Էջմիածնում տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

  • 05.06.2023
  • 0
  • 326 Views

Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այդ օրը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:

Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմեի մասունքները: Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջև Ամենայն Հայոց Հայրապետը, սրբազան Աջով օրհնեց հոգևոր դասին և ներկա բարեպաշտ ժողովրդին՝ այն փոխանցելով Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։

Սուրբ Հռիփսիմե վանքի առջև թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորները և տարբեր վայրերից ժամանած բազում ուխտավորներ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:  

Բերկառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Մինաս աբեղա Հախվերդյանը։ Պաատարագի սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի առիթով Մայր Աթոռ ժամանած թեմակալ առաջնորդներ, միաբանական համագումարի մասնակիցներ և բազում ուխտավոր հայորդիներ։

Օրվա խորհրդի մասին քարոզեց Բելգիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Զատիկ վարդապետ Ավետիքյանը։

Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրրդին, պատգամեց հավատավոր ժողովրդին հետևել սուրբ կույս Հռիփսիմեի սրբության օրինակին և սրբուհու բարեխոսությամբ ամրանալ հավատքի մեջ։

«Սիրելի՛ հավատացյալներ, աղոթենք առ Աստված, որ ինչպես պատմության ընթացքին սուրբ Հռիփսիմեի օրինակով բազմաթիվ հավատացյալներ իրենց գործունեությամբ կենդանի պահեցին մեր հավատքը, այնպես էլ այսօր և վաղը հայտնի ու անհայտ նոր սրբեր ծնունդ առնեն մեր եկեղեցու անդաստանի մեջ և ապահովեն մեր կյանքում Հռիփսիմյանց կույսերի ոգին»,- ասաց Հայր Զատիկը՝ հորդորելով հավատացյալներին լցվել հավատքով, հույսով, սիրով ու հայցել Աստծո ողորմությունը մեր երկրի ու ժողովրդի համար։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում