Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 105-ամյակին նվիրված միջոցառում Ռումինիայում

  • 30.05.2023
  • 0
  • 105 Views

Մայիսի 28-ին Բուխարեստից ոչ հեռու գտնվող պատմական, մշակութային ու զբոսաշրջային ամենագրավիչ վայրերից մեկում՝ Մոգոշոայա պալատում (18-րդ դար), «Mogoșoaia ClasicFest»-ի 12-րդ թողարկման շրջանակներում բացվեց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 105-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպել էր «Բրանկովյան պալատների» մշակութային կենտրոնի, «Pro Valores» ասոցիացիայի (նախագահ` Սեբաստիան Կրաչուն) կողմից՝ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը՝ մասնավորապես նշելով․ «Թեև Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն այն ամուր հիմքեր դրեց 1991թ․ Հայաստանի անկախ պետականության վերականգնման համար։ Ուստի այսօր պետք է հետևողականորեն շարունակենք մեր ջանքերը պահելու և շենացնելու այն, ինչ ձեռք ենք բերել 105 տարի առաջ»։

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին Սրբապատկերի դպրոցի տնօրեն, նկարիչ լուսահոգի Աբրահամ Ազարյանի աշխատանքները՝ նկարչի որդու՝ հայտնի որմնանկարիչ, վերականգնող Հայկ Ազարյանի ներկայացմամբ։

Այցելուներն ակնդրեցին հայկական ժողովրդական պարեր Ռումինահայոց միության «Վարդավառ» պարախմբի (պարուսույց՝ Բելա Մարտիկյան) կատարմամբ՝ անմիջականորեն հաղորդակցվելով հայ ժողովրդի հարուստ ազգային և մշակութային արժեքներին։

Հյուրերը մասնակցեցին նաև «Իմ Հայաստան» խորագրով վարպետության դասին՝ կերամիկայի վրա նկարելով օրվա խորհրդին համահունչ պատկերներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում