
Չեխիայում կենսաթոշակների խնդիրն այնքան վիճահարույց է, որ կառավարության երեկվա որոշումներն այսօր կարող են դեռ վերանայվել կամ փոփոխության ենթարկվել։ Չեխերից շատերն իրադրությունը մեկնաբանում են հետևյալ կերպ. «Բաբիշը մեզ այնպիսի պարտքերի մեջ է թաթախել, որ դժվար կարողանանք հեշտությամբ դուրս գալ ընթացիկ վիճակից»
Դեռ երեկ «ՕՐԵՐ»-ի կայքէջում ներկայացվեցին ՉՀ-ի կենսաթոշակների երկարատև փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ։ Այսօր չեխական «ՊՐԱՎՈ» օրաթերթը կրկին հանդես է եկել «Ուզում ենք, որ ծերության թոշակի անցնողները դեռ շարունակեն մնալ աշխատանքի մեջ» Յուրեչկայի նոր հայտարարությամբ։

Համաձայն հոդվածի՝ ՉՀ-ի կառավարությունը ցանկանում է դրդել մարդկանց դեռ մնալ աշխատանքի մեջ՝ նույնիսկ երբ իրավունք ունեն անցնելու ծերության թոշակի։ «Այնուհանդերձ նրանք, ովքեր աշխատում են 18-20 տարեկանից, կկարողանան ավելի վաղ գնալ թոշակի»,- գրում է օրաթերթը։
«ՊՐԱՎՈ»-ի թղթակցի կողմից ԱՍՀ նախարարին ուղղված այն հարցին. «Դուք օրեր առաջ հայտարարեցիք, որ օրենքով չեք բարձրացնի կենսաթոշակային տարիքը, և այն պետք է բարձրանա՝ ըստ կյանքի միջին տևողության։ Չե՞ք կարծում, որ իրատեսորեն մարդիկ, այնուամենայնիվ, ավելի ուշ կգնան թոշակի», նախարարը պատասխանել է հետևյալը.
«Փորձում ենք դրականորեն դրդել մարդկանց մնալ աշխատավայրում, գոնե՝ կես դրույքով։ Եթե ինձ ասեք՝ կոնկրետ ինչպիսին կլինի ժողովրդագրությունը առաջիկա 30-50 տարիների ընթացքում, ես կպատասխանեմ Ձեր հարցին ավելի ստույգ։ Այսօր այդ պատասխանը չունի ոչ ոք։ Ուստի, անիմաստ է հիմա օրենքին ավելի բարձր արժեք տալը, քան ներկայիս սահմանված 65 տարին է։ Սակայն իմաստալից է փոխհամաձայնության գալ սկզբունքների շուրջ, որպեսզի ծերության կենսաթոշակ ստանալու միջին ժամկետը, ելնելով այն հանգամանքից, թե ինչպես կզարգանա կյանքի տևողությունը, ըստ պայմանավորվածության լինի 21,5 տարի, ինչը մոտավորապես համապատասխանում է ներկա իրավիճակին։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք և անձի կենսաթոշակային տարիքը, թե երբ է սկսել աշխատել և որքան ժամանակ է ապահովագրվել կենսաթոշակային ապահովագրությամբ: Պարզապես պետք է տարբերակել, երբ մեկը սկսում է աշխատել 18-19 տարեկանում՝ հիմնականում զբաղեցնելով աշխատանքի այն ոլորտները, որոնք, որոշակի առումով, ֆիզիկապես ավելի բարդ են, քան այն մարդկանց մասնագիտությունները, ովքեր աշխատանքի են անցնում ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո՝ 25-26 տարեկանում»,- պարզաբանել է նախարար Յուրեչկան:
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա