
Երեւանի թիվ 135 դպրոցում ներկայացվեց «էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից լույս ընծայած «Չինական գրականության անթոլոգիա» գիրքը։ Թարգմանիչները Գոհար Աթիկյանն ու Ռոբերտ Ծատուրյանն են։ Նրանք թարգմանությունները իրականացրել են միայն չինարենից։ Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ։ Գրքի պատասխանատու խմբագիրը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն է։

Թիվ 135 դպրոցում կայացած հանդիսության ընթացքում հենց աշակերտները ներկայացրին նոր ու ինքնատիպ հրատարակությունը` հայերենով ու չինարենով։ Բեմում հնչում էին չինական գրականության լավագույն նմուշները։ Ավագներն էլ, որոնք աշակերտների հետ դահլիճում էին` ի դեմս Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի,դպրոցի խորհրդի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի, դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանի, արժևորեցին գրքի մշակութային ու փոխշփումային արժեքները և բարձր գնահատեցին այն կոնկրետ քայլերը,որոնց արդյունքում ծնունդ են առնում նման հետաքրքիր ու եզակի հրատարակությունները։ Մասնավորապես նշվեց ու ընդգծվեց Սերգո Երիցյանի ջանքերը, որոնց արդյունքում լույս են տեսել չինական գրականության տարբեր գրքեր։



Հետաքրքիր է այս գրքի ստեղծման պատմությունը, որը գրել է Սերգո Երիցյանը.
“ՉԻՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՆԵՐԿԱՊՆԱԿԸ”
֊Այն ժամանակ, երբ Հայաստան եկավ Հայաստանում Չինաստանի նոր արտակարգ ու լիազոր դեսպանը, մեր առաջին հանդիպման ժամանակ խոսեցինք այն գրքերի մասին, որոնք ռուսերենից թարգմանության միջոցով դեսպանատան հետ համատեղ վերջին տարիներին հրատարակել էինք։ Դրանք առանձին գրքերի տեսքով էին` չինական հեքիաթներ, առակներ, ասացվածքներ, ասույթներ, առասպելներ, չինական պոեզիա, պատմվածքներ, չինական գրականության այլ շերտեր։

6 տարվա ընթացքում այս շարքով հայ ընթերցողին հնարավորություն տվեցինք ծանոթանալ չինական գրականությանը, դեռ ավելին՝ բոլոր ուսումական հաստատությունները եւ գրադարաններն ունեցան այդ գրքերը։ Ավագ սերնդի մարդիկ հիշում էին, որ այդպիսի հնարավորություն եղել է խորհրդային տարիներին, երբ լույս էին տեսնում դարձյալ թարգմանություններ չինարենից,բայց դրանք կատարվում էին ռուսերեն թարգմանությունից։ Դեսպանի հետ հանդիպման ժամանակ խոսք բացվեց ընդհանրապես հայ ֊չինական թարգմանչական դպրոց ձեւավորելու մասին. այդ ասպարեզում բնագրից թարգմանելու փորձեր են արվում։ Հանդիպման ավարտին ես խոստացա գտնել թարգմանիչների, ովքեր հանձն կառնեն իրենց ուղղակի թարգմանության միջոցով ստեղծելու հայ֊չինական առաջին ժողովածուն, որը կթարգմանվի միայն չինարենից։ Չինարեն լեզվի եւ գրականության իմացության սահմաններում, որպես կանոն, խուսափում էին այդ պատասխանատվությունից`միայն չինարենից թարգմանել անթոլոգիա։

Ես գնացի բազմաթիվ փնտրտուքների եւ որոնումերի ճանապարհով։ Առաջին համաձայնությունը ստացա Գոհար Աթիկյանից եւ Ռոբերտ Ծատուրյանից։ Եղան համաձայնողներ եւ հրա ժարվողներ։ Բայց հենց Ռոբերտը՝ Չինաստանից, եւ Գոհարը՝ Երեւանից, մեկ տարվա ընթացքում իրականացրին թարգմանության այդ կարեւոր եւ դժվարին գործը։ Այստեղ անհրաժեշտ չեմ համարել որեւէ կերպ խառնվել նյութերի կոնկրետ ընտրությանը, դրանց տեսակային ներկապնակին` ամբողջական ընդգրկման սկզբունքներին, որոնք տեղ կգտնեն անթոլոգիա֊քրեստոմատիայում եւ սկզբունքորեն բխում են նաեւ մեր թարգմանիչների՝ չինական գրականության իմացությունից։ Ժամանակին, երբ օգտագործում էինք ռուսական թարգմանության փորձը, օգտվում էինք հայ-ռուս գրականության մոտեցումներից։ Մեր կանխագուշակումերը ճիշտ դուրս եկան։ Հեքիաթներն ավելի փիլիսոփայական են եւ որոշ նմանություն ունեն հայկականին։ Սա իրողություն է, որը կարող է ոչ միշտ կարեւորվել թարգմանիչների համար։
Առաջաբանից երեւում է, որ թարգմանիչներն ունեն գրական ստեղծագործության ընտրության իրենց սկզբունքները, որոնց վստահում ու հավատում են, անկախ նրանից, թե այն ինչ ժանրով է՝ պոեզիա, թե՞ էսսե կամ հեքիաթներ, թե՞ լեգենդներ,կամ պատմվածքներ։ Թարգմանիչները ձգտել են ներգրավել չինական գրականության ողջ հարստությունը, որը երեւում է ժողովածուում, մանավանդ, որ ամեն մի հայերեն ստեղծագործությանը հաջորդում է բնագիրը, որին հարկ եղած դեպքում կարող է դիմել ընթերցողը։ Այն հատկապես անհրաժեշտ է նրանց, ովքեր լավ չեն տիրապետում չինարենին, որպեսզի համոզվեն, որ բնագրին համապատասխան է։
Թարգմանիչները ներկայացնում են թարգմանչական որոշակի սկզբունքներ, որոնք թույլ են տալիս ավելի հասկանալի դարձնել գործընթացը։ Սկզբունքորեն մեր թարգմանիչներն իրենց գործունեությամբ արդեն ձեւավորում են հայ֊չինական թարգմանչական դպրոցը, որի առաջին ներկայացուցիչները դարձան Ռոբերտ Ծատուրյանը եւ Գոհար Աթիկյանը՝ արժանապատվորեն մեկ ժողովածուում ներկայացնելով չինական գրականության գանձարանը։
Կարծում ենք, որ այս ժողովածուն եւս սիրելի եւ ցանկալի կդառնա հայ ընթերցողի, նաեւ չինական թեքումով դպրոցների համար։ Հիմա նրանք հնարավորություն կունենան զուգահեռաբար միեւնույն ստեղծագործությունը կարդալ ե՛ւ չինարենով, ե՛ւ հայերենով՝ համոզվելու իրենց թարգմանության ճշգրտության մեջ։ Իսկ դեսպանը խոստացավ, որ անհոգ լինեն. չինական լավագույն գրականությունը կթարգմանվի հայերենով։ Առաջիկայում մենք ներկա ենք լինելու կարեւոր երեւույթի, երբ առաջին անգամ մեր ձեռքում ունենալու ենք չինական գրականության անթոլոգիա֊քրեստոմատիա, որի ստեղծագործությունները թագմանվել են բացառապես չինարենից։ Ես ցանկանում եմ առիթն օգտագործել եւ շնորհակալություն հայտնել Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին՝ ցուցաբերած աջակցության եւ օգնության համար: Եվս մեկ կարեւոր գիրք կդառնա հայ հասարակության, ուսումական հաստատությունների սեփականությունը` ներկայայացնելով չինական գրականության լավագույն ստեղծագործությունները։
Սերգո Երիցյան,
Գրքի պատասխանատու խմբագիր,բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
orer.eu
