Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները եւ Արցախը. Փաշինյան

  • 22.05.2023
  • 0
  • 47 Views

Մայիսի 22-ին Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  մամուլի ասուլիսը, որին մասնակցել են 4 տասնյակից ավելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում են անկլավները: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի՝ 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականության մեջ էլ մտնում է Արծվաշենը: Անկլավների վերաբերյալ տարբերակները մի քանիսն են: Դրանցից մեկը կարող է լինել հետեւյալը՝ գծի երկու կողմերում գտնվող անկլավային տարածքները մնում են այն կողմի վերահսկողության ներքո, որտեղ գտնվում են: Մյուս տարբերակն այն է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Արծվաշենը վերադառնա Հայաստանի ինքնիշխանության ներքո, մյուս տարածքները՝ Ադրբեջանի: Այսպիսինն  է դիրքորոշումը քաղաքական առումով, բայց իրավական կողմը դեռ պետք է ուսումնասիրել»,- ասաց նա:

Ավելի ուշ մեկ այլ լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք Հայաստանի 29 800 քառակուսի կմ–ի մեջ մտնում են Տիգրանաշենը եւ Տավուշի անկլավները, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ»։

86600 քառակուսի կմ-ն ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, բայց նաեւ պետք է արձնագրել, որ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի հարցին, թե եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախը, թե ոչ, դուք դրանով Արցախը ճանաչե՞լ եք Ադրբեջանի մաս, թե ոչ:

«Հայաստանի այսօրվա կառավարությունը ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ես ավելի եմ կոնկրետացրել եւ ավելի կոնկրետ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ ասել: 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել եւ մեր ընկալմամբ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ՀՀ-ն այո, ճանաչում է Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ  տարածքը:

Երկրորդ, ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով: Մենք կարեւոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը: Նկատի ունենք, որ կարող է ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հարցը ուղղակի մոռացության մատնվել եւ Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման եւ ցեղասպանության քաղաքականություն իրականացնել: Մենք կարեւոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»,-ասաց Փաշինյանը:

Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Բարև ձեզ Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ,

ողջունում եմ ձեզ և մինչ ձեր հարցերին պատասխանելը, մի քանի ընդգծումներ եմ ուզում անել:

Առաջիկայում Ազգային ժողովում կսկսվեն 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Այս պահին բարձրաձայնեմ թեմային առնչվող ընդամենը մի քանի տվյալ:

2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է  1 տրիլիոն 926 միլիարդ դրամ: Սա այն գումարն է, որը փաստացի մուտքագրվել է պետական բյուջե: Սա «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի ընդունման պահին նախատեսվածից ավելի է շուրջ 82 միլիարդ դրամով կամ 4 տոկոսով: 2022 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համանման ցուցանիշը գերազանցել են 768 մլիլիարդ դրամով կամ 66,3 տոկոսով: Իսկ կապիտալ ծախսերը 2022 թվականին 2017 թվականի համեմատ ավելի են եղել 150 մլրդ դրամով կամ 163 տոկոսով:

Ինչպես տեղյակ եք, 2021-2022 թվականներին Հայաստանի կառավարությունը 21,8 տոկոս բաժնեմաս ձեռք բերեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատ»-ում, և այս հանգամանքի բերումով 2021 թվականի վերջից մասնակցում է կոմբինատի կառավարմանը: 2022 թվականին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատ»-ը վճարել է պատմականորեն աննախադեպ բարձր թվով հարկեր՝ 145 միլիարդ 636 միլիոն  դրամ: Սա շուրջ 7 միլիարդ դրամով ավելին է, քան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին ԶՊՄԿ-ի կողմից վճարված հարկերը միասին վերցրած: Այսինքն՝ այդ բոլոր տարիների՝ 6 տարիների, հարկերի հանրագումարից ավելի շատ  հարկ է վճարվել՝ 7 միլիարդով ավելի, քան  2022 թվականին:

2023 թվականի առաջին 4 ամիսների տվյալներով Հայաստանը շարունակում է տնտեսական բարձր աճի դինամիկայի մեջ մնալ, ինչն արտահայտվում է նաև պետական բյուջեի մուտքերով: 2023 թվականի առաջին 4 ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ավելի շատ հարկային եկամուտ է մուտքագրվել, քան առանձին վերցրած՝ 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականներին ամբողջ տարվա ընթացքում  և մոտավորապես այնքան, որքան 2011 թվականի արդյունքներով: Կրկնում եմ՝ համեմատությունն այս տարվա առաջին չորս ամիսների և վերը հիշատակված տարիների ամբողջական տվյալների մասին է:

Պետական բյուջեի եկամուտներն առանցքային նշանակություն ունեն երկրի բոլոր, այդ թվում՝ անվտանգային, մարդկային կապիտալի զարգացման խնդիրների լուծման համար: Եվ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, տնտեսվարողներին, գործարարներին, ընկերություններին, ներդրողներին, պետական և մասնավոր հատվածի աշխատողներին, ովքեր ապահովում են պետական բյուջեի եկամուտները:

Հարգելի լրագրողներ,

ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ լարվածությունը հաղթահարելու առաջնային մեթոդը համարում է խաղաղության օրակարգի առաջմղումը: Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, և մենք հույս ունենք հնարավորինս արագ համաձայնության հասնել տեքստի շուրջ և ստորագրել այն:

Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձևին, որ Հայաստանը և Ադրբեջանն՝ առանց վերապահումների, պետք է ճանաչեն միմյանց, համապատասխանաբար, 29800 քառակուսի կիլոմետր և 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն:

Մենք համաձայն ենք այս տրամաբանությանը և բանակցությունները վարում ենք այս տրամաբանությամբ՝ ընդգծելով, որ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության երաշխավորման միջազգային մեխանիզմները չափազանց կարևոր են: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարական երաշխիքը խաղաղությունն է, որը հնարավոր է բոլոր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու միջոցով: Սա ամենևին էլ հեշտ գործընթաց չէ, բայց կարծում եմ՝ այն է, ինչ ուզում և ակնկալում է մեր ժողովուրդը:

Վերը հիշատակված տնտեսական և բյուջետային ցուցանիշները, կարծում եմ, նաև հանրության և տնտեսության արձագանքն են մեր Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին: Այդ օրակարգին են, թերևս, արձագանքում նաև տասնյակ հազարավոր, այդ թվում՝ երիտասարդ ընտանիքներ, ովքեր շտապում են օգտվել ընձեռած հնարավորություններից և բնակարաններ ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում: Հիշեցնեմ, որ այս պահին մեր երկրում ընթացք է տրված 55 հազար բնակարանի շինարարության գործընթացին:

2023թ. առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 11926 երեխա, ինչը 1401-ով ավելի է, քան 2022թ. առաջին չորս ամիսներին, 532-ով ավելի է, քան 2021թ. առաջին չորս ամիսներին, 1469-ով ավելի է, քան 2020թ. առաջին չորս ամիսներին, 1415-ով ավելի է, քան 2019թ. առաջին չորս ամիսներին, 1180-ով ավելի է, քան 2018թ. առաջին չորս ամիսներին: Այս թվերը ես ընկալում եմ որպես քաղաքացիների կողմից Կառավարությանը հասցեագրված ուղերձ, որոնք հաճախ չեն հնչում ամբիոններից, բայց ունեն վճռորոշ նշանակություն: Եվ առաջիկա մեր քաղաքականությունները հիմնված են լինելու այս ուղերձների վրա:

Շնորհակալություն»:

Հաջոդրիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին  հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում