Ինչպես տեղեկացնում է «Իսրայելահայեր» էլեկտրոնային թերթի խմբագիր Արտյոմ Չեռնամորյանը, երեկ՝ մայիսի 11ին Իսրայելի հայկական համայնքի տարեց անդամներից մեկը զոհվել է։ Գազայի գոտուց Ռեխովոտ քաղաքի հրթիռակոծության ժամանակ հրթիռի պայթյունից 3րդ հարկի իր բնակարանում զոհվել է 80- ամյա թոշակառու Ինգա Աբրահամյանը։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Պետախ Տիկվայի Իսրայելահայերի 《Նաիրի 》միությունն իր խորին ցավակցություն է հայտնում Աբրահամյանների ընտանիքին։ Տիկին Ինգայի ամուսինը վիրավորվել է հրթիռակոծության արդյունքում։ Ընդհանուր թվով այս շենքի հրթիռահարության պատճառով զոհվել է 1, վիրավորվել 12 բնակիչ։ Շենքի բնակիչները տեղավորվել են հյուրանոցում։
աստված հոգին լուսավորի»։
Արտյոմ Չեռնամորյանը նաեւ տեղեկացնում է, որ 2008 թվականից հայ համայնքը Պաղեստինա-Իսրայելյան հակամարտության արդյունքում զոհեր չէր ունեցել։
Հիշեցնենք, որ 2008 ապրիլի 16֊ին Գազայի գոտում զոհվել էր Հայաստանից Իսրայել տեղափոխված դիրիժոր և կոմպոզիտոր Վահագն Պապյանի որդին ` Դավիթ Պապյանը։
Գազայում նրանց ստորաբաժանումը ծուղակն էր ընկել, եւ պաղեստինցի զինյալների հետ բախման ընթացքում զոհվել էր երեք զինվոր, որոնց թվում էր 21-ամյա շարքային Դավիթ Պապյանն, ով հետմահու իր հերոսության և կրակն իր վրա ընդունելու համար սերժանտի կոչման արժանացավ։
orer.eu