Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկել է «Ոգեշնչում» նոր կրթական ծրագիրը Ալեքսիս Փոլի հետ

  • 28.04.2023
  • 0
  • 299 Views

Ապրիլ 28, 2023թ, Երևան. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Ոգեշնչում» նոր կրթական ծրագրի մեկնարկը:

ԳԱԿ-ի նոր ծրագիրը հիմնված է 2023թ․ ապրիլի 14-ից հունիսի 25-ը ԳԱԿ-ում գործող «Ասեղնագործ մեղեդիներ. ձայնային ճամփորդություն Ալեքսիս Փոլի հետ» ցուցադրության վրա, որի շրջանակում ներկայացված է ֆրանսիացի արվեստագետ, երաժիշտ, կոմպոզիտոր Ալեքսիս Փոլի նախագիծը և վերջինիս կապը հայկական մշակութային ժառանգության հետ:

Կրթական ծրագրի շրջանակում մասնակիցները նախ կծանոթանան ցուցադրության մանրամասներին, սրահում ներկայացված երաժշտական գործիքներին և Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուի մաս կազմող ասեղնագործության և գորգարվեստի նմուշներին: Ծրագրի ստեղծագործական հատվածում, հայկական զարդարվեստին նվիրված տեսանյութի ներկայացումից հետո, մասնակիցներին կառաջարկվի պատկերել նոր զարդանախշեր և Ալեքսիս Փոլի նախագծով ոգեշնչված՝ այդ զարդանախշերի նոր կիրառության ձևեր:

Կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել ժամանակակից արվեստում ավանդական արհեստների, այս դեպքում՝ ասեղնագործության օգտագործման հայեցակարգը,  խրախուսել մասնակիցներին փորձարկումներ անել զարդանախշերի հետ՝  ուսումնասիրելով արվեստի տարբեր ձևերի հետ համադրման ստեղծագործական հնարավորությունները:  Այն նաև կոգեշնչի մասնակիցներին շարունակելու բացահայտել արվեստի տարբեր ձևերը և արտահայտելու իրենց հետաքրքրությունն ու սերը ստեղծագործական ոլորտներում:

Մասնակցել կարող են 12 տարեկանից բարձր բոլոր տարիքային խմբերն ու ընտանիքները։ Մասնակցությունն  անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:                    

Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։                                                                                          

***
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում