![](https://orer.eu/wp-content/uploads/2023/03/czech-sahmanadrakan-pavel.jpg)
«Իր պաշտոնավարության ընթացքում ՉՀ-ի նախագահ Պետր Պավելը 15 սահմանադրական դատավորներից 13-ին պետք է փոխարինի նորերով»,- հայտնում է չեխական «ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ» օրաթերթն իր (29.03.2023թ.) «Նախագահը փոխելու է Սահմանադրական դատարանի բնույթը» հոդվածում, որում ներկայացվում են ՉՀ-ի Սահմանադրությունը պահապանող առաջին թեկնածուների անունները։
«Ավելի քան երկու տասնյակ իրավաբանական հաստատություններ, մինչ հաջորդ չորեքշաբթի (05.04.2023թ.), պետք է Պրահայի Ամրոցի նախագահական նստավայրին առաջարկեն իրենց կողմից նպատակահարմար համարվող թեկնածուներին, թե ում կցանկանային ուղարկել Սահմանադրական դատարան պաշտոնավարության»,- հայտնում է օրաթերթը։
«ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ»-ի տեղեկացմամբ, ճնշման տակ ընթացող ընտրության արագ տեմպը պայմանավորված է նրանով, որ մայիսին արդեն պաշտոնաթող է լինելու սահմանադրական դատավորների առաջին եռյակը՝ Յարոսլավ Ֆենիկը, Միլադա Տոմկովան (ովքեր ՉՀ ՍԴ-ի գործող փոխնախագահներն են), ինչպես նաև՝ Յան Ֆիլիպը։
Այս նշվածների իրավահաջորդներին նախագահ Պետր Պավելը պետք է ընտրի հնարավորինս շուտ։
Մարտի 30-ի մամլո ասուլիսում, ՉՀ-ի Ազգային ժողով կատարած իր այցի ժամանակ, նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ ապրիլի 3-ին կհանդիպի սահմանադրական դատավորի առաջին երեք թեկնածուների հետ, որոնք արդեն մասնագիտական վերանայման են ենթարկվել Սահմանադրական դատավորների ընտրության նախագահական խորհրդատվական թիմում։ Հանդիպելուց հետո միայն նախագահը պաշտոնապես կհրապարակի նրանց անունները։
Չեխիայի դատական համակարգից ստացված տեղեկատվության համաձայն, թեժ ֆավորիտների թվում են՝ ՉՀ-ի Գերագույն վարչական դատարանի դատավորներ Յոզեֆ Բաքսան (ով տարիներ շարունակ եղել է դատարանի նախագահը) և Դատավորների միության նախկին ղեկավար Դանիելա Զեմանովան։ Երրորդ թեկնածուն դեռ պարզ չէ։
ՉՀ-ի Սենատի նախագահ՝ Միլոշ Վիստրչիլը (ODS) գնահատել է ընթացակարգը և պատրաստ է ողջունելու այն առաջարկները, որոնք Սենատը կընդունի ապրիլին՝ այդպիսով քննարկելով դրանք մինչև մայիսի սկիզբը՝ (մինչև վերոհիշյալ առաջին երեք գործող դատավորների մանդատի ավարտը)։
(* Հիշեցնենք, որ ՉՀ-ի Սահմանադրական դատավորները նշանակվում են նախագահի կողմից, Սենատի համաձայնությամբ՝ տասը տարի ժամկետով։ Մինչդեռ սահմանադրությունը չի արգելում մանդատի կրկնությունը – խմբ. նշ.):
ՉՀ-ի Սենատի սահմանադրական և իրավական հանձնաժողովի նախագահ Տոմաշ Գոլան (ODS) Չեխիայի դատական համակարգին հայտնել է, որ թեկնածուների ընտրության ձևի հետ խնդիր չունի՝ նույնիսկ նշելով, որ եթե նախագահը կոնսուլտացիաների կարիք ունենա, սիրով կտրամադրի դրանք։ «Բայց չենք կարող ուղղություններ տալ նախագահին ընտրության գործընթացի մեջ»,-ավելացրել է նա։
Այնուհետև, տարվա երկրորդ կեսին մանդատների ժամկետների լրանալու պատճառով, ՍԴ-ի դատավարության պաշտոնից հեռանալու են դատավորներ՝ • Վլադիմիր Սլադեչեկը (հունիսի 4-ին), • ՍԴ-ի նախագահ Պավել Ռիխետսկին (օգոստոսի 6-ին), • Լյուդվիկ Դավիդը (օգոստոսի 7-ին), • Ռադովան Սուխանեկը (նոյեմբերի 26-ին)։
«ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ»-ի հավաստմամբ, նախագահ Պավելի օրոք կավարտվի ևս վեց դատավորների պաշտոնավարության ժամկետը՝ վերը նշված ընդհանուր տասնհինգից, որոնց ընտրության հարցում վերջնական խոսքի իրավունք կունենան այն սենատորները, ովքեր կհաստատեն Ամրոցի հավանած թեկնածուների անվանակարգերը։ Մինչ այդ թեկնածուների որակավորումը կգնահատի նորաստեղծ յոթ հոգանոց հանձնաժողովը։
«Ընտրվողների ցանկը դեռ պատրաստ չէ, քանի որ դեռ պետք է փնտրենք տասներեք հոգու՝ դիտարկման ենթարկելով այն հաստատությունների կողմից առաջադրվող հայտերը, որոնց դիմել ենք»,- օրաթերթին է հայտնել սահմանադրական բարեփոխումների իրավաբան և միաժամանակ Պ. Պավելի խորհրդական՝ Յան Կիսելան, որը նախագահում է մասնագիտական հանձնաժողովը:
Ուշադրության կենտրոնում է նույնիսկ հարգարժան դատավոր Ռոբերտ Ֆրեմրը, ով եղել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի փոխնախագահը։ Նշվել է նաև (ODS) Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության պատգամավորական ակումբի ղեկավար Մարեկ Բենդայի անունը։
Ըստ օրաթերթի, Ամրոցն ավելի վաղ նշել է նաև ընտրության առանցքային չափանիշները։ «Այստեղ կարևորն արժեքների և կարծիքների բազմազանությունն է. այսինքն՝ Սահմանադրական դատարանը չպետք է կազմված լինի միայն պահպանողականներից, լիբերալներից և սոցիալիստներից, աջակողմյաններից կամ միայն ձախակողմյաններից»,- մեջբերելով Յան Կիսելայի մեկնաբանությունը՝ կարևորում է հոդվածի հեղինակը։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա