Նարեկացու ժառանգության գաղտնիքները՝ դոկտոր Ութիջյանի մատուցմամբ

  • 12.05.2023
  • 0
  • 476 Views

Մայիսի 11-ին ժամը 17-ին Չեխիայի Ազգային գրադարանում տեղի ունեցավ հայագետ, խմբավար, դոկտոր Հայկ Սրկ. Ութիջյանի չեխերենով դասախոսությունը՝ նվիրված Գրիգոր Նարեկացուն։

Դասախոսությունն անցավ Նարեկացու կյանքի ու գրական ժառանգության մասին հետաքրքիր բացահայտումներով։ Բանախոսը նախ հակիրճ անդրադարձավ բանաստեղծի կենսագրությանը, մեզ հասած տվյալներին, ապա խոսեց նրա գրական ստեղծագործությունների, աղոթքների, ձեռագրերի ու դրանց նշանակության մասին։ Այս ամենն ուղեկցվում էր տեսապատկերների ցուցադրությամբ եւ դրանց մանրամասն բացատրությամբ։ Նա ընդգծեց, որ Հռոմի Պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացին դասվել է Ընդհանրական եկեղեցու 38 վարդապետների շարքը։

Դոկտոր Ութիջյանը մասնավորապես կիսվեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում կատարած իր գիտահետազոտական աշխատանքի արդյունքներով, հայտնելով, որ միաբանությունում առկա նարեկյան ձեռագրերն ու տպագրված գործերը համեմատելով, բացահայտել է, որ մի շարք տողեր , որ տեղ են գտել տպագրված տարբերակում, չկան ձեռագրերում։ Իսկ որոշ դեպքերում, նաեւ նկատել է փոխադրման տարբերություններ։ Կանգ առնելով առանձին տաղերի մեկնության վրա, նշեց, որ Նարեկացու 21 տաղերից միայն 6ի համար գրված երաժշտությունն է մեզ հասել։ Բանախոսը նաեւ երգելով ներկայացրեց տաղերից մի քանիսը։

Ցավալի է միայն, որ նման հետաքրքիր դասախոսությանը ներկա չէր հայ երիտասարդությունը։

Չեխիայի Ազգային գրադարանի կազմակերպած «Սբ. Գրիգոր Նարեկացին՝ Սուրբ պոետը» խորագիրը կրող դասախոսությունը տեղի ունեցավ Չեխիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում