Ծաղկազարդի տոնը նշվեց Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում

  • 02.04.2023
  • 0
  • 250 Views

Ապրիլի 2-Ին՝ Ծաղկազարդի տոնին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում ժամերգություն եւ Անդաստանի կարգ կատարեց Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Այնուհետեւ Հայր Բարսեղը ներկաներին պատմեց օրվա խորհրդի մասին, իսկ վերջում եկեղեցում գտնվող մեր հայրենակիցները ստացան ուռենու օրհնված ճյուղեր։

Ուրախալի է, որ Ծաղկազարդի տոնին լեցուն էր եկեղեցին, ներկա էին նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, չեխահայ համայնքի տարեց եւ երիտասարդ բազմաթիվ ներկայացուցիչներ։

Ըստ հանրագիտարանի, Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»։

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի  կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց հանրապետությունը՝ հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ։

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։

Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա, Ճիճի-մումա և այլն։

Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության ու վերապրումի արգասիք։ Տոնի հիմքում ընկած է նաև  Կենաց ծառի գաղափարը։ Այն շեշտում է կյանքի վերընթաց զարգացումը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերություն։ Դրա բարձրագույն նպատակը անմահությունն է։

Տիեզերական կամ  Կենաց ծառի գաղափարն է ունեցել նաև Ամանորի տոնածառն ու Վարդավառի խնդումը։ Ամանորին ծառը զարդարել են չրերով ու մրգերով, իսկ Ծաղկազարդին՝ փնջած ձվերով, որոնք ունեցել են նաև չարխափան նշանակություն։ Ծաղկազարդին ընդունված է եղել ծառերը զարդարել գունավոր լաթերով։ Այդ պատճառով է, որ տոնը ստացել է Ծառզարդար անվանումը։ Հետագայում ծառի պաշտամունքը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Սրա ապացույցն են «Տաճար մայրիի» (անտառի տաճար) անունը ստացած եկեղեցին Խոսրովի արգելոցում։

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեության գաղափարախոսությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով, ինչը նկարագրում են բոլոր ավետարանիչները։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում