Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն Միսլատայում

  • 25.04.2023
  • 0
  • 412 Views

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն տեղի ունեցավ Վալենսիայի Միսլատա քաղաքում գտնվող “Կենաց խաչ” հուշակոթողի մոտ։ Ավելի քան 200 հայ, իսպանացի և այլազգի ներկաները ծաղիկներ զետեղեցին, մոմավառություն և խնկարկում կատարեցին ցեղասպանության զոհերի հիշատակին։

Արարողությունն սկսվեց մեկ րոպե լռությամբ, որից հետո բացման խոսքով հանդես եկավ “Արարատ” հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը։ Նա իր խոսքում հակիրճ պատմական ակնարկ կատարեց ցեղասպանության, նրա պատճառների և հետևանքների մասին, հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց այն 6 մարզերին և 40 քաղաքներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և հորդորեց այլ տեղական ինքնակառավարման մարմիններին և Իսպանիայի կենտրոնական իշխանությանը նույնպես ճանաչել XX դարի առաջին ցեղասպանությունը։

Ղուկասյանի խոսքին հետևեցին Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի սաների և ուսուցիչների ելույթները, հնչեց “Կռունկը”` ջութակի կատարմամբ։ Միջոցառմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի բոլոր 4 կուսակցությունների խոսնակները, ովքեր իրենց խոսքում խոստացան շարունակել պայքարը` Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում։

Այսօր, ապրիլի 25-ին, Վալենսիայի հայ համայնքում, հանդիպում տեղի կունենա աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև հայրենիքին և համայնքին հուզող հարցեր։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում