Երեկ լույս տեսավ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի վերջին համարը. պետությունը փակեց 33-ամյա օրաթերթը

  • 31.05.2023
  • 0
  • 349 Views

Երեկ լույս է տեսել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի վերջին համարը։ Այդ մասին մի քանի ամիս առաջ որոշում էր կայացրել կառավարությունը։ Անկախ ֆինանսական տարբեր պատճառաբանությունների, երբ փակվում է երկրին ու պետականությանը նվիրված պարբերական, դա նշանակում է, որ չի գիտակացվում մամուլի դերը, տպագիր մամուլի նշանակությունը, անկախ այն հանգամանքից, որ մեր օրերում ավելի լայն սպառում են ապահովում կայքէջերեն ու սոցիալական ցանցերը։ Առնվազն պետք էր «ՀՀ» հրատարակությունը թողնել գոնե շաբաթաթերթի պարբերականությամբ, քանի որ այն ոչ միայն եղել է Հայաստանի անկախ հանրապետության տարեգիրը, այլեւ շարունակելու էր մնալ այդպիսին՝ պատմության համար թողնելով տպագիր վկայություններ։ Եվ այն հանգամանքը, թե ինչպես է խմբագրությունից գաղտնի որոշում կայացվել թերթի լուծարման մասին, ցույց է տալիս, թե ինչպես են ժողովրդավարական համարվող երկրում վերաբերվում մամուլին ու նրա խնդիրներին։

Պատմությունը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թ. սեպտեմբերի 6-­ի որոշմամբ` հայերեն եւ ռուսերեն տարբերակներով` որպես ԳԽ պաշտոնաթերթ: Առաջին համարը լույս է տեսել 1990 թ. հոկտեմբերի 9­-ին: Հիմնադրման օրվանից թերթը տարածվում է հանրապետության բոլոր մարզերում, Արցախում եւ սփյուռքում: Առաջին խմբագիրը եղել է Այդին Մորիկյանը: Հետագայում` 1992 թ. նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է եւ սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ: Անցած ավելի քան 16 տարիների ընթացքում տարբեր տարիների թերթի գլխավոր խմբագիրներ են եղել Այդին Մորիկյանը (1990-1997 թթ.), Մեսրոպ Հարությունյանը (1997­1998 թթ. հունվար), Լիզա Ճաղարյանը (1998 թ. փետրվար-­1998 թ. հոկտեմբեր), Աշոտ Աղաբաբյանը (1998 թ. հոկտեմբեր-2001 թ. փետրվար), Տիգրան Ֆարմանյանը (2001 թ. ապրիլ-2019 թ. մայիս): 2019 թ. թերթի գլխավոր խմբագիրն է Արթուր Ղարագյոզյանը: 2017 թվականից օրաթերթը հրատարակվում էր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության կողմից:

Մայիսի 30ին լույս է տեսել օրաթերթի վերջին համարը, որտեղ իր հրաժեշտի խմբագրականում գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը գրել է.

««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը Հայաստանի Հանրապետության տարեկիցն է ու տարեգիրը: Այս տարի կլրանա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33 տարին: Այս տարի «Հայաստանի Հանրապետությունը» կարող էր բոլորել հիմնադրման 33 ամյակը: Ավաղ… «Հայաստնի Հանրապետություն» պաշտոնաթերթի լուծարման, անէացման որոշման մասին ամենավերջինն իմացանք մենք՝ «ՀՀ»-ի խմբագիրն ու խմբագրակազմը…

Անարդա՞ր է. Այո՛: Անշո՛ւշտ: Ես հիմա չեմ ցանկանում վերջին խմբագրականով սեւացնել թերթի էջերը, քանզի մեր թերթի էջերից միշտ լույս է ճառագել մեր Հայրենիքի, մեր Պետության, մեր Պետականության, մեր Ազգի, աշխարհասփյուռ հայության համար… հայության կողմից: Մեր թերթի էջերից հայ մեղեդին երգել է, պոեզիան հնչել է, միտքը թեւածել, ու զինվորը կռվել է: Մենք չենք փորձել հաճոյանալ որեւէ անհատի, անձի, դիրքի… մենք հաճոյացել ենք գաղափարին, դավանանքին, հույսին, հավատին ու սիրուն: 33 տարի ապրած իր կյանքում մեր թերթը մաքառել է, մեր թերթը երազել է, մեր թերթը կայացել է, մեր թերթը կայացրել է Հայաստանի Հանրապետությունը, կռվել ու հաշտվել է, գրոհել ու նվաճել է, ի վերջո Հաղթել ու Հաղթանակել է:

Եւ մենք այսօր հրաժեշտ չենք տալիս Հայաստնի Հանրապետությանը, զի դա կլիներ վերջը մեր բոլորիս ազգային իղձի ու նվաճումի՝ մեր պետականության: Չի կարող հրաժեշտ տալ «Հայաստանի Հանրապետություն» անունը կրող ոչինչ: Վաղվանից դուք կրպակներում չեք գտնի «Հայաստանի Հանրապետություն» գլխագրով օրաթերթը, սակայն մեզ փնտրեք նույնանուն գաղափարի մեջ, տողատակերում, ձեր աչքերի փայլի մեջ, ձեր ականջներում հնչող հորովելի մեջ, մտքերում ու Այբուբենի մեջ: ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ: Ազգային իղձերում: Ձգտումներում: Նպատակասլացության մեջ: Անաղարտության ու անեղծության մեջ: Եվ, վերջապես մեզ կգտնեք փակագծերում, որտեղ գրվում են կյանքի ընթացքի ամենակարեւոր տողերը: Առաջիկայում մեր խմբագրակազմնը իր գրագետ, իրական մտավորական, հայրենասեր զինվոր ու ռամիկ ընթերցողին կներկայանա նոր նախաձեռնությամբ՝ hhtert.am կայքի միջոցով, իսկ այնուհետեւ, եթե Աստծո նախախնամությունը լինի, նաեւ՝ թերթի ձեւաչափով: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ-պաշտոնաթերթի հիմնադիր խմբագիր, երջանկահիշատակ Այդին Մորիկյանին, ով մտավորական եւ պետական գործիչ էր Մեծատառով: Հաջորդ բոլոր խմբագիրներին, թերթի բոլոր տարիների բոլոր աշխատակիցներին: … Թերթի հաջորդ խմբագրին մաղթում եմ կամք ու կորով՝ ի՛ր ժամանակի զարկերակը զգալու, եւ, տա Աստված, իր ղեկավարած թերթը միտված լինի միայն մեր երկրի տնտեսական, գիտական ու մշակութային զարգացման հեռանկարներին:

Արթուր ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» թերթի առայժմ վերջին գլխավոր խմբագիր

Առաջն Աստված

Թերթը փակելու պաշտոնական պատճառաբանությունը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի փակման պատճառները․ «Ծախսարդյունավետության նվազ մակարդակի պատճառով որոշում է կայացվել 2023 թվականի հունիսի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։ Որոշումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով եւ ծախսարդյունավետության նվազ մակարդակով, ու դրանցով պայմանավորված էլ՝ առաջացել է թերթերի տպագրության դադարեցման անհրաժեշտությունը։ Նշված տպագրությունների ֆինանսական ռեսուրսները հետ չեն վերցվում, այլ ուղղվելու են նոր ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը։ Դրանով պայմանավորված՝ որոշում է կայացվել որոշակի փոփոխությունների ու արդիականացման ենթարկել նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատանքը։ Պարսկերենով, վրացերենով ու չինարենով լրատվություն տրամադրելու նպատակով որոշվել է փոփոխության ենթարկել լրատվական գործակալության հաստիքացուցակը»։

Պաշտոնական այս պատճառաբանությանն ի պատասխան, օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանն «ՕՐԵՐ»ի հետ զրույցում նշեց, որ ծախսատարության մասին նշումն ընդամենը առիթ է, բայց ոչ պատճառ, քանի որ թերթը ե՛ւ շատ լավ վաճառվել է, ե՛ւ գովազդներից ունեցել է տարեկան 30 միլիոն դրամի եկամուտ, 6 միլիոն ստացել են բաժանորդագրություններից։ Այնպես որ տարեկան հատկացվող գումարը՝ 50-60 միլիոն դրամը, կիսով չափ վերադարձվել է պետությանը։ Արմենպրեսի կայքէջին պարսկերեն, չինարեն, վրացերեն լեզուների ավելացումը կարող էր արվել այլ միջոցների հաշվին, եւ ոչ թե «ՀՀ» օրաթերթի փակման։ Զարմանալի էր նաեւ թերթը փակելու շտապողականությունը, քանի որ այս տարվա համար բյուջեն հաստատված էր, պայմանագրերը կնքված էին համայնքների ու գովազդատուների հետ, մինչդեռ ընդամենը ապրիլ ամսին է խմբագրակազմը տեղեկացել, որ հունիսի 1-ից այլեւս չեն հրատարակվելու։ Սարսափելին այն է, որ նաեւ նման մեծ արխիվ ունեցող թերթի կայքէջն է փակվելու։ Թերթի խմբագրակազմին չի առաջարկվել նաեւ սեփականաշնորհելու տարբերակը, քանի որ նման դեպքում, թերթը խմբագրության աշխատակիցների շնորհիվ կարող էր իբրեւ առանձին ձեռնարկություն շարունակել իր աշխատանքը։ Միանշանակ է, որ թերթի հայրենասիրական, մշակութային քաղաքականությունը որեւէ կերպ չի համապատասխանել ներկա իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, այդ իսկ պատճառով հեշտորեն ձերբազատվել են ազգային արժեքներ քարոզող թերթից։

Մեր այն հարցին, իսկ ինչ են անելու թերթի լրագրողները, Արթուր Ղարագյոզյանը պատասխանեց, որ արդեն իսկ գրանցել են իրենց կայքէջը, որը հանրությանը կներկայանա ամենօրյա լրատվությամբ՝ hhtert.em.

Ամեն դեպքում,հուսանք, որ կգա ժամանակ, երբ թերթը կվեարականգի իր տպագրությունը, բայց մինչ այդ չեն փակի թերթի կայքէջը՝ hhpress.am, որտեղ ամբարված է մեծ արխիվ, ինչը անգնահատալի նշանակություն ունի անկախ Հայաստանի պատմության համար։

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում