«Պատմությունը կերտում ենք մենք՝ մարդիկ». Փաշինյանի հարցազրույցը չեխական «Ռեսպեկտ» հանդեսին

  • 18.05.2023
  • 0
  • 77 Views

Չեխական «Ռեսպեկտ» հանդեսի վերջին համարում տպագրվել է հարցազրույց Հայաստանի վարչապետի հետ՝ «Պատմությունը կերտում ենք մենք՝ մարդիկ» վերնագրով, որի տպագիր տարբերակը հայերեն թարգմանությամբ ներկայացվում է ստորև.

«Կովկասյան Հայաստանը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Երեք տարի առաջ (թուրքական անօդաչու թռչող սարքերով զինված) հարևան Ադրբեջանի հետ պատերազմում կորցրել է Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածքի զգալի մասը։ Անցյալ տարի Ռուսաստանը՝ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը, հարձակվեց Ուկրաինայի վրա։

47-ամյա նախկին լրագրող, 2018 թվականին երկրի ավտորիտար և ռուսամետ կողմնորոշման դեմ հաջողված բողոքի ցույցերի առաջնորդ և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել ենք իր երկրի վրա պատերազմի թողած ազդեցության մասին։

– Ռուսաստանի կողմից Ուկրաինա ռազմական ներխուժումից հետո որքա՞ն ռուս է եկել Հայաստան և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ ձեզ համար։

– Նրանցից ոմանք ունեն Ռուսաստանի և Հայաստանի երկքաղաքացիություն։ Վերջին երեսուն տարում արտագաղթել էին Ռուսաստան, հիմա կրկին վերադառնում են մեր երկիր։ Մեզ մոտ եկան մոտ 30 հազար մարդ, ովքեր ունեն միայն Ռուսաստանի քաղաքացիություն։ Իրենց գալով նպաստել են մեր տնտեսական աճին, քանի որ նրանցից շատերն ունեն բարձր որակավորում. շատ հաճախ աշխատում են ՏՏ /ԻՏ/ ոլորտում: Մենք շնորհակալ ենք նրանց ներկայության համար։

Վիճակագրության տվյալներով՝ աճել է Եվրամիությունից Հայաստան, միաժամանակ նաև՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը։ Որո՞նք են այդ արտահանվող ապրանքները և, ըստ Ձեզ, ինչո՞վ են այդ նոր արտահոսքերը կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ:

– Ուկրաինայի իրադարձություններից հետո լոգիստիկ ծառայությունների շղթաները փլուզվել կամ ընդհատվել են։ Շատ ապրանքներ, որոնք ուղղակիորեն հոսում էին Ռուսաստան, այժմ այնտեղ են ներմուծվում Հայաստանով, Ղազախստանով և այլ երկրներով։ Իսկ դա խնդի՞ր է։ Պատասխանը բաղկացած է երկու մասից. օրինակ՝ նմանատիպ բաժակների փոխադրումը, որոնք պատժամիջոցների չեն ենթարկվում, խնդիր չէ։ Մինչև 2022 թվականի փետրվարը անցնում էին Լեհաստանով և Բելառուսով, այժմ փոխադրվում են Հայաստանով։ Խոսքը միայն երթուղիների փոփոխության մասին չէ։ Եվրոպական փոխադրողների մեծ մասը հրաժարվում է ուղղակիորեն համագործակցել ռուսական շուկայի հետ: Իսկ ռուս փոխադրողները չեն կարողանում հասնել Լեհաստան։ Այսպիսով ստեղծվեցին բոլորովին նոր լոգիստիկ ուղիներ՝ անցնելով անգամ Հայաստանով։ Բայց ինչ վերաբերվում է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներին, ձգտում ենք հնարավորինս լինել թափանցիկ՝ համագործակցելով Եվրամիության և ԱՄՆ-ի, ինչպես նաև հենց Ռուսաստանի հետ։ Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և շատ սերտ տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ։ Իսկ հայկական բիզնեսը հաճույքով կմիանա այն առևտրային ոլորտներին, որոնք ի հայտ են եկել վերջին ժամանակներում և որտեղ ներգրավվելու տարածք է հատկացվում՝ շահագրգռվածությամբ բավարարելով ռուսական պահանջարկը։ Այնինչ պատժամիջոցները ինքնին կարմիր գիծ են։ Ուստի ռուսներին հստակ ասում ենք. «Մենք չենք ուզում ձեզ վնասել, բայց և չենք կարող թույլ տալ ինքներս մեզ ներքաշել պատժամիջոցների տակ»։ Այնպես որ գաղտնիքներ չկան։

Ի՞նչն է փոխվում ձեր երկրում՝ պատերազմի արդյունքում։

– Այն առաջ է քաշել շատ մեծ հարցեր՝ մեր անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ: Դրանով ամեն ինչ ասված է:

Այդպիսով ի՞նչ դաս եք քաղել անձամբ Դուք և Հայաստանը՝ անցած տասնհինգ ամիսներից:

– Այն, որ մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելը։ Մեր բարդ պատմության պատճառով սովորել ենք նորմալ հարաբերություններ չունենալ որոշ հարևանների հետ (խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի մասին է – խմբ. նշ.), ինչի փոխելը բխում է մեր երկրի կենսական շահերից։ Թեև սա սովորական նախադասություն է թվում, բայց դրա իրագործումը կապված է որոշ հոգեբանական և որոշ գործնական բազմաթիվ բարդությունների հետ։ Իհարկե հայ բնակչության համար նման ուղերձը դժվար մարսելի է։ Վերջերս խորհրդարանում խոսեցի մեր հարևանների հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման մասին, ընդդիմադիր պատգամավորն առարկեց, թե խոսում եմ այնպես, կարծես մեր հարևանը Շվեդիան է։ Իսկ ես պատասխանեցի, որ ավելի լավ է ուսումնասիրենք Սկանդինավիայի և Եվրոպայի պատմությունը։ Եթե ​​կարծում ենք, որ Սկանդինավիան միշտ եղել է նույնքան խաղաղասեր, որքան այսօր է, ապա սխալվում ենք։ Այնուհետև լսեցի հաջորդ առարկությունը, որ ի տարբերություն մեզ, Սկանդինավիան ցեղասպանություն չի ապրել: Այո, իսկապես շատ տարբերություններ կան մեր և Սկանդինավիայի միջև: Եզրահանգումը միանգամայն հստակ է. մարդիկ իրենք են պատմության կերտողները:

Մոտ մեկուկես տարի է, ինչ փորձում եք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Արդեն որևէ արդյունք տեսնու՞մ եք։ Թուրքիան դեռևս համարու՞մ եք անվտանգության սպառնալիք։

– Վատ հարաբերությունները կամ նույնիսկ ընդհանրապես հարաբերությունների բացակայությունը միշտ հանդիսանում են անվտանգության սպառնալիք: Երկու մարդկանց միջև նույնն է, ինչպես՝ երկու պետությունների, ամեն բան կարող է հեշտությամբ խափանվել։ Ինչ վերաբերվում է մնացած հարցին. դա հեշտ չէ: Դա պատմական խնդիր է, և մեր ժողովուրդը լի է թուրքերի նկատմամբ խորը նախապաշարմունքներով։ Երբ խոսում էի այդ մասին Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմից հետո, դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, թե «գուցե Թուրքիան մի գիշերվա ընթացքում դադարեց՞ լինել մեր թշնամին»։ Այնուհանդերձ, կառավարության գործը այն խնդիրներով զբաղվելն է, որոնք բարդ են, առավել քան՝ բարդ են, և այնպիսի հարցերի լուծումը, որոնք թվացյալ անլուծելի են։

Տոմաշ Լինդներ, Տոմաշ Բրոլիկ

/ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել www.respekt.cz կայքէջում»։

Հայերեն թարգմանությունը՝ Արսեն Քոչարյանի

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում