«Արվեստ + 2107 մետր»  ցուցահանդեսը Ջերմուկում

  • 24.05.2023
  • 0
  • 72 Views

Ապրիլի 14-ին սահմանամերձ Ջերմուկի պատկերասրահում բացվել է «Արվեստ + 2107 մետր» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ հունիսի14-ը։ Մասնակցում են բազմաթիվ արվեստագետներ մայրաքաղաքից եւ Ջերմուկից, ցուցադրվում են գեղանկարչական, գրաֆիկական, լուսանկարչական  գործեր, ինչպես նաեւ արտ-օբյեկտներ։

Ցուցահանդեսի նախաձեռնող -համակարգող, գեղանկարիչ Արա Հայթայանն ահա թե ինչպես է ներկայացրել արվեստի այս օրինակելի  ձեռնարկի նշանակությունը։

Արա Հայթայան. «Ցուցահանդես արված հենց այս օրերում, երկրի սահմանին ապրողի համար, սահմանը պահող զինվորի համար, սահմանին աշխատող մանկավարժի, բժիշկի, աշակերտի, մարդու համար։

Մեր սյուրռեալիստական օրերում արված ցուցահանդես Ջերմուկում, մի հեքիաթային քաղաքում, որը մշակված է, խնամված, հյուրընկալ, սպասող։ Պատկերասրահը` մի հիանալի, 50-ականներին կառուցված եռահարկ դասական շենք, յուրաքանչյուր արվեստագետի համար լիարժեք ցուցադրվելու համար լավագույն պայմաններով հագեցած։ Տնօրենը` գեղանկարիչ Վարդան Ավետյանը, թանգարանի նվիրյալ աշխատակազմը` Մհերը, Սիրանը և Քրիստինեն պատրաստակամ օգնելու և աջակցելու որևէ հարցով։

Մարզային պատկերասրահներից թեև լավագույն վիճակում գտնվող պատկերասրահն է,որը ցավոք տվյալ պահին սեպտեմբերյան դեպքերից հետո զրկված է իր հիմնական հավաքածուն ցուցադրելու հնարավորությունից։

Կարծում եմ հենց հիմա, այլապես էլ երբ, յուրաքանչյուրս պիտի մեր փոքրիկ լուման ներդնենք, որպեսզի այս հրաշալի մշակույթային տարածքը գործի, վերագտնի իր բովանդակությունը, յուրաքանչյուրս մեր ձևով, կազմակերպելով ցուցահանդեսներ, այցելելով դրանք, առիթներ ստեղծելով Ջերմուկ գնալու, այստեղ ներկա լինելու։

Մեր երկրում ամեն մի մշակույթային վայր կյանքի է կոչվում և պահպանվում է սերունդների աննկարագրելի ջանքերի շնորհիվ, ինչը կարելի է կորցնել մի ակնթարթում բոլորիս անտարբերության, անվճռականության և բութ ապաշնորհության պատճառով։ Ուստի հորդորում եմ արվեստին և մշակույթին նվիրյալ համագործակիցներիս չզլանալ և նախաձեռնել հաջորդիվ ցուցահանդեսներ և մշակույթային նախագծեր այս հրաշալի թանգարանում։

Երախտագիտությունս եմ հայտնում ցուցահանդեսի մասնակիցներին այս գաղափարը սատարելու, աշխատանքներ տրամադրելու և ցուցադրությունը իրագործելու և ներկա լինելու համար։

Կգան բարի ժամանակներ, մասնակիցները կարժանանան աշխարհի լավագույն պատկերասրահներում ներկայանալու պատվին, բայց այս մեկի խորհուրդը յուրահատուկ է, այն իրապես ոգեկոչում է մարդու, ազգի, իր հողի վրա ապրելու, սիրելու և ստեղծագործելու իրավունքը, որի համար պիտի վճարել ներկայությամբ»։

  Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում