
Տեղ գյուղի վրա ադրբեջանական հարձակումից հետո հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը
ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական այսօրվա կրակոցները, այդ թվում` ականանետային միջոցներից, որոնց հետանքով ունենք զոհված ու վիրավոր զինծառայողներ, ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում ադրբեջանական հանցավոր կրակոցները ՀՀ ներխուժած դիրքերից են. այստեղ նաև դադարեցված է Սոթքի հանքավայրի աշխատանքը, իսկ անձնակազմը` տարհանված:
Սա ադրբեջանական իշխանությունների հստակ քաղաքականությունն է. ապօրինաբար տեղակայվում են ՀՀ տարածքներում կամ հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին, իսկ հետո հանցանքեր գործում խաղաղ բնակիչների ու զինծառայողների նկատմամբ (կրակոցներ, գողություններ և այլն), մարդիկ չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը: Մեր թե´ Զինված ուժերի, թե´ Սահմանապահ զորքերի, թե´ Ոստիկանության ծառայողները խաղաղ բնակչությանը պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։
Ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության խաթարում` ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության ու հանցավոր անպատժելիության պայմաններում:
Բոլոր հիմքերը կան ու շարունակում են պահպանվել, որ ադրբեջանական զինված ծառայողներին պետք է հեռացնել և քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ստեղծել անվտանգության գոտի:
Մենք իրականացնում ենք փաստերի հավաքագրում, վերլուծություն և ամփոփում` անհրաժեշտ գործընթացների համար ամրագրում հավաստի ապացույցներ` միջազգային կառույցներին ներկայացնելու նպատակով:
Արման Թաթոյան Arman Tatoyan
Ապրիլի 11ին Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ապրիլի 11-ին Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սահմանի հետևանքով զոհված զինծառայողների անունները։
«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝
Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ։
«Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր:
Ժամը 00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
orer.eu