Ապրիլի 26-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների հետ՝ ղեկավար Թիմ Լոթընի գլխավորությամբ, և հայ համայնքի ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ դրեցին Սենոտաֆ հուշահամալիրի մոտ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Դեսպան Ներսեսյանն իր խոսքում ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը՝ որպես արդարության և ապաքինման ուղղությամբ շոշափելի քայլ։ Դեսպանը կարևորել է պատմության դասերին անդրադառնալու, նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Այս համատեքստում դեսպանը հարգանքի տուրք մատուցեց բրիտանական պատմության նշանավոր դեմքերին, ինչպիսիք են վարչապետ Գլադստոնը, Ջեյմս Բրայսը և պատմաբան Առնոլդ Թոյնբին, ովքեր 19-րդ դարի վերջերից և Հայոց ցեղասպանության իրականացման ընթացքում պատշաճ ուշադրություն են հրավիրել հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրության կողմից իրականացված հանցագործության վրա։
Դեսպան Ներսեսյանը եզրափակեց՝ ընդգծելով Արցախի ժողովրդի հետ համերաշխության դրսևորման կարևորությունը՝ կանխելու տարածաշրջանի հայերի նկատմամբ էթնիկ զտումների և ապագա վայրագությունների իրականացումը։
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լոնդոնում.
Ապրիլի 22-ին դեսպան Ներսեսյանը և դեսպանատան աշխատակիցները մասնակցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա երթին, որին հաջորդեց ծաղկեպսակի զետեղումը Լոնդոնի Սենոտաֆ հուշահամալիրին։
Ապրիլի 23-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Պատարագից հետո դեսպան Ներսեսյանը ելույթ ունեցավ Սուրբ Եղիշեի բակում տեղադրված հայկական խաչքարի առջև՝ ընդգծելով անցյալի ցեղասպանությունները հիշելու և դրանց ճանաչման կարևորությունը՝ որպես կենսական գործիք աշխարհի ցանկացած կետում նման վայրագությունների կրկնությունը կանխելու համար։ Այս կապակցությամբ դեսպան Ներսեսյանը հայտնեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և նպաստելու միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ապագա ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։
Դեսպանն ընդգծեց, որ ցեղասպանությունը հանդիսանում է որպես նախազգուշացում չվերահսկվող ազգայնականության, ռասիզմի և անհանդուրժողականության վտանգների մասին՝ ընդգծելով Լաչինի միջանցքի շարունակվող անօրինական շրջափակման դեպքը և միջանցքի երկայնքով նոր անցակետի տեղադրումը, որը սպառնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումներով։
Ապրիլի 23-ի երեկոյան Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ էկումենիկ աղոթք։ Աղոթքին ներկա էին տարբեր դավանանքների քրիստոնյա առաջնորդներ։
orer.eu