Շուշին Հայրենիք է եւ հավերժող. Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

  • 09.05.2023
  • 0
  • 329 Views

Փա՛ռք նրա ազատագրողներին, շեն-օջախ դարձնողներին, կենսավիշ տվողներին ու պաշտպաններին։

Երեսուն տարի անգամ չկարողացանք պահել՝ նախագահներ եւ վարչապետներ, նախարարներ եւ գեներալներ, պաշտոնյաներ հայրենի եւ սփյուռքահայ։

Շատ էինք մեծամիտ ու բարձրագոչ, ագահ ու որկրամոլ, կարճատես ու ինքնահավան՝ ազգային իրավունքի եւ պետական շահի պատասխանատվությամբ վստահված անարժան դրոշակակիրներ։

Ոսկետղերքը, այո՛, իրենց ամեն ինչը, անգամ կյանքը տվեցին անհավասար մարտում։ Հանուն իրենց նահատակության, ինչպես նաեւ հայոց քաղաքակրթության արեւելյան բերդաքաղաքի ազատագրման 31-րդ տարեդարձի առթիվ հարկ է արձանագրել հետեւյալը․

ա. Շուշին մեր Հայրենիքն է, հավերժական է, վաղ թե ուշ՝ մեր իսկ վերաշտկման եւ ինքնահաղթահարման հետ մեկտեղ վերադառնալու է:

բ. Բոլոր հանցավոր մարդիկ՝ զինվորական, թե քաղաքացի, պետք է քրեական պատասխան տան Շուշիի հանձնման ու բոլոր կանխելի զոհերի համար, եւ առաջին հերթին՝ այդ ընթացքում գործող գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ։

գ. Արցախի Հանրապետությունը՝ Շուշին, Հադրութը, Շահումյանը եւ մնացյալն էլ հետը, 1991 թվականին արդեն իսկ իրագործել էր ինքնորոշման իր իրավունքն ու դարձել ինքնիշխան պետություն՝ համաձայն գործող խորհրդային օրենսդրության եւ Պետությունների իրավունքների ու պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի դաշնագրի (1933)։ Դա ոչ մի առնչություն չուներ եւ չի կարող ունենալ վերոհիշյալ ենթադրյալ մեղապարտի մատնանշած՝ Մադրիդյան սկզբունքների, Ալմա-Աթայի հռչակագրի եւ/կամ այլ՝ թեկուզ խիստ թերի փաստաթղթերի վրա իր կատարած անհեթեթ հղումների հետ, որոնք ընդամենը Հայաստանի Հանրապետության բոլոր անցողիկ կառավարությունների աշխատանքային ձեւակերպումներ էին:

դ. Մինչ Շուշիի հանձնման մեղավորները կկանգնեն հայոց արդարադատության առջեւ եւ խստագույնս կպատժվեն, իրենց թշնամի-բարեկամ զույգերը (դատաքննությունը պետք է դա պարզի), Ադրբեջանի բռնակալի գլխավորությամբ, հարկ է կանգնեն միջազգային քրեական ատյանի առջեւ՝ պատերազմական հանցագործությունների ու մարդկության դեմ բազմաթիվ փաստագրված հանցագործությունների համար:

ե. Իրական, իմաստալից, հեռանկարային խաղաղության պայմանագիր բացառվում է այս երկու անձանց իշխանավարման շարունակման պարագայում։ Նրանք՝ հերթով, թե զուգընթացաբար, պետք է իշխանազրկվեն եւ դատվեն՝ ըստ արժանվույնս ստանալով օրենքի տառին համապատասխան իրենց հասանելիք պատիժը:

Շուշին, Մասիսը, Արագածը, մեր մյուս սրբությունները՝ որպես անսահման եւ միացյալ կամքի ու հանձնառության աղբյուր, որպես բոլորիս Հայրենիքի մի անգին մասունք, պետությունն ամբո՛ղջը, չպետք է թույլ տանք, որ քանդեն ներսից ու դրսից:

Պետք է կասեցնենք մի չար ձեռամբ կատարվող այս խելացնոր գահավիժումը: Հիմա եւ միասին։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

9 մայիսի 2023

Երեւան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում