Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Լայպցիգում

  • 01.04.2023
  • 0
  • 410 Views

Մարտի 31-ին Լայպցիգի Գեվանդհաուսը կրկին հայկական շունչ էր ստացել։ Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգին հիասքանչ ելույթ ունեցավ Հայկական Դաշնամուրի եռյակը (Armenian Piano Trio)՝ Սոֆյա Մելիքյանը, Միքայել Հախնազարյանը եւ Դավիթ Հարությունյանը։ Գեվանդհաուսի Մենդելսոն դահլիճում հանդիսատեսը վայելեց Գայանե Չեբոդարյանի, Առնո Բաբաջանյանի, Յոհաննես Բրամսի եւ Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի «Սուսերով Պարը»։ Այս մասին հայտնում է «Լայպցիգի հայերը» ֆեյսբուքյան խումբը։

Սրահում ներկա էին Լայպցիգ քաղաքի ներկայացուցիչներ, Հայ համայնքի հոգեւոր հովիվ Հար Եղիշե Վարդապետ Ավետիսյանը, ՀՀ դեսպանատան պատվիրակությունը, տարբեր հայ համայնքների ղեկավարներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, հայ եւ օտար հյուրեր։

Լայպցիգի Հայ Մշակութային Միության անունից, որպես համերգի կազմակերպիչ, բացման խոսքով հանդես եկավ Դոկտ. Անահիտ Բաբայանը՝ ներկայացնելով Օհան Դուրյանի կյանքն ու գործունեությունը։ Նա նշեց նաեւ, որ Դուրյանը 1968-ին ղեկավարել է Գեվանդհաուսում 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, որտեղ հնչել է Բեթհովենի 9րդ սիմֆոնիան, եւ միեւնույն ժամանակ այդ պահին՝ Լայպցիգի ներկա համերգի ժամանակ կրկին հնչում էր այդ ստեղծագործությունը՝ Գեվանդհաուսի մեկ այլ դահլիճում։ Այդ ստեղծագործության ձայնագրությունը այժմ հնչում է նաեւ Երեւանում՝ իր 100 ամյակին նվիրված արձան-հուշակոթողից։

Ապա Լայպցիգ քաղաքի ղեկավարության անունից ելույթ ունեցավ քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի ղեկավարի տեղեկալ Դոկտ. Սվեն Տրաուտմանը, ներկայացնելով Երեւան-Լայպցիգ քույր քաղաքների շրջանակում իրագործման ընթացքում գտնվող տարբեր հայկական ծրագրերը, ինչպես նաեւ Խաչքարի տեղադրման մասին որոշումը։

Համերգի վերջում Դոկտ. Անահիտ Բաբայանը շնորհակալություն հայտնեց նվագողներին հիանալի կատարման եւ ներկաներին հայկական շունչ ներշնչելու համար։ Շատ տպավորիչ անակնկալ էր Օհան Դուրյանի այրի՝ Ալիս Դուրյանի եւ Դոկտ. Վահան Վարդապետյանի կողմից ուղարկված շնորհակալական ծաղկեփունջը նվագողներին։

Հանդիսատեսը ջերմ ու երկարատեւ ծափահարություններով ողջունեց երաժիշտներին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում