ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1994 թվականից ի վեր մայիսի 3-ը նշվում է՝ որպես Մամուլի ազատության միջազգային օր։ Հարաբերականորեն որպես լրագրողների մասնագիտական տոն ընկալվող այս ամսաթիվն իրականում ոչ այնքան շնորհավորանքների, որքան մամուլի, խոսքի ազատության բնագավառում մեր երկրում առկա հիմնարար խնդիրները հիշելու առիթ է։
Լրագրողներն այսօր, թերևս, ամենախոցելի մասնագիտական համքարության ներկայացուցիչներն են, քանի որ մամուլի ոլորտն ուղղակիորեն գտնվում է՝ գործող իշխանությունների, որպես հետևանք՝ նաև պետական համակարգի թիրախում։
Հայաստանում հաստատված ձևական, ցուցափեղկային ժողովրդավարության և իրական, բովանդակային ավտորիտարիզմի պայմաններում մամուլն այն եզակի ինստիտուտն է, որը բացահայտում և այդ բացահայտմամբ պայքարում է երկրում ժողովրդավարության կոպտագույն ոտնահարումների, միանձնյա իշխանության ամրապնդման շարունակվող գործընթացների դեմ։ Իր այդ առաքելությամբ մամուլը, լրագրողներն իշխանության համար դարձել են որպես դասակարգային թշնամիներ, քանի որ իրենց մասնագիտական գործունեությամբ խոչընդոտում են իշխանության այլասերմանը։
Դրա մասին են վկայում ոչ իշխանական մամուլի դեմ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների, պետական կառավարման մարմինների կողմից արվող տարատեսակ վարկաբեկող, զրպարտող, կեղծ տեղեկություններ պարունակող, ակնհայտ թիրախավորող հայտարարությունները, նրանց դեմ ներկայացվող անհեթեթ դատական հայցերը՝ ահռելի և անտրամաբանական դրամական փոխհատուցման պահանջներով, ԶԼՄ-ների՝ առանց այդ էլ խիստ անբավարար ֆինանսական միջոցների սահմանափակմանն ուղղված և այլ օրենսդրական նախաձեռնությունները, ֆեյքային հարձակումները, կազմակերպված արշավները սոցցանցերում, լրագրողների հետ տարրական հարաբերությունների մշակույթի տոտալ բացակայությունը։
Իշխանության այս բոլոր քայլերն իրականում ուղղված են ոչ միայն, իսկ երբեմն՝ ոչ այնքան մամուլի, որքան իշխանության հակաժողովրդավարական վարքագիծը զսպող լրագրողների գործունեության դեմ։
Հետևաբար, լայն իմաստով մամուլի ազատությունը, մամուլի ազատության պաշտպանությունն իրականում նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունն է, առանց որի դեմոկրատական արժեքների աղճատումը կարող է հատել անդառնալիության կետը։
Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է լրագրողներին, զանգվածային լրատվության միջոցների բոլոր աշխատակիցներին՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով կամք, տոկունություն, վճռականություն և հաստատակամություն՝ ներկայիս դժվար ժամանակաշրջանի դժվարությունները հաղթահարելու և մասնագիտական ու քաղաքացիական առաքելությունը կատարելու համար։
Հայաստանի Ժուռնալիստների միություն