
28 Ապրիլ 28-ին Քէօլն քաղաքում տեղի ունեցաւ «Արցախի/Լեռնային Ղարաբաղի վտանգուած քրիստոնէական մշակոյթը» միջազգային համաժողով, որ կազմակերպուել էր Գերմանիայի Կաթողիկէ եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Աւետարանական եկեղեցու եւ Գերմանիայի Հայոց թեմի համագործակցութեամբ:
Համաժողովին մասնակցում էին մասնագէտներ Հայաստանից, Գերմանիայից եւ այլ երկրներից, որոնց շարքում Թեմիս առաջնորդ գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը, յուշարձանագէտ եւ մշակութաբան Համլետ Պետրոսեանը:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ համաժողովին իրենց մասնակցութիւնն էին բարում նաեւ Սբ․ Էջմիածնի «Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութեան գրասենեակի» պատասխանատու Հոգշ․ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեանը եւ նոյն գրասենեակի անդամ, հայագէտ Ժասմինէ Դում-Թրագութը:

Համաժողովը բաղկացած էր երկու բաժնից: Օրուայ ընթացքում տեղի ունեցան աշխատանքային-մասնագիտական փակ քննարկումներ, որտեղ հայ եւ օտար մասնագէտները տարբեր տեսանկիւններից ներկայացրեցին Արցախի հայկական-քրիստոնէական հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանման կարեւորութիւնը, Ադրբեջանի կողմից մարդու իրաւունքների եւ ընդհանրապէս միջազգային իրաւունքի ոտնահարումները, հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման փաստերը, Արցախի հարցի միջազգայնացման անհրաժեշտութիւնը, Արցախի միջազգային կարգավիճակ տալու եւ միջազգային պաշտպանութեան տակ առնելու հնարաւորութիւնները:

Երեկոյեան տեղի ունեցաւ համաժողովի երկրորդ բաժինը, որ բաց էր նաեւ հայ եւ օտար այցելուների համար: Միջոցառումը բացուեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնութեան խօսքով, որը գերմաներէն լեզուով ներկաներին ընթերցեց գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը: Իր օրհնութեան խօսքում Վեհափառ Հայրապետը կարեւորել էր նման միջոցառումների կազմակերպումը` միջազգային հանրութեանը, եկեղեցական ու քաղաքական պատկան մարմիններին իրազեկելով եւ հրաւիրելով միանալ Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեանն ուղղուած ջանքերին եւ ծրագրերին: Հայոց Հայրապետը նաեւ իր գնահատանքն ու օրհնութիւնն էր փոխանցել համաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին:
Փակ եւ բաց քննարկումների ընթացքում ներկայացուեցին Արցախի խնդրին եւ նրա հոգեւոր-մշակութային ժառանգութեանն առնչուող մի շարք դասախօսութիւններ, որոնց շուրջ տեղի ունեցան քննարկումներ։
Արման Թաթոյեանը բանախօսեց՝ ««Մարդու իրաւունքներ եւ մշակոյթի իրաւունք. Մարդու իրաւունքների խախտումները Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի/Արցախի օկուպացուած տարածքներում» նիւթով։
Համլետ Պետրոսեանի նիւթն էր․ «Հայկական պատմա-մշակութային յուշարձանների ներկայ վիճակը Լեռնային Ղարաբաղի/Արցախի օկուպացված տարածքներում եւ ռուսական «կապոյտ սաղաւարտաւորների» դերակատարութիւնը»։
Հայր Գարեգինն ու Ժասմին Դում-Թրագութը բանախօսեցին «Հայկական յուշարձանների ոչնչացումը, օտարումը եւ իւրացումը ադրբեջանական իշխանութիւնների կողմից Արցախ/Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կողմից վերահսկուող տարածքներում եւ Մայր Աթոռի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պաշտպանութեան գրասենեակի գործունէութիւնը» թեմայով։
Գերմանահայ իրաւաբան Սառա Բաբայեանի բանախօսութեան նիւթն էր՝ «Արցախի հայ-քրիստոնէական մշակոյթի փրկութեան ուղիները միջազգային իրաւունքի տեսանկիւնից»։
Գերմանացի աստուածաբան Հարալդ Զիւրմանը բանախօսեց` «Քրիստոնեայ ժողովուրդների մշակութային ժառանգութիւնը ընդհանուր համատեքստում» նիւթով:
Գերմանական Կոնրադ-Ադենաուէր հիմնադրամի ներկայացուցիչ Ստեփան Մալերիուսը ներկայացրեց՝ «Հարաւկովկասեան հակամարտութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը եւրոպական տեսանկիւնից» զեկոյցը։
Համաժողովի նախորդ օրը, 27 ապրիլ 2023-ին, Թեմիս առաջնորդ Սերովբէ սրբազանը, Հայր Գարեգին վարդապետը, պարոն Արման Թաթոյեանը Բեռլինում հանդիպում ունեցան Եւրոպական Միութեան եւ Գերմանիայի կառավարութեան մօտ Գերման-Աւետարանական եկեղեցու լիազօր ներկայացուցիչ տիկին Աննէ Գիդիոնի եւ նրա փոխանորդ դոկտ․ Շտեֆան Իրօյի հետ։ Մասնակիցները լիազօր ներկայացուցչին ներկայացրեցին Արցախի շուրջ տեղի ունեցող ներկայ զարգացումներն ու իրավիճակը, Ադրբեջանի հակահայկական ու հակամարդկային սանձարձակ գործողութիւնները, մշակութային ժառանգութեան ոչնչացումները՝ խնդրելով նրան իր հնարաւոր միջոցներն օգտագործել եւ եւրոպական ու գերամանական պատկան մարմինների ուշադրութիւնը կրկին հրաւիրել Արցախի հարցի վրայ։

Համաժողովի քննարկումներն ու երեկոյեան միջոցառումը վարում էր ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Մարկուս Մեկէլը:
Համաժողովի ընդմիջումներից մէկի ընթացքում մասնակիցները Թեմիս առաջնորդ Սերովբէ սրբազանի առաջնորդութեամբ այցելեցին Քէօլն քաղաքի կենտրոնական վայրերից մէկում տեղադրուած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին կանգնեցուած «Այս ցաւը բոլորինս է» յուշարձանին, ուր Սրբազան Հայրը կատարեց կարճ բարեխօսական աղօթք։

Համաժողովի օրը երեք եկեղեցիները հրապարակեցին համատեղ մամլոյ հաղորդագրութիւն, որի հայերեն թարգմանութիւնը կցում ենք այս հաղորդագրութեանը:
Եկեղեցիները մտահոգ են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով
Միջեկեղեցական համաժողով` նուիրուած մշակութային ժառանգութեան պաշտպանութեանը, 28 ապրիլ 2023
Հայտարարոություն
«Լեռնային Ղարաբաղի վտանգուած քրիստոնէական մշակութային ժառանգութիւնը» խորագրով Գերմանիայի Քէօլն քաղաքում համատեղ կազմակերպուած մասնագիտական համաժողովի առիթով Հայ Առաքելական Եկեղեցին, Գերմանական Եպիսկոպոսաց Խորհուրդը եւ Գերմանիայի Աւետարանական Եկեղեցին իրենց մտահոգութիւնն են յայտնում տարածաշրջանում հակամարտութեան յետագայ սրմամբ:
1980-ականների վերջից առ այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ռազմական հակամարտութեան պատճառով տուժել են ոչ միայն այնտեղ ապրող մարդիկ, այլեւ աշխարհի հնագոյն քրիստոնէական շրջաններից մէկի մշակութային կարեւոր արժէքները: Աւելի քան հազարամեայ պատմութիւն ունեցող բազում քրիստոնէական վանքերի ու եկեղեցիների սպառնում է օտարացում ու ոչնչացում: Ինքնութիւնն ու պատկանելիութիւնը քօղարկելու քաղաքական նկատառումներով ոչնչացւում են նաեւ արձանագրութիւններ ու տապանաքարեր:
Միջազգային իրաւունքի տեսանկիւնից վիճարկելի տարածաշրջանում վերջին ամիսներին վատթարացել են նաեւ մարդկանց կենցաղային պայմանները: Հայաբնակ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի (Բերձորի) միջանցքի շրջափակումը եւ սահմանների երկայնքով զանգուածային զօրամիաւորումների տեղակայումը դարձեալ սրել են հակամարտութիւնը Հարաւային Կովկասում: Մարդասիրական աղէտ է սպառնում:

Ըստ այդմ` համաժողովի կազմակերպիչները աջակցում են Գերմանիայի Միջեկեղեցական Կենտրոնական Խորհրդի 2023 թուականի մարտի 23-ին հրապարակուած խաղաղութեան ու համերաշխութեան համար աղօթքի կոչին: «Հաշուի առնելով տարածաշրջանում ապրող ժողովրդին սպառնացող եւ աւելի ու աւելի անտանելի դարձող իրավիճակը, մենք համերաշխութեան ու աղօթքի կոչ ենք անում»,- նշում է Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը: «Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում 120 հազար մարդ զրկուած է սննդի ու բժշկական անհրաժեշտ պարագաների մատակարարումից»:
Գերմանիայի Եպիսկոպոսաց Խորհրդի «Համաշխարհային եկեղեցի» յանձնախմբի նախագահ Բերտրամ Մայէր եպիսկոպոսը շեշտում է ճգնաժամին քաղաքական պատասխան տալու անհրաժեշտութիւնը. «Որպէս քրիստոնեաներ մեր պարտականութիւնն է խթանել տարբեր ժողովուրդների, կրօնների ու քաղաքական համոզմունքների միջեւ երկխօսութիւնը, որպէսզի Հարաւային Կովկասում ապրող մեր քոյրերն ու եղբայրները կարողանան ապրել խաղաղութեան մէջ միասին, եւ հնարաւոր դառնա հաշտեցումը: Մենք նաեւ կոչ ենք անում Եւրամիութեանը աշխատել հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ` ի շահ տարածաշրջանի բոլոր մարդկանց եւ հազարամեակների մշակոյթի պահպանութեան»:
Գերմանիայի Աւետարանական եկեղեցու միջեկեղեցական ու միջազգային յարաբերութիւնների ղեկավար Պետրա Բոսսէ-Հիւբեր եպիսկոպոսը շեշտում է. «Մենք աղօթում ենք Աստծուն կանխել Հայաստանի սահմաններին հետագայ բռնութիւնները եւ անընդհատ աճող թշնամանքի պայմաններում քաղաքական, տնտեսական ու սոցիալական պատասխանատուութիւն ունեցող անձերին ուղիներ ցոյց տալ` գործելու բոլորի բարօրութեան համար»:
Գերմանիայի Հայոց Թեմ
Գերմանիայի Կաթողիկէ Եպիսկոպոսաց Խորհուրդ
Գերմանիայի Աւետարանական Եկեղեցի
Քէօլն, 28 Ապրիլ 2023
*
Fotos: u. a. Edmond Haghnazarian https://www.facebook.com/edmond.haghnazarian




