«Վերածնունդ» խորագիրով համերգ Լիբանանում նվիրված Հայոց ցեղասպանությանը

  • 28.04.2023
  • 0
  • 679 Views

Հովանավորությամբ Մարոնի եկեղեցվո պատրիարք Պշարա Ռայիի, կազմակերպությամբ Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչության, մասնակցութեամբ հայ հարանավանությանց հոգեվոր պետերու ներկայացուցիչներ` Կոմիտաս արք. Օհանյանի, Գէորգ եպս. Ասատուրյանի և վեր. Նշան Պագալեանի, ներկայութեամբ Լիբանանի մշակույթի նախարար Մոհամետ Մուրթադայի, Հայաստանի դեսպանատան անձնակազմի, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի, Համազգայինի Կենտրոնական վարչության, ներկա և նախկին նախարարների և երեսփոխանների, պետական բարձրաստիճան պատասխանատուների և քաղաքապետական խորհուրդների ներկայացուցիչների, հայ քաղաքական կուսակցությունների, մարզական, բարեսիրական, մշակութային, կրթական, ուսանողական, երիտասարդական միությունների եւ կառոյցների մեծ թվով ներկայացուցիչների և պատասխանատուների, հոգևորականների, արվեստագետների, ինչպէս նաեւ հայ, արաբ և օտար հոծ բազմության առջև, ապրիլի 25ին, մարոնիների Պքերքէի պատրիարքարանի մէջ Հայոց ցեղասպանության 108րդ ամյակի առթիվ տեղի ունեցավ հավաքական աղոթք և համերգ` «Վերածնունդ» խորագիրով, կատարմամբ Շողիկ Թորոսյանի` սոպրանո (Լիբանան), Սիփան Օլահի` տենոր – դիրիժոր (Անգլիա), Մարիա Փալազյանի` դաշնամուր (Անգլիա), մասնակցությամբ Համազգայինի լարային քառյակի` Արմեն Ջենթերջյան (ջութակ), Ալեքս Տոներյան (ջութակ), Աննա Քայդորֆ (ալտ) եւ Անժելա Հունանյան (թավջութակ):

Նշենք որ համերգը ուղիղ եթերով ցուցադրվեց Լիբանանի հանրային հեռուտաընկերության կողմից:

Մարոնիների Սբ. Յարություն եկեղեցվո մէջ տեղի ունեցած համերգի բացման խոսքով հանդես եկավ դոկտ. Քրիստին Արզումանյանը: Նա ասաց, որ հավաքված ենք նշելու Հայոց ցեղասպանութեան 108րդ ամեակի վերածնունդը` շեշտելով, որ հակառակ ժամանակի անցումին, այս սոսկալի դէպքի հիշատակը տակավին թարմ է աշխարհասփյուռ հայության սրտերի և մտքերի մէջ:

Արզումանյանը շնորհակալություն հայտնեց Պշարա Ռայի պատրիարքին և մարոնի եկեղեցվո` իրենց հյուրընկալության համար:

Հայտագիրի ընթացքում Շողիկ Թորոսյանը երաժշտախմբի հետ կատարեց Է.Ռահբանիի, Շ.Գունոի, Ա.Այվազյանի, Լ.Արդիտտիի երգերն ու արիաները, Սիփան Օլահը կատարեց Վ.Սանդերսոնի, Ջ.Քերնի, Ալ.Հարությունյանի, Ս.Բիկսիոի արիաներն ու երգերը: Ինչպես նաև Շողիկ Թորոսյանն ու Սիփան Օլահը միասնաբար կատարեցին հետևյալ զուգերգերը` Շառլ Ազնավուրի «Ավե Մարիա», Ա.Տիգրանյաի «Անուշի եւ Սարոի զուգերգ», Կոմիտասի «Հաբրբան», և Է.Կուրտիսի «Ինձ մի մոռացեք», Ալ.Հարությունյանի «Հայրենիքիս հետ» երգերը: Մարիա Փալազյանը և Համազգայինի քառյակը դիրիժորությամբ Ս.Օլահի նվագեցին Ա.Գևորգյանի «Երևան 2800»-ը, իսկ Մարիա Փալազյանը կատարեց Ղ.Սայանի «Երեք Պոստլյուդ» մենանվագը: Բոլոր երգերի ընթացքում դաշնամուրի նվագակցությանմբ ընկերակցեց Մարիա Փալազյանը ինչպես նաև Համազգայինի քառեակը` Արմեն Ջենթերջյան (ջութակ), Ալեքս Տոներյան (ջութակ), Աննա Քայդորֆ (ալտ) եւ Անժելա Հունանյան (թավջութակ):

Համերգի եզրափակիչ խոսքով հանդես եկավ Պշարա Ռայի պատրիարքը: Ակնարկելով լիբանանահայությանը` պատրիարքը ասաց. «Ես վկայում եմ Լիբանանի նկատմամբ հայ ժողովուրդի ունեցած սերն ու հավատարմությունը, որ գերազանցում է շատ լիբանանցիների ունեցած հավատարմությանը, որովհետև դուք ապրել եք հայրենիքի ցավը, հայրենիքի կորուստը, հետևաբար գիտեք հայրենիքի արժեքը: Դուք վախենում և մտահոգվում եք Լիբանանի համար: Մենք ճանաչում ենք ձեզ, գիտենք ձեր զգացումները», հաստատեց պատրիարքը:

Եզրափակելով իր խօսքը` Պշարա Ռայի պատրիարքը ասաց. «Միայն գեղեցկությունը կփրկի մարդկությունը: Ինչպես որ գեղեցիկ երաժշտություն կայ, նույնպես մենք կարիք ունենք գեղեցիկ քաղաքականության, գեղեցիկ առևտրականության, գեղեցիկ մարդկության: Կաղոթենք բարձրյալն Աստուծո, որ մեզ մասնակից դարձնի իր գեղեցկութեամբ: Չկայ փրկութուն Լիբանանի մեջ, եթե մենք չբռնենք գեղեցկութեան ճամբան, կրթության ճամբան»:

Համերգը եզրափակվեց Գ.Երինյանի «Կիլիկիա» երգով` Շողիկ Թորոսյանի, Սիփան Օլահի և երաշժտախոմբի կատարմամբ, ինչպես նայև ավելի քան 1000ից ավել ոտնկայս հանդիսատեսի ձայնաքցությամբ:

Սա Շ.Թորոսյանի, Ս.Օլահի, Մ.Փալազյանի առաջին համագործակցությունը չէ: Նրանք փայլուն համերգով հանդես էին եկել Լոնդոնում Մարտի 18ին կայացած օպորային գալա համերգին: Նրանց գեղեցիկ և վարպետորեն կատարումները կարողացան պահել երաժշտական բարձր մակարդակ` գեղարվեստական վայելքի պահեր նվիրելով հանդիսատեսին: Նրանց կատարումները հմայեց մշակութասեր բոլոր ներկաներին, որոնք բարձր գնահատեցին երաժիշտների ոգևորիչ մեկնաբանութունը և երկարատև ծափահարություններով հայտնեցին իրենց գոհունակութունն ու գնահատանքը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում