Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով կարևոր է նախորդ օրը Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությունը. Փաշինյան

  • 13.04.2023
  • 0
  • 195 Views

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել են հայկական զինուժի 4 զինծառայողներ, Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին, վերահաստատել հարաբերությունները բանակցություններով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի, ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների:

Ապրիլի 11-ին ադրբեջանական զինված ուժերն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեց, որի հետևանքով մեր Զինված ուժերի 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով իրենց  զինվորական պարտքը և պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:

Խնդրում եմ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել մեր ընկած եղբայրներին: (Կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգանքի տուրք են մատուցում զոհված զինծառայողների հիշատակին):

Շնորհակալություն:

Դեպքի մանրամասներին այս պահին չեմ անդրադառնում, որովհետև, կարծում եմ, հրապարակված տեսանյութը պատկերացում տալիս է տեղի ունեցածի մասին:

Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ, իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով:

Միևնույն ժամանակ պիտի արձանագրեմ, որ նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին:

Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը: Խոսքը Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի  դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում հռչակագրով վերածվել է պետական սահմանի:

Ահա, այդ սահմանագիծը պետք է հարգվի. արձանագրվել է Եվրամիության արձանագրության մեջ: Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի ետ քաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք: Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով: Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից, և նման գործողությունը բխում է վերը հիշատակված Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից:

Նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը: Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը: Այդպես է գերիների ազատ արձակման հարցում: Այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Այդպես է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում, որն Ադրբեջանի կողմից շարունակվում է՝ ի հեճուկս նաև միջազգային դատական բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին կայացրած որոշման: Բայց դատարանի որոշումը չկատարելու պարագայում կան նախանշված միջազգային մեխանիզմներ, և մեր ջանքերը պետք է կենտրոնանան այդ ջանքերի գործարկման վրա:

Միևնուն ժամանակ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ տարածաշրջանային բոլոր հարցերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը:

Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա:

Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային Պրահայի և Սոչիի վերը հիշատակված պայմանավորվածությունների հիման վրա: Շնորհակալություն»:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում