Radar Armenia -ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
– Ինչպե՞ս կգնահատեք բրյուսելյան եռակողմ հանդիպումը, որի արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ մատնանշելով կոնկրետ տարածքի չափեր։
– Բրյուսելի հայտարարությունը պետք է դիտարկել վաշինգտոնյան հանդիպումների և դրանից բխած հայտարարությունների հարաբերակցությամբ։ Կարծում եմ՝ պարզ է Վաշինգտոն-Բրյուսել համակարգումը հավաքական Արևմուտքի բանաձևով։ Վաշինգտոնը հայտարարում է, որ պատրաստ է ոչ միայն աջակցել, այլև մասնակցել հետագա բանակցություններին, իսկ Բրյուսելն ասում է, որ իր միջնորդությամբ հանդիպումներ կլինեն հաճախ։ Սա ոչ միայն զուգահեռ է մոսկովյան նախաձեռնություններին, այլև՝ հակակշիռ գործընթաց։ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը Արցախի կարգավիճակի առկախման և այն Ադրբեջանի կազմից դուրս համարելու բաց դուռ էր թողնում։ Թվանշանների ճշտումը փակում է այդ ելքը։
– Այդ հայտարարությանը տարբեր իրարամերժ մեկնաբանություններ հնչեցին։ Սա ի՞նչ է նշանակում․ արդյո՞ք այս կերպ Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս։
– Դեռևս չկա ստորագրված փաստաթուղթ, բայց տարածքի թվային ճշտումն ու դրա ճանաչումը համազոր է Արցախն Ադրբեջանի կազմում ընդունելուն։ Կարող է մեկնաբանվել, որ 29.800 կմ²-ի ճանաչումն էլ Ադրբեջանի կողմից ենթադրում է Սյունիքի ճանաչում կամ արտատարածքային միջանցքի բացառում։ Անկլավների հարցը մնում է անորոշ։ Բրյուսելյան հայտարարությունները կիմաստազրկվեն, երբ Ադրբեջանը արևելյան Զանգեզուրի կամ զանգեզուրյան միջանցքի մասին բարձրաձայնի։ Համենայնդեպս, թվերով տարածքային ամբողջականության ճանաչումը Արցախի խնդրին լուրջ հարված է։ Ադրբեջանը ողջունում էր բրյուսելյան գործընթացն ու հայտարարությունները։
– Վարչապետ Փաշինյանը հայտարարեց մի քանի հանդիպման մասին, որոնք տեղի կունենան առաջիկայում։ Բանակցությունների այս թափը ինչի՞ մասին է վկայում, ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ։
– Այս թափը կախված չէ հակամարտող կողմերից, այն խոսում է աշխարհաքաղաքական մրցապայքարի մասին։ «Հավաքական Արևմուտքն՝ ընդդեմ ՌԴ-ի» խաղը թեժացել է, և յուրաքանչյուր կողմ հերթապահ կետ է արձանագրում։ Տարածաշրջանային գործընթացն ընթանում է «միջնորդություն՝ միջնորդության դիմաց» բանաձևով։ Ուստի չեմ կարծում, որ այս ակտիվությունն ինչ-որ համաձայնության կհանգի։
– Մոսկվայում այսօր ԱԳ նախարարները կհանդիպեն, առաջիկայում նաև երկրների ղեկավարների հանդիպում է սպասվում։ Եվրոպական ու ամերիկյան հարթակներից հետո մոսկովյան այդ հանդիպումների փաստը ևս կխնդրեի մեկնաբանել։
– Մոսկվան վերստին կոշտացրեց իր հայտարարությունները հավաքական Արևմուտքի դեմ։ Ըստ Մոսկվայի՝ Արևմուտքն ուզում է ՌԴ-ի դաշնակիցներին հեռացնել իրենից։ Իսկ բանակցությունների առումով Մոսկվան պնդում է, որ գործընթացը գնում է եռակողմ փաստաթղթերի հիման վրա, և դրանցից դուրս չկա որևէ պայմանավորվածություն։
Կարծում եմ՝ բանակցային պարանաձգումը շարունակվելու է։
Հայկ Մագոյան