Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետի տեղադրմանը

  • 27.04.2023
  • 0
  • 243 Views

Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի. սրա միակ ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում. Վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտում է կառավարության մամուլի ծառայությունը։

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետի տեղադրմանը և այս համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայության անհրաժեշտությանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում: Ու եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից: Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է:

Միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղարդմանը Լաչինի միջանցքում: Բայց կարևոր է նաև արձանագրել այս և սրան նախորդած մի շարք գործողությունների իրական և խորքային նպատակը: Այդ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելն է, և հենց սա պետք է լինի մեր բոլորիս, միջազգային հանրության ուշադրության առարկան:

Հաջորդ հարցը, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետ տեղադրելով ավելի է սրվում, հետևյալն է՝ որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները: Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը 2020  թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է:

Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության, ըստ էության, բոլոր կետերը: Այս ամենի արձանագրումը սակայն պետք է բերի կոնկրետ եզրակացությունների, և ուզում եմ ներկայացնել նաև մեր պատկերացումներն իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով՝ ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն, բացի Ռուսաստանի Դաշնությունից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի: Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակներում:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Արդբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ: Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Մեզնից և միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ և անկեղծ ջանքեր իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասենլու համար:

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը: Բայց այդ ջանքերին զուգահեռ, ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը: Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում: Որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը: Շնորհակալություն»:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում