
Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ մայիսի 20-ին Բուխարեստի առաջնորդանիստ տաճարին կից գտնվող «Հովսեփ և Վիկտորիա» մշակույթի տան սրահում տեղի ունեցավ «Սարդարապատից մինչև Արցախ» խորագրով ցուցահանդես և համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման տոնին և մայիսյան հերոսամարտերին։
Ցուցահանդեսն ընդգրկում էր հայոց առաջնորդարանում պահվող արխիվային նյութեր և լուսանկարներ՝ նվիրված առաջին Հանրապետությանը և մայիսյան հերոսամարտերին։


Ցուցահանդեսից հետո ներկաներն առիթ ունեցան ունկնդրելու հայրենասիրական և ժողովրդական երգեր՝ կատարմամբ սոպրանո Արմինե Խաչատրյանի և նվագակցությամբ Կարմեն Ասֆադուրյանի, մասնակցությամբ Առաջնորդարանի ,,Անի,, երգչախմբի՝ խմբավարությամբ Արմինե Խաչատրյանի։ Համերգային երեկոյի ընթացքում հանդես եկան նաև Առաջնորդարանի ,,Լույս,, մանկական կենտրոնի սաներից Մարիամ Խաչատրյանը՝ երգելով ,,Մեր Հայաստան,, ստեղծագործությունը և Դավիթ Քարամյանը՝ արտասանելով Սեյրան Մալխասյանի ,,Թե չես եղել Հայաստանում,, և Հովհաննես Շիրազի ,,Իմ սուրբ Հայրենիք,, բանաստեղծությունները։ Սոպրանո Արմինե Խաչատրյանը կատարեց ,,Երազ իմ երկիր հայրենի,, – ,,Բարի արագիլ,, – ,,Կռունկ,, – Կոմիտասի ,,Հայաստան,, – Արմեն Սմբատյանի ,,Հայաստան,, – Աղավնիներ,, – ,,Ախ ինչ լավ է սարի վրա,, – ,,Ազգ փառապանծ,, ստեղծագործությունները, իսկ ,,Անի,, երգչախումբը՝ անդամներ Իուլիա Պոստոլաքի, Հենրիկ Թումասյանց, Ինեսա Թումասյանց, Աշխեն Գեոլյան, Վահան Գեոլյան, Հարութ Կափլանյան, Արտակ Հովակիմյան, Մարիամ Խաչատրյան, կատարեցին ,,Նոր Հայաստան,, – ,,Սարերի վրով,, – ,,Անձրևն եկավ,, – Հոյ, իմ Նազանի,, – ,,Սարդարապատ,, ստեղծագործությունները։
Այս առիթով Սրբազան Հոր օրհնությամբ տպագրվել էր նաև մայիսյան հերոսամարտերին և առաջին Հանրապետության հռչակմանը նվիրված պատկերազարդ բրոշուր-գրքույկ։
Երեկոն ավարտվեց Տաթև Սրբազանի օրհնության ու գնահատանքի խոսքով։



Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, ներկաներին, Հրանտ Ջաղինյանին՝ երեկոն վարելու և մասնակիցներին գեղեցիկ կերպով ներկայացնելու համար, հայոց առաջնորդարանի և Բուխարեստի հայոց ծուխի աշխատակիցներին, հոգևոր հովվին և բոլոր նրանց, որոնք իրենց մասնակցությունն ու ներդրումն են ունեցել միջոցառումների կազմակերպման կարևոր գործընթացում։
Հաջորդ օրը, մայիսի 21-ին, հավարտ կիրակնօրյա պատարագի, հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, մասնակցությամբ հոգևոր դասի, թեմական ու ծխական խորհուրդների անդամների, կատարվեց Հանրապետական մաղթանք ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի կիսանդրու առաջ, որը գտնվում է առաջնորդանիստ տաճարի բակում, և ծաղկեպսակներ դրվեցին կիսանդրու առաջ։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

