Չեխիա. Հեռուստատեսության համար վճարները կընդգրկեն բոլոր ոլորտները՝ նույնիսկ բջջայինով կամ համացանցով հետևելու դեպքում

  • 20.05.2023
  • 0
  • 88 Views

Ուրբաթօրյա (19.5.2023թ.) չեխական «ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ» օրաթերթը հրապարակել է «Վճարներ հեռուստատեսության համար՝ նույնիսկ բջջայինով կամ համացանցով հետևելու դեպքում» հոդվածը, որն անխտիր վերաբերվելու է Չեխիայի բոլոր բնակիչներին։

Նոր սահմանումներին կարող եք ծանոթանալ ստորև.

«ԼՆ» օրաթերթի տեղեկացմամբ, հաջորդ տարվանից կոնցեսիոն վճարները սկսելու են վճարել նաև այն տնային տնտեսությունները, որոնք կարող են հեռուստացույց դիտել և ռադիո լսել սմարթֆոնների կամ պլանշետների միջոցով, ինչը հաշվի է առնվում զանգվածային լրատվամիջոցների վերաբերյալ օրենքի փոփոխության մաս կազմող նախագծում։

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի անդամ և չեխական «STAN» շարժման փոխնախագահ Յան Լացինայի (ով նաև նախագծի վրա աշխատող խմբի անդամ է) մեկնաբանությամբ, «դա հանրային լրատվության և միջսերնդային համերաշխության կայունացման ուղիներից մեկն է»։

«Բազմաթիվ մարդիկ հետևում են «ČT» /Չեխական հեռուստատեսության/ թողարկումներին՝ իրենց սմարթֆոնների, պլանշետների կամ համակարգիչների էկրաններին։ Այսօր «ČT»-ի ֆինանսավորման բեռը մեծամասամբ կրում է ավագ սերունդը, որը լրջորեն մուծում է սահմանված վճարները։ Երիտասարդներն արդեն հեռուստացույց չունեն, բայցևայնպես սպառում են այն»,- օրաթերթին տված հարցազրույցում նշել է Յ. Լացինան։ Ինչպես ընդգծում է օրաթերթը, ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերվելու է շուրջ 600 հազար տնտեսությունների։ Ըստ Լացինայի՝ նոր փոփոխությունը, պարտադիր վճարների ներկայիս սահմանումով, հանրային լրատվամիջոցների բյուջե կբերի՝ «ČT» Չեխական հեռուստատեսության համար, մոտավոր հաշվարկով, կես միլիարդ չեխական կրոն, իսկ Չեխական ռադիոյի համար՝ 167 միլիոն չեխական կրոն։

Նախագծի փոփոխությամբ կոնցեսիոն վճարները, այնուամենայնիվ, անխուսափելիորեն պետք է ավելանան։

Ներկայումս «ČT» հեռուստատեսության ամսական վճարը կազմում է 135 չեխական կրոն, իսկ ռադիոյինը՝ 45 չեխական կրոն։

«Թե հետագայում որքան կլինի նոր սահմանվող վճարների չափը, քաղաքական գործիչները դեռ չեն ցանկանում հրապարակել»,- ավելացնում է օրաթերթը։

Լացինայի հավաստմամբ, կոալիցիոն գործընկերներն այդ առումով մոտենում են փոխհամաձայնության, իսկ այն հարցը, թե գնաճին համահունչ վճարները կփոխվեն արդյոք շարունակաբար, դեռևս մնում է անորոշ։

Առայժմ պահպանվելու է վաղօրոք սահմանված այն կարգը, որ էլեկտրաէներգիա ստացող տնային տնտեսությունները դեռ շարունակ կվճարեն առնվազն մեկ /ռադիո կամ հեռուստա/ընդունիչի համար։ Իսկ նրանք, ովքեր չունեն որևէ ընդունիչ, պետք է կոնկրետ հասցեով գրավոր դիմում ներկայացնեն Չեխական փոստին՝ պարտադիր վճարից ազատվելու միտումով: Ստուգումները, թե արդյոք վճարում են մարդիկ իրականում, իրականացվում են համապատասխան լրատվամիջոցների ղեկավար մարմինների հսկողության ներքո՝ էլեկտրաէներգիան սպառող բաժանորդների ցուցակով։

Չվճարողներին սպառնում է տուգանք՝ նախապես չգրանցված հեռուստաընդունիչի դեպքում 10000 չեխական կրոնի չափով, իսկ ռադիոընդունիչի դեպքում՝ 5000 չեխական կրոնի չափով։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում