Հայաստանը Կաննի 76-րդ կինոփառատոնում՝ Հայ կինոյի 100-ամյակի լույսի ներքո. «Ավրորայի լուսաբացը» ֆիլմին՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակ Սիդնեյից

  • 01.06.2023
  • 0
  • 418 Views

Կաննի 76-րդ միջազգային կինոփառատոնին Հայաստանը մասնակցությունը նշանավորվեց ընթացիկ տարում նշվող Հայ կինոյի 100-ամյակով։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի հրավերով՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մայիսի 25-ին մասնակցեց հայ կինոյի գանձարանի ինքնատիպ գոհարներից՝ 1965թ. նկարահանված ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի ցուցադրությանը, որն ընդգրկվել է Կաննի 76-րդ կինոփառատոնի «Դասականներ» (Cannes Classics) բաժնում (https://www.festival-cannes.com/f/barev-es-em/): Հաշվի առնելով, որ «Բարև, ես եմ» կինոնկարը վերականգնվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ՝ ցուցադրությանը ներկա բազմաթիվ հյուրերի շարքում էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Խորհրդանշական կերպով Կաննի 76-րդ կինոփառատոնում «Բարև, ես եմ» 4K վերականգնված տարբերակի պրեմիերան տեղի ունեցավ Ֆրունզե Դովլաթյանի տարեդարձի նախօրեին և արժանացավ հանդիսատեսների բուռն ծափահարություններին։

Ֆիլմի սցենարը մասամբ հիմնված է հայ մեծանուն ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի կյանքի պատմության վրա։ Դերերում հանդես են եկել Արմեն Ջիգարխանյանը, Ռոլան Բիկովը, Նատալյա Ֆատեևան, Մարգարիտա Տերեխովան, Գալյա Նովենցը, Ֆրունզե Դովլաթյանը։ «Բարև, ես եմ»-ը կես դար անց՝ վերադառնում է Կաննի կինոփառատոն, քանի որ առաջին անգամ ներառված է եղել կինոփառատոնի մրցութային ծրագրում նկարահանումից մեկ տարի անց՝ 1966թ., երբ ֆիլմն այն արդեն իսկ դիտած է եղել ավելի քան 10 միլիոն հանդիսատես։

Կաննի 76-րդ կինոփառատոնին Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվիրակության մասնակցության շրջանակում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆիլմերի դիստրիբյուցիայի ու վաճառքի ոլորտում համաշխարհային առաջատարներից «MK2» ֆրանսիական ընկերության միջև կնքվեց պայմանագիր, որի հիման վրա՝ առաջիկայում նախատեսված է «Բարև, ես եմ» ֆիլմի համաշխարհային դիստրիբյուցիան։

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մայիսի 21-ին այցելեց նաև Կաննի կինոշուկայում բացված Հայաստանի տաղավար։ Տաղավարում ներկա բազմաթիվ կինոգործիչների և հյուրերի շարքում էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Կաննից ընտրված պատգամավոր, «Ֆրանսիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներից Ալեքսանդրա Մարտենը, «Լը Ֆիգարո Մագազին» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, Կաննի և հարակից քաղաքների հայկական միության ղեկավար Յասմին Յարդիմյան-Ալֆիերին, ֆրանսահայ կինոռեժիսոր, պրոդյուսեր Կորյուն Ափրիկյանը։

Հայկական տաղավարի պաշտոնական բացման ընթացքում Ասիա-խաղաղօվկիանոսյան կինեմատոգրաֆիական մրցանակաբաշխության հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիսավոր կերպով «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրական ֆիլմի պրոդյուսեր Վարդան Հովհաննիսյանին հանձնեցին «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակը, որին ռեժիսոր Իննա Սահակյանի ֆիլմն արժանացել է 2022թ. նոյեմբերին Սիդնեյում։

Նույն օրը դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց նաև Կաննի կինոշուկայում Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված Հայոց ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկյանի վկայությունների մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի հանդիսավոր ցուցադրությանը, որն առաջացրեց հանդիսատեսների խորին հուզմունքն ու արժանացավ նրանց բարձր գնահատականին։

Ի գիտություն․ «Ավրորայի լուսաբացը» Հայոց ցեղասպանության վերապրած և հետագայում ԱՄՆ-ում հաստատված Ավրորա Մարտիկանյանի (Արշալույս Մարտիկյան) վկայությունների և կյանքի մասին պատմող անիմացիոն-վավերագրություն է։ Այն հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրություն է։ «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, մասնավորապես, արժանացել է Ասիա-Խաղաղoվկիանոսյան կինեմատոգրաֆիական մրցանակաբաշխության՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակի, «MiradasDoc 2022» փաստավավերագրական ֆիլմերի իսպանական փառատոնի «Լավագույն փաստավավերագրական ֆիլմ» մրցանակի և Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում