուրջ ձեւավորված ընդդիմադիրները որոշեցին մասնակցել՝ ժամանակին իմ բանաձեւած «մեղսակցային ընտրություններին»: Դժբախտաբար այդ բնորոշումը ճիշտ դուրս եկավ, եւ ամրապնդվեց Նիկոլ Փաշինյանի կործանարար իշխանությունը, զարմանք, արհամարհանք եւ խղճահարություն պատճառելով հավասարապես մեր բոլոր բարեկամներին ու թշնամիներին: Ավելի սարսափելին՝ ամորֆ բազմության վերածելով մեր ազգաբնակչության լայն հատվածներին:

Անշուշտ, հետնյալ թվով տարբեր բացատրություններ եղան ընդդիմության այդ ճակատագրական սխալը արդարացնելու, սակայն փաստը մնում է փաստ, որ անցնող երկուսուկես տարիների ընթացքում նույն ընդդիմությանը չհաջողվեց խորհրդարանում եւ հրապարակներում հեղաշրջող ուժ դառնալ եւ կասեցնել պետության գահավիժումը: Ավելին՝ «տիտղոսակիր» ընդդիմությունը երկուսուկես տարի զբաղեցրեց այն դիրքերը, որոնք կարող էին զբաղեցվել այլ՝ ավելի արդյունավետ աշխատող ուժերի կողմից: Եվ հենց դա՛ էր գլխավոր պատճառը, որ գործող ընդդիմության հասցեին առայսօր հնչում է մեղադրանքը, թե 2-րդ ու 3-րդ նախագահները վճռական գործողություններ ձեռնարկելու համար սպասում են դրսի աջակցության, կանաչ լույսին: Լույս՝ որը բնավ չվառվեց եւ չի՛ վառվելու գեթ այնքան ժամանակ, քանի դեռ չի ստորագրվել ջախջախիչ փաստաթուղթը…

Ահա այս պայմաններում են ասպարեզ դուրս գալիս նոր խմբեր, որոնք ուժ դառնալու համար դեռեւս կարիք ունեն ժամանակի եւ ժողովրդային աջակցության: Ուշացա՞ծ են նրանք՝ անկասկած: Ժամանակ չկա: Դանակը ոսկորն էլ է կտրել-անցել: Իսկ ժողովրդային աջակցությունը իսպառ է բացակայում: Հակառակ ամենօրյա՝ պետական խժդժություններին, հետապնդումներին, խաբեություններին, կյանքի գերծանր պայմաններին, ժողովուրդը դարձել է անտարբեր, անզգա, կորցրել նույնիսկ  ինքնապաշտպանության բնազդը եւ հանդուրժում է անգամ ալիեւյան սպառնալիքները, «համաներման» լկտիությունը, այդ լկտիության առավել լկտի ամերիկյան գովասանքը, գրեթե ամեն ինչ, նույնիսկ՝ Արցախի կորուստը:

Դժվար, շատ դժվար է լինելու նոր ընդդիմության գործը, առաքելությունը: Բացի վերոհիշյալ հանգամանքներից, նա զրկված է նման գործունեության համար խիստ անհրաժեշտ նյութական աջակցությունից, քարոզչական-տեղեկատվական միջոցներից: Չկա նաեւ դրսի՝ նկատի ունեմ ոչ միայն պետությունների, այլեւ նեցուկը սփյուռքի, որը հուսախաբ, շփոթահար ու հոգնած անհավաք հավաքականություն է դարձել այժմ:

Այսուհանդերձ, եթե նորերի հանդեպ հին ընդդիմադիրների խանդոտ վերաբերմունքը երկուստեք հաղթահարվի, եթե իսկապես համախմբվեն հները նորերի եւ նորերը նորերի հետ, եւ եթե հաջողվի մեր հասարակության առողջ մնացած հատվածների միավորումը նոր ուժերի շուրջ, ապա կարելի է երկիրն ու պետությունը դուրս բերել խորխորատից, փրկել Արցախը ու նրա հետ՝ ողջ Հայաստանը:

«Նոր» եւ «նորեր» բառերը պայմանական են: Այս տղաների եւ աղջիկների մեծ մասը ծանոթ է բոլորիս: Նրանք զարգացած, իրենց մասնագիտության մեջ կայացած, ամենակարեւորը՝ չվարկաբեկված, հայրենասեր մարդիկ են, որոնց գործը չի ավարտվելու գործող իշխանության հեռացումով, անձնատվական նոր փաստաթղթի ստորագրումը խափանելով, Արցախն ու արցախահայությանը պաշտպանելով, այլեւ՝ ապահով եւ բարգավաճող պետություն կերտելու առաջադրանքով:

Պե՛տք է օգնել նրանց. գուցե սա մեր վերջին պատեհությունն է:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ԱԶԳ թերթի գլխավոր խմբագիր

Գուցե վերջի՞ն պատեհություն – Ազգ (azg.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում