Շվեյցարացի պատգամավորները փորձում են կանխել «հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը»

  • 08.04.2023
  • 0
  • 220 Views

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը 2023-ի մարտի 16-ի առավոտյան նիստում ԼՂ-ի վերաբերյալ քննարկում էր հրավիրել՝ ընդառաջելով «Ապահովել Հայաստանի գոյատեւումը» վերնագրյալ Ժնեւի 2022-ի կանտոնալ նախաձեռնությանը, որին միացվեց պատգամավոր Շառլ Ժույիարի՝ կառավարությանն ուղղված հարցապնդումը՝ «Լեռնային Ղարաբաղ. կարո՞ղ է Շվեյցարիան կանխել հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը»: Փաստարկված ելույթներ, հստակ գնահատականներ հնչեցին, որոնց ստորեւ կանդրադառնանք, սակայն նախ ամփոփ Ժնեւի կանտոնի նախաձեռնության բովանդակությունը (որին մեր ընթերցողը ծանոթ է «Ազգ»ի 21.10. 2022-ի հրապարակումից): Սույնով կոչ է ուղղվում Շվեյցարիայի կառավարությանը, որ վերջինս դատապարտի Ադրբեջանին, իսկ հետագայում պաշտոնապես ճանաչի ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքը: Ժնեւի կանտոնը խնդրում է խորհրդարանին քայլեր ձեռնարկել, որպեսզի պատերազմը չֆինանսավորվի Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքով: Ժնեւի կանտոնն այս նախաձեռնությունը հիմնավորել է մասնավորապես Հայաստանի տարածքի վրա հարձակումների եւ Ադրբեջանի զինուժի կողմից մարդու իրավունքների խախտումների փաստը ներկայացնելով:

Շվեյցարիայում բնակվող հայերի մեծ մասն ապրում է Ժնեւի շրջանում: Եւ բնական է, որ 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի՝ ՀՀ-ի վրա հարձակումը պիտի պայմանավորեր հայ համայնքային կառույցների ակտիվ աշխատանքը շվեյցարացի քաղաքական գործիչների հետ, որի արդյունքը եղավ Ժնեւի կանտոնի նախաձեռնությունը: Մարտի 16-ի քննարկմանը  պատգամավորները զգուշացրին, որ իրավիճակը սրվում է: Արտգործնախարարը կարծիք հայտնեց, որ կանտոնի նախաձեռնությունը հակամարտության վրա ազդելու սխալ միջոց է: Այնուամենայնիվ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  գրավոր դիմումն ընդունվեց, որով կառավարությանը խնդրում են միջամտել՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի՝ Լաչինի միջանցքի բացման եւ Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ օդային կամուրջ ստեղծելու նպատակին: «Իրավիճակը բարդ է, սակայն Շվեյցարիան շատ ակտիվ է», ասաց արտգործնախարար Կասիսը:
Ադրբեջանական քարոզչական մեքենան, մասնավորապես apa գործակալությունը, անդրադառնալով մարտի 16-ի նիստին, հատկապես գոհ է, որ գործադիրը ադրբեջանական նավթից հրաժարվելու, դրա դեմ սահմանափակում կիրառելու պահանջը չի կատարել, մերժել է Ժնեւի կանտոնալ նախաձեռնությունը: Սակայն դիտարկելով նիստի ժամանակ հնչեցրած ձեւակերպումների սուր ընթացքը, դրանց հնարավոր շրջադարձը կանխելով, նախ քարոզչական ատելավառ աշխատանք է ծավալում, ապա հույս հայտնում, թե ԼՂ-ի վերաբերյալ հրատապ այս պահանջը մերժում կգտնի խորհրդարանի վերին պալատում՝ Ազգային Խորհրդում առաջիկա քննարկման ժամանակ: Ադրբեջանին հատկապես նեղացրել է խորհրդարանի ստորին պալատում հնչած կրկնվող պնդումը, թե «էթնիկ զտում է իրագործում, չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը», եւ որ ԼՂ ինքնորոշման հարցը պիտի հետապնդվի:

Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: Լուսանկարի հեղինակ՝ Դեմիր Սյոնմեզ

Ըստ ադրբեջանական սույն գործակալության, «արտգործնախարար Կասսիսը փաստորեն նկատել է տվել, թե Շվեյցարիան չի կարող Ադրբեջանի դեմ դիրքորոշում ցույց տալ ՄԱԿ-ի ԱԽ-ում, ԵԱՀԿ-ում, ինչպես նաեւ միջազգային տարբեր հաստատություններում»: Իհարկե ադրբեջանական կնիքն է՝ փաստի խեղաթյուրում:

Մարտի 16-ի նիստը՝ հպանցիկ հայացքով

Հայկական մամուլում չեն լուսաբանվել Շվեյցարիայի խոհրդարանում հնչած ելույթները, ուստի ուրվագծենք դրանք սեղմ շարադրանքով: Հարցապնդման հեղինակ Շառլ Ժույարը (Charles Juillard) հայտարարեց, թե իրեն մասամբ է բավարարել կառավարության՝ տարածաշրջանում առկա լարվածության վերաբերյալ մտահոգությունը, որ երկչոտ քայլ կարելի է համարել: «Մարդասիրական իրավիճակն աղետալի է, ռազմականը կարող է որեւէ պահի բռնկվել, ասաց պատգամավորը՝ նկատել տալով, որ Լաչինի միջանցքը բացելու պահանջը չի կատարվել: Ինչպե՞ս ակնկալել, որ ՌԴ-ն կկատարի  պայմանավորվածությունները, երբ տեսնում ենք այդ երկրի գործողությունները մեկ ուրիշ ճակատում: Նա կարծիք հայտնեց, թե լինելով Անվտանգության Խորհրդի անդամ, Շվեյցարիան կարող է ավելին անել: Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նման ուժեղ դաշնակիցներ ունենալով հնարավոր չէ՞ ավելի ուժեղ գործողություններ համակարգել, օրինակ՝ կապույտ սաղավարտավորների զորք ուղարկել, որ երաշխավորեն միջանցք մուտքը, ապաշրջափակեն այն՝ հատկապես մարդասիրական առումով: Նա հարց տվեց՝ նախատեսվե՞լ է որեւէ այլ միջոց, որը կարող է նվազեցնել ճնշումը, որն իսկապես կսատարի տեղի բնակիչներին:

Հաջորդը ելույթ ունեցավ պատգամավոր Բեաթ Ռիիդերը (Beat Rieder): Նա մասնավորապես ասաց՝ «Ուկրաինական պատերազմի ստվերում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտություն է բորբոքվում՝ լայնամասշտաբ պատերազմի վերածվելու պոտենցիալով: ԼՂ-ի շուրջ այս լոկալ հակամարտությունը կարող է վերածվել Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջեւ ուղղակի սահմանային պատերազմի: Ներկայումս ԼՂ-ում հարցականի տակ է դրվում 120 հազար հայերի գոյությունը: Ժնեւի կանտոնը «Ապահովենք Հայաստանի գոյատեւումը» նախաձեռնությամբ պահանջում է ստորին պալատից դատապարտել Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա եւ թույլ չտալ, որ Կովկասում պատերազմը ֆինանսավորվի Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքով: Բացի այդ, պետք է ճանաչվի ԼՂ-ի հայերի ինքնորոշման իրավունքը, հայ ռազմագերիները պետք է կարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ:

Պատգամավոր Կարլո Սոմմարուգան (Carlo Sommaruga) անդրադարձավ ԼՂ հայերին, հենց Հայաստանին սպառնացող վտանգին՝ ակնարկելով, որ Շվեյցարիայում նստավայր ունեցող Socar պետական ընկերության ֆինանսավորմամբ է գնվում Բաքվի սպառազինությունը, որ կիրառվում է Հայաստանի դեմ պատերազմում: «Այսօր կա ադրբեջանական պետության էթնիկ զտումներ իրականացնելու հստակ կամքը: Այս պետությունն այսօր խախտում է միջազգային հանրային իրավունքը եւ միջազգային մարդասիրական իրավունքը: Մեր գործընկեր Ռիդերը ճիշտ է շեշտում Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) փետրվարի 22-ի որոշումը, որով Ադրբեջանին հանձնարարվում է ձեռնարկել բոլոր միջոցներն ապահովելու Հայաստանից մարդկանց անարգել տեղաշարժը. նշված հրամանը տրվել է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի կիրառման շրջանակներում: ԱՄԴ-ի նախորդ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի համատեքստում, Բաքվին հանձնարարվել էր «ձեռնպահ մնալ որեւէ գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել դատարանում քննվող վեճը կամ ավելի դժվարացնել դրա կարգավորումը»: «Ադրբեջանը, ցավոք, հեռու է ԱՄԴ-ի որոշումները, իր պարտավորությունները հարգելուց: Հիշեցնում եմ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունը: Սակայն ճիշտ հակառակն է: Սա նշանակում է, որ ԼՂ-ն գոյատեւման իրական ապառնալիքի տակ է, եւ որ ցեղասպանության վտանգը շատ իրական է: Ինչպես վերջերս ընդգծեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԼՂ-ն ունի ինքնորոշման իրավունք, մի բան, որ նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ: Այս իրավունքը պետք է գործի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ մեկտեղ: Շվեյցարիան պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական բոլոր միջոցները, մասնավորապես ՄԱԿ-ի ԱԽ-ում իր տեղը՝ ոչ միայն երաշխավորելու մարդասիրական օգնությունը ԼՂ-ի հայերին, այլ նաեւ՝ ապահովելու ԼՂ-ի ինքնորոշման հարցի լուծումը», շեշտեց Սոմմարուգան:

«Կանաչների» խմբակցությունից Լիզա Մացցոնեն (Lisa Mazzone) էլ շեշտեց. «Ընդգծում ենք, որ իրավիճակն այնքան դրամատիկ է, որ մեզ չեն բավարարում այն պատասխանները, որոնք այս պահին տալիս է կառավարությունը: Շվեյցարիայի  դիվանագիտական նոու-հաուի միջոցով հատկապես կուլիսներում փորձել խուսափել կամ որեւէ դեպքում մեղմել շարունակվող հակամարտությունների հետեւանքները: Արդյոք կառավարությունը տեղյա՞կ է ԼՂ-ի հայ բնակչության համար անցյալ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման հետեւանքների մասին: Անցել է մի քանի ամիս, իրավիճակը գնալով ողբերգական է դառնում, լուրջ հումանիտար ճգնաժամ է, որին պե՛տք է արձագանքենք: Շվեյցարիայի համար կարեւոր է դուրս գալ իր հարմարավետության գոտուց եւ ամեն ինչ անել երաշխավորելու ԼՂ-ի հայերի անվտանգությունը», ասաց պատգամավոր Մացցոնեն: Այնուհետ նա հիշեցրեց 2006 թ-ին երկու շվեյցարացի խորհրդարանականների՝ Դոմինիկ դը Բյումանի եւ Ուելի Լոյենբերգերի այցը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հասցեագրված դիմումը՝ դատապարտելու Ջուղայի հայկական գերեզմանոցի ամբողջական ոչնչացումը: «Ինչո՞ւ եմ նշում Նախիջեւանը: Դա մեկ այլ հայկական անկլավ էր, որը 1921 թ-ին Ստալինը տվել էր Ադրբեջանին, որն ամբողջությամբ հայաթափվել էր խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում, որտեղ Բաքուն ոչնչացրեց հայկական ժառանգության բոլոր հետքերը: ԼՂ-ի հայ բնակչությունը 95 օր կտրվեց ամբողջ աշխարհից՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով, մտավախություն ունենք, որ իրավիճակը կրկնվում է: Հայաստանից եկող գազը, էլեկտրականությունը պարբերաբար անջատվում են, ԼՂ-ում փակ են դպրոցները: Խախտվում է կրթության իրավունքը, տուժում է 120.000 մարդ, որ համապատասխանում է Լոզանի բնակչության թվին: Այս ամենին գումարվում են բռնարարքները: Վերջերս ադրբեջանական զինուժը ԼՂ-ում դիվերսիոն գործողություն է իրականացրել՝ սպանելով երեք ոստիկանի», ասաց Մացցոնեն եւ նկատել տվեց, որ էթնիկ զտումների տեսանելի բոլոր հիմքերը կան: «Ես ողջունում եմ մեր արտաքին քաղաքականության հանձնաժողովի դիրքորոշումը, որը դատապարտում է միջազգային իրավունքի խախտումը եւ որը խնդրում է կառավարությանը միջամտել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ հասնելու շրջափակման վերացմանը եւ ռազմական գործողությունների դադարեցմանը, ինչպես նաեւ՝ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ օդային կամրջի հաստատմանը»:

Վերջին ելույթ ունեցողը՝ արտգործնախարար Իգնացիո Կասսիսը (Ignazio Cassis) մտահոգություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի եւ Լաչինի միջանցքի երկայնքով անվտանգության վիճակի մասին խոսելիս, սակայն գնահատեց՝ «հումանիտար ճգնաժամ դեռ չի նկատվում»: Նրա իրազեկմամբ՝ փետրվարի 22-ին ԱՄԴ -ի որոշումը Շվեյցարիան ողջունել եւ սատարել է ԵԱՀԿ-ին ուղղված հայտարարության մեջ: «Քննարկել եմ թեման շաբաթներ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովում, հատկապես հումանիտար իրավիճակի եւ այս պահին աջակցության հնարավորությունների հետ կապված, չեմ ժխտում, որ իրավիճակը շատ բարդ է: Պատրաստ ենք երկխոսությանը սատարել: 2022-ի հոկտեմբերի 2-ին նպաստեցինք հայ եւ ադրբեջանցի արտգործնախարարների հանդիպմանը Ժնեւում: Այս շփումները կշարունակվեն: 2022 -ի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ բաց ճեպազրույցում քննարկվեցինք Լաչինի միջանցքի զարգացումները: Որպես ԱԽ ընտրված անդամ՝ մասնակցել ենք: ԱԽ քննարկումն անգամ՝ այս թեմայով շատ բարդ է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը: Եզրափակելով՝ շատ ակտիվ ենք մնում, թեման մեր ամենօրյա օրակարգում է», ամփոփեց գործադիրի ներկայացուցիչը:

Հանձնաժողովը 9 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց նախաձեռնությունը: Սակայն խորհրդարանի ստորին պալատի Արտաքին քաղաքական հանձնաժողովը 8 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով որոշեց նամակ գրել կառավարությանը՝ խնդրելով դատապարտել  2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակված Լաչինի միջանցքի՝ միջազգային իրավունքի խախտումը: Մասնավորապես խնդրեց միջամտել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ մի կողմից հասնելու շրջափակման վերացմանը եւ ռազմական գործողությունների դադարեցմանը, մյուս կողմից՝ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ մարդասիրական օդային փոխադրում կազմակերպելուն:

Հայկական անդուլ աշխատանք՝ ի հակակշիռ ադրբեջանական կեղծ քարոզչության

Շվեյցարահայ համայնքային ուժերը երկարատեւ աշխատանք են տարել: «Ամեն բան սկսվեց 2022-ի հոկտեմբերի 14-ի բանաձեւից, (որի մասին տե՛ս «Ազգ»ի 21.10.2022-ի համարը) որ ընդունվեց 58 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: Այն համախմբեց Ժնեւի ողջ սահմանադրական ուժերը», մեզ հետ զրույցում ասաց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: Մարտի 16-ի նիստի մասին այսպես արտահայտվեց՝  «Հակառակ որ հանձնախումբը մերժեց Ժնեւի բանաձեւը, սակայն առաջին անգամ ըլլալով շատ հստակ դիրքորոշում հայտնեց ի նպաստ հայկական կողմի՝ դատապարտում ենք Ադրբեջանի միջազգային իրավունքի խախտումը եւ որ ամեն ջանք գործադրվի ՄԱԿ-ի ԱԽ-ում հասնելու Լաչինի փակման վերացման, օդային կամուրջի գործարկման»:

Այն հարցին, թե Շվեյցարիան սրանով ձգտո՞ւմ է միջնորդ լինել, թե՞ ուրիշ շահ է հետապնդում, Շահինյանը դժվարացավ հստակ պատասխան տալ: Սակայն ընդգծեց ուշադիր լինել արտգործնախարարի պատասխանին՝ ամեն օր ԱԳՆ-ն այս խնդրով զբաղվում է, այս խնդիրը «բարդ է»: «ԵԱՀԿ-ի մեջ չեմ գիտեր քանի պետություն բացեիբաց Հաագայի վճիռը ողջունեց, ինչն արեց Շվեյցարիան: Երկրորդ խնդիրը՝ ԱԽ-ի մեջ: Ի՞նչ է ուզում արտգործնախարարն ակնարկել՝ բարդ ասելով: Այս պահուս ԱԽ-ի մեջ կա մի շատ մեծ խոչընդոտ՝ ՌԴ-ն է: Նույն ժամանակ խոչընդոտը Ֆրանսիան է: Պետք է իրազեկ դառնանք, թե ինչ է տեղի ունեցել 2022-ի դեկտեմբերի 20-ին եւ ինչու ԱԽ-ում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բանաձեւ չընդունվեց: Ներկայացվեց այնպիսի բանաձեւ, որ նախապես չէր քննարկվել, համաձայնեցվել Ռուսաստանի հետ, եւ նա մերժեց: Նույն թակարդի մեջ չիյնանք: Կոսովոյի իրականությունը վերջին վայրկյանին չտրվեց, շատ երկար բանակցություններ տեղի ունեցան, մինչեւ բոլորը համաձայնեցին:

Ներառյալ Ռուսաստանը: Պարզ իրողությունն այն է, որ բոլորն այս պահուս ՌԴ-ին դեմ են՝ Ուկրաինայում պատերազմի երեսից: Ինչպե՞ս կարել է այդ խոչընդոտը շրջանցել: Վարագույրին ետեւը պետք եղած ուժերը պետք է նստին եւ խոսին եւ բացատրեն, որ ոչ մեկը չի պատրաստվում նրանց առաջնահերթությունն՝ իբրեւ խաղաղապահի հարցականի տակ դնել Ղարաբաղում, սակայն ամեն ինչ պիտի անել, որ այդ խոչընդոտները, որ տեղի ունեցան թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջան- Հայաստան սահմանի հետ կապված, ոչ միայն չկրկնվին, այլ՝ լուծվին: Իհարկե ուրիշ ուժերի ներգրավում պիտի լինի, բայց թող լինի Ռուսաստանի ղեկավարության տակ: Ղարաբաղի հարցի վերաբերյալ Արեւմուտքն էլ Ռուսաստանի հանդեպ ուրիշ վերաբերմունք պիտի ունենա: Սրա մասին հանրային հարթակում պիտի հնարավորինս քիչ խոսվի եւ շատ գործ արվի: Երբ Շվեյցարիան ասում է, որ սա բարդ է, ուզում է հուշել, թե երկու պատի առջեւ է: Ինչպե՞ս քանդենք պատերը, որ մեր շահերն առաջ տանինք: Մակրոնն ալ պիտի հասկնա, որ իր հակառուսական կեցվածքով խնդիրը չի կրնար առաջ տանիլ: Իբրեւ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի, իր ու ԱՄՆ-ի դիրքորոշումը գերազանց կարեւորություն ունի: Հաշվի առնելով ադրբեջանական հակահայկական քարոզչության ուժգնացումը կամ խիտ բնույթը, կարելի է հիշեցնել, որ 2020-ի օգոստոսին էլ նույն կերպ էին գործում եւ սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսեցին: Հիմա ուրիշ կերպ պիտի գործենք»: Շահինյանը գնահատեց, թե համայնքային աշխատանքին պիտի հավելել ՀՀ դեսպանի ճշգրիտ աշխատանքը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Գլխավոր լուսանկարը՝ Դեմիր Սյոնմեզի Լուսանկարում՝ Ժնեւի կանտոնալ խորհրդարանի Քրիստոնյա դեմոկրատական խմբակցության ղեկավար Սեբաստիեն Դեֆայ Sébastien Desfayes

Աղբյուր՝ Շվեյցարացի պատգամավորները փորձում են կանխել «հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը» – Ազգ (azg.am)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում