
Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով միջոցառումներն այս տարի՝ 2023 թվականին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում սկսվեցին ապրիլի 21–ին։
Առաջին միջոցառումը, որը տեղի ունեցավ Լուիզեն եկեղեցում, կազմակերպել էր Բեռլինի եկեղեցական և մշակութային հայկական համայնքը։ Ներկա էին համայնքի ատենապետուհի տիկին Սոնա Չուգասզյան–Այպերը և խորհրդի անդամները, գերմանահայոց թեմի հոգևոր Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, ՀՀ դեսպանի օգնական Արմենուհի Թադևոսյանը, դր․ Ժիրայր Քոչարյանը, ՀԵՄԱ հկ նախագահ Միքայել Մինասյանը, արվեստագետներ, մտավորականներ և այլոք։



Համայնքի ատենապետուհի տիկին Սոնա Չուգասզյան–Այպերը իր ելույթի խոսքում ողջունելով հյուրերին նշեց․ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր երկու միլիոն անմեղ զոհերի հիշատակին։ Այո մենք հիշում ենք և այն փոխանցում մեր սերունդներին։ Մենք մեր ժառանգության կրողներն ենք։ Եվ այստեղ որոշիչ հարցն այն է, թե այս առանձնահատուկ ժառանգությանն ինչ կարևորություն ենք տալիս։ Մենք պետք է և պարտավոր ենք այս մասին խոսել ու քննարկել։ Այդ վայրը համայնքն է։ Օգտագործեք խնդրում եմ այդ հնարավորությունը»։
Հայկական ինքնությունը պահելու համար տիկին Չուգասզյան–Այպերը ուշադրություն հրավիրեց բեմականացվելիք դրվագին, թե ինչպես է տատիկը թոռնիկին սովորեցնում հայոց այբուբենը․ «Նա ինքնության սերմերն արդեն ցանել է»։ Շեշտելով, որ մեր զոհերին հարգանքի տուրք մատուցելը օրացույցի մեկ օրվա հետ երբեք չենք կապում, այլ անդադար պրոցես է այն։ Իր ասելիքն ամփոփեց ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի հայտնի խոքով․ «Մի ժողովուրդ, որ չի ցանկանում մեռնել, չի մեռնի»։

Գերմանահայոց թեմի հոգևոր Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը երգեցողությամբ տերունական աղոթքն առ աստված հղեց՝ ի հիշատակ անմեղ զոհերին։
Բեռլինաբնակ երատասարդ հայուհիներից հանդես եկավ տիկին Անաիս Գյովեզը, ով խոսեց առավելապես հայի ինքնության մասին։ «Ես Անաիսն եմ, ծնվել եմ Բեռլինում։ Ազգանունս Գյովեզ է, սրանով է իմ ինքնության պատմությունը սկսվել գրվել։ Իմ ապուպապերին չեմ ճանաչել, ովքեր իրականում Սինանյան են կոչվել և 1915–ից սկսած ստիպված են եղել թուրական ազգանուններ կրել։ Այն ժամանակ շատերին է իբրև ճակատագիր դա բաժին հասել։ Ես բազմիցս եմ ստիպված եղել բացատրել , որ իմ ծնողները Թուրքիայից հրավիրված բանվորներ չեն, այլ ՝ մենք հայեր ենք։ Եվ ինչպես միշտ հնչում էր հաջորդող հարցը, թե ովքե՞ր են հայերը։ Ժամանակի ընթացքում ես կարողացա, բնականաբար, պատասխանելու համար ինքնակազմակերպվել։ Մեր հայկական «յան» վերջավորությամբ ազգանունները առանձնահատուկ բնորոշիչն են մեր պատկանելության։ Ես այդ տեսակին եմ պատկանում։ Պարտադրելով ազգանուն փոխել՝ նրանք ցանկացել են իրենց անհրաժեշտ միատարր հասարակությունն ստեղծել։ Ճիշտ է, ես գրվում եմ Գյովեզ, բայց պատկանում եմ Սինանյաններին։ Այսօր էլ նույն համակարգված ձեռագրով շարունակվում է այդ ավերումը գրավված Արցախի այն վայրերում, ուր վերացնում են հետքերը բնիկ հայերի հայրենիքից։ Ես մեծացել եմ «ազատություն», «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ» և նման արժեհամակարգ որդեգրած հասարակության մեջ։ Եվ ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ է, այս ամենը ողջ մարդկությանը չի վերաբերվո՞ւմ»,– իր խոսքում նշեց բանախոսը։

Միջոցառման ընթացքում երկլեզու ասմունքներով ելույթ ունեցան գերմանաբնակ երիտասարդներ Կարապետ Հացիկյանը, Նարեկ Բաղդասարյանը, Վահե Բազիկյանը և Մարալ Պետրոսյանը։ Օրվա խորհրդին համահունչ երաժշտական կատարումներով հանդես եկան ջութակահար Վարուժան Սիմոնյանը և դաշնակահար Պիերրե Ռաֆֆելը (մայրը՝ Աննա Հովհաննիսյան)։ Հուշ երեկոն իրենց ելույթներով եզրափակեցին համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները՝ հայերենի ուսուցչուհի Լիլիթ Պետրոսյանի ղեկավարությամբ։
Հաջորդ օրը՝ ապրիլի 22–ին մեկնարկեց ամենամյա ավանդական ցույցը՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց։ «Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը» ստեղծման օրվանից ի վեր հետևողականորեն նույն պահանջով նույն վայրում է՝ հիմնադիր անդամներ դր․ Ժիրայր Քոչարյանի և գերմանացի իրավապաշտպան տիկին դր․ Թեսսա Հոֆմանի ղեկավարությամբ։


Տերունական աղոթքն արտասանելուց հետո պարոն Քոչարյանը նշեց հայ մտավորականներից տասնհինգ նոր անուն, ովքեր սպանվել են 108 տարի առաջ Արևմտյան Հայաստանում։ Ներկաներին կարճառոտ հիշեցրեց մեր հսկայածավալ կորուստների մասին՝ գալով մինչև մեր օրերը՝ Արցախում կատարվող ահասարսուռ ներկան։ Նա իր ելույթն ավարտեց՝ հռետորական հարց տալով Հայաստանի կառավարությանը․ «Բաքվում 2020 թվականին թուրքերի նախագահը բարձրաձայն հայտարարեց, որ իրենք ավարտին են հասցնում այն, ինչն սկսել են 1915 թվականին։ Եվ այսօր հարաբերությունների կարգավորում թուրքերի հե՞տ։ Ալիև և Էրդողան բռնապետերն այսօր բազմաթիվ լրագրողների, գրողների և մտավորականների բանտերում են պահում։ Նրա՞նք պիտի լինեն հայերի ու Հայաստանի վստահելի գորընկերները։ Ինչ է՝ մենք պատմությունից դասեր չե՞նք քաղելու․․․»։
Տիկին Հոֆմաննը Թուրքիայի արյունով լի անցյալի մասին հակիրճ խոսեց՝ կարևորելով դրա հետևանքների անտեսման հարցը, որի պատճառով ներկա պահին Արցախում պատմությունը կրկնվում է։ Վստահեցրեց, որ իրենց հանձնախումբը նպատակասլաց աշխատանքով պահանջում է Թուրքիայից, որ ճանաչի և հատուցի միլիոնավոր մարդկանց բնաջնջելու և հայրենազրկելու համար։


Ներկաներից ելույթ ունեցան երիտասարդ պատմաբան Մանվել Հասրաթյանը և ազգությամբ հույն, 2020 թվականից «Ցեղասպանության ճանաչման հանձնախումբի» անդամ տիկին Պարտենա Իորդանիդոուն։ Երիտասարդները իրենց ոգեշունչ ելույթներում մեծ դժգոհություն հայտնեցին մասնավորապես միջազգային հանրությանը, որ ցայսօր ցեղասպան Թուրքիան անպատիժ է մնացել, չի ենթարկվել պատժամիջոցների։ Թվարկելով թուրքերի ցեղասպան մի շարք արարքներ՝ նախորդ դարասկզբից սկսած, նրանք անդրադարձան մասնավորապես այսօր ծավալվող իրադարձություններին մեր հայրենիքի արևելքում՝ Արցախում։ Կոչ անելով գերմանական ներկա իշխանությանը՝ սթափ նայել իրականությանը, նշեցին, որ վերջիններս ոչ միայն հանդուրժում, այլ նաև առևտրի միջոցով հովանավորում են այս տեռորը։ Բարձրաձայն հարցեր հնչեցին, թե միչև ե՞րբ է շարունակվելու անտարբերությունը այս ամենի նկատմամբ, ե՞րբ է ի վերջո հանցագործությունը ճանաչվելու և ե՞րբ է դպրոցական կրթական ծրագրերում տեղ գտնելու օսմանական կայսրությունում իրագործված ցեղասպանության պատմությունը։
Նույն օրը երեկոյան Բեռլինի հայկական համայնքի դահլիճում հիշատակի օրվան նվիրված զեկույցով հանդես եկավ Բեռլինի Ազատ համալսարանի դր․, պրոֆ․, պատմաբան տիկին Էլկե Հարթմանը։

Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունները Բեռլինում շարունակվեցին հաջորդ օրը՝ քաղաքի Շառլոթենբուրգ թաղամասի պատմական պանթեոնում։ Ներսում գտնվող մատուռում ներկաներին ողջունեց դր․, պրոֆ․ տիկին Թեսսա Հոֆմանը։ Ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը՝ նա հրատապ համարեց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը։ Իրավապաշտպանի կարծիքով աշխարհը անարդարացի է վերաբերվում այս հարցին՝ օրինակ բերելով ներկա հայ-թուրքական պատերազմը Արցախում և աշխարհի բացարձակ անտարբեր լռությունը։

Անտարբերության լռությունից զարմացած և դառնացած էր նաև պարոն դր․ Ժիրայր Քոչարյանը, ով իր ողջույնի խոսքում խոսեց Թուրքիայի ծրագրված արյունոտ քաղաքականության և հայկական ներկա իշխանությունների ոչ հստակ քայլերի մասին։
Ասմունքով և ոգեկոչման ու պահանջի խոսքով ելույթներ ունեցան գերմանաբնակ դերասանուհի Բեա Էհլերս Կերբեկյանը, Նատալի Յունգ Հվա Հանը, Յասնա Չաուշեվիչը, Արամ Անտոնյանը, Թալին Ակկայան և Վարդան Հակոբյանը։ Երաժշտական կատարումներով հանդես եկավ բեռլինաբնակ երգիչ Արտակ Կիրակոսյանը։
Ներկաներն այնուհետև իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին՝ հուշապատի առջև ծաղիկներ դնելով։ Այստեղ գերմանահայոց թեմի հոգևոր Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը աղոթք բարձրացրեց և հոգեհանգստյան կարգ կատարեց։
Մեկ ու կես մլն մեր անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու համար ապրիլի 24–ին Բեռլինի սբ․ Հեդվիգ տաճարի բակում գտնվող հայկական խաչքարի մոտ նույնպես հարգանքի տուրք մատուցվեց։ Այստեղ Գերմանահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի գլխավորությամբ բարեխոսական աղոթք հնչեց։ Ծաղկեպսակներ դրեցին Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքարդտը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, նույն խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանը և այլոք։

Այնուհետև երեկոյան Բեռլինի Ֆրիդրիխսհայն թաղամասի կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունը։ Այն միահամուռ ջանքերով կազմակերպել էին՝ Գերմանահայոց թեմը, ՀՀ դեսպանությունը և կենտրոնական խորհրդը։»

Այս ֆիլմը պատմում է Ավրորա Մարդիգանյանի (1901–1994) կյանքի հուզումնառատ պատմությունը։ Հերոսուհին դեռահաս տարիքում վերապրում է ցեղասպանության արհավիրքները, ուր կորցնում է ողջ ընտանիքը և միայնակ մազապուրծ հասնում Միացյալ Նահանգներ։ Այնտեղ նրա կյանքի պատմությունը հայտնվում է մեծ էկրաններին, ուր ինքն է իր կերպարը մարմնավորում։ Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխությանը։
Ֆիլմը ապրիլի 26–ին ժամը 22:40–ին Գերմանիայում կցուցադրվի «arte» գերմանա–ֆրանսիական հեռուստաալիքով (Aurora – Star wider Willen)։
Գայանե Առաքելյան
Բեռլին
հատուկ ՕՐԵՐ-ի համար