Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ Վառնայում

  • 27.04.2023
  • 0
  • 47 Views

Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակ գերշ․ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ:

Նախ ապրիլի 23-ի կեսօրին Վառնայի Հայկական Դպրոցի սրահում «Սուրբ Սարգիս» Մշակույթի տան սաները ներկայացրեցին գրական-երաժշտական ծրագիր: Նրանք հանդես եկան ասմունքով, երգերով, ինչպես նաև ներկայացվեց հայ ավանդական պար Կոմիտաս վարդապետի «Կռունկ» երգի երաժշտության ներքո: Ապրիլի 23-ի երեկոյան հարյուրավոր հայորդիներ և բուլղար բարեկամներ մասնակցեցին ավանդական ջահերով երթին, որը սկսվեց Վառնայի «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակից և անցնելով քաղաքի կետրոնական փողոցներով հասավ Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ:

Ապրիլի 24-ին Վառնայի «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակը նորից բազմամարդ էր և հարյուրավոր հայորդիներ ու օտարազգի բարեկամներ հավաքվել էին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակը: Երեկոյան ժամը 18:00-ին եկեղեցու զանգերը ազդարարեցին միջոցառման սկիզբը:

Միջոցառումը հանդիսապետում էր գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ներկա էին Վառնայի քաղաքապետ տիար Իվան Պորտնիխը, Վառնայի եկեղեցական վարչության ատենապետ տիար Մասիս Բաղդադյանը, պետական ու համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Սրբազան հորն ուղեկցում էր Ռումանիոյ հայոց թեմի վարչատնտեսական հարցերով փոխառաջնորդ, Կոնստանցայի հոգևոր հովիվ արժ․ Տ․ Գրիգոր քահանա Հոլկան։ Նախ կատարվեց Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ, որից Տաթև Սրբազանն ոգեշնչող խոսքով դիմեց ներկաներին: Սրբազանը կոչ արեց երբեք չմոռանալու հայոց պատմության մռայլ էջը և մոռացության չմատնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայ ժողովուրդը լինելով քրիստոնյա ժողովուրդ, մշտապես եղել է խաղաղության կողմնակից, սակայն իրական խաղաղությունը հնարավոր է, երբ Թուրքիան պաշտոնապես ճանաչի իր հանցագործությունը, ներում հայցի հայ ժողովրդից և վերադարձնի այն, ինչ ժողովրդից խլվել է: Սրբազան Հայրը կոչ արեց ներկա հայորդիներին, որ երբեք չհուսահատվեն, չկորցնեն իրենց հավատքը գալիք լուսավոր ապագայի հանդեպ և վառ պահելով Սուրբ նահատակների լուսավոր հիշատակը սրտերում շարունակեն պայքարը վասն հայրենյաց, վասն հավատոյ:

Այնուհետեւ Արուսինա Փափազյանը բուլղարերենով ներկայացրեց Հայոց ցեղասպանության հակիրճ պատմությունը, որից հետո ներկաները, առաջնորդությամբ Սրբազան Հոր, Վառնայի քաղաքապետ տիար Իվան Պորտնիխի և բոլոր ներկաների հետ երթով շարժվեցին դեպի Վառնայի կենտրոնում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանը: Հուշարձանի մոտ հուզական խոսքով հանդես եկավ Վառնայի հայ համայնքի ներկայացուցիչ տիար Կարեն Բեյլերյանը:

Այնուհետեւ Հայկական Կիրակնօրյա դպրոցի սաները արտասանեցին բանաստեղծություններ Պարույր Սևակից, Հովհաննես Թումանյանից և Պեյո Յավորովից: Ներկաները հուշարձանի մոտ զետեղեցին ծաղիկներ և ծաղկեպսակներ:

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում