
• Երևանը որպես հարմար հանգրվան՝ ֆինանսապես թույլ շարժունակ ռուսների համար
• Դուբայը որպես տաքուկ ապաստարան՝ ռուս հարուստ վերնախավի համար
Ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից ի վեր, չեխական մամուլը միշտ հետևողական է Ռուսաստանից արտագաղթողների տեղաշարժերին և նրանց մեկնման վայրերին, որին մանրամասնորեն անդրադարձել են փետրվար-մարտ ամիսների չեխական «Seznam Médium» տեղեկատու կայքէջն ու «ՄՖ ԴՆԵՍ» ազդեցիկ օրաթերթը՝ հետևյալ վերլուծություններով.

«Seznam Médium» կայքէջն իր 2023թ. փետրվարի 16-ի «Ուկրաինայի պատերազմը տեղահանում է մարդկանց նաև Ռուսաստանից» հոդվածում մասնավորապես նկարագրում է հակամարտության սկզբնավորման օրվանից ռուս բնակչության արտահոսքը աշխարհի տարբեր ուղղություններով՝ անկախ Զելենսկու «THE WASHINGTON POST»-ին արած. «Ռուսները պետք է ապրեն իրենց աշխարհում, քանի դեռ չեն փոխել իրենց փիլիսոփայությունը» հայտարարության, որում նախագահն Արևմուտքին կոչ է արել «արգելել ռուսների մուտքը իրենց տարածք»։
Հոդվածում շեշտը դրվում է այն փաստի վրա, թե ինչպես է Ռուսաստանի կառավարությունը փորձում ճնշել պատերազմին հավանություն չտալու ցանկացած արտահայտություն։ «Նրանց համար, ովքեր ցանկանում են ազատ կարծիք արտահայտել, կանգնում են բարդ ընտրության առաջ. կա՛մ բանտարկվել, կա՛մ լքել երկիրը»,- գրում է կայքէջը, ըստ որի, արդյունքում ակտիվիստներն ու լրագրողները կենտրոնանում են եվրոպական մայրաքաղաքներում, ինչպիսին Բեռլինն է:
«Այս ապշեցուցիչ արտագաղթը համեմատելի է 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից կամ 1991-ին Խորհրդային Միության փլուզումից հետո արտագաղթի հետ: Միգրացիայի այս ալիքը մեծ ազդեցություն կունենա Ռուսաստանի և նրա ապագայի վրա»,- համեմատական հայացք նետելով պատմությանը՝ կարևորում է հոդվածի հեղինակը և ներկայացնում արտագաղթի ուղիները.
«Շատերը որոշեցին հեռանալ Ռուսաստանից և նոր ապաստան փնտրել այլ երկրներում, օրինակ՝ Հայաստանում կամ Ղազախստանում, որտեղ սահմանները բաց են նրանց համար։ Առավել ևս, որ Ղազախստանն իբր «ապահովելու էր» զորակոչից փախած ռուսների անվտանգությունը։ Հազարավոր ռուսներ վիզա ձեռք բերելով գաղթեցին դեպի Ֆինլանդիա, որը նրանց մուտքն արգելեց այդ ահռելի ներհոսքից հետո։ Ռուսները հիմնականում ուղվեցին դեպի Բալթյան երկրներ կամ Եվրոպայի այլ անկյուններ։ Շատ ավելի հարուստ ռուսներ ապաստան որոնեցին այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (որը ռուսական զորքերի ներխուժումից անմիջապես հետո չեղյալ հայտարարեց ուկրաինացիների համար առանց մուտքի վիզա այցելելու ռեժիմը), կամ Իսրայելը, Թաիլանդը, նույնիսկ Արգենտինան, որտեղ ռուս մայրերը գնում են ծննդաբերելու՝ քաղաքացիություն ստանալու համար։ Ոմանք նույնիսկ ճանապարհորդեցին դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի կողմից այդքան ատելի ԱՄՆ։ Ամենաուշագրավը եղել են Ռուսաստանի վախից դրդված այն մարդիկ, ովքեր փոքր նավով ստիպված 40 մղոն երկարությամբ վտանգավոր ճանապարհորդություն են կատարել դեպի Ալյասկա»,- տեղեկացնում է կայքէջը, ըստ որի թեև հեռացածներից ոմանք դեմ չեն եղել Պուտինին կամ պատերազմին, այնուհանդերձ Պուտինը նրանց անվանել է «կեղտ», որոնց հեռանալով կարող է «մաքրվել» երկիրը:
Շարունակելով ներկայացնել ռուսների ճանապարհորդության քարտեզը՝ «Seznam Médium»-ը կարևորում է, որ Եգիպտոսը և Թուրքիան նույնպես դարձել են ռուսների համար սիրված զբոսաշրջային վայրեր։ «Բայցևայնպես, Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որը լի է գեղեցիկ ճարտարապետությամբ և կանաչապատ վայրերով, գրավիչ տարբերակ է ֆինանսապես ցածր շարժունակություն ունեցող ռուսների համար։
Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերությունը ներկայումս փոքր է, սակայն անցյալ տարվա փետրվարից պետության համար ողջունելի է եղել դեպի երկիր ներհոսող տեխնոլոգիական տաղանդների թվի աճը, երբ հարյուր հազարավոր ռուսներ, պատերազմի դեմ իրենց հակազդեցության, զորակոչի վախից կամ պատժամիջոցների ծանրաբեռնվածության պատճառով, հեռացել են իրենց երկրից՝ շարժվելով դեպի հարևան երկրներ, որոնց հետ ունեն բարեկամական միգրացիոն քաղաքականություն։ Օրինակ՝ 2022 թվականի ապրիլին Հայաստանում գրանցվել է IT համակարգչային ոլորտի գրեթե 50%-ով ավել աշխատող՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի։ Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանն անհավանականորեն դարձել է «մագնիսական ձգողությամբ» հանգրվան՝ ամբողջ Ռուսաստանից հազարավոր ներգաղթյալների համար (լինեն՝ IT մասնագետներ, ստեղծագործողներ, թե բանվոր դասակարգի աշխատողներ՝ բազմազավակ ընտանիքները ներառյալ), որոնք ստեղծել են կենսունակ համայնքներ՝ նոր դպրոցներով, բարերով, սրճարաններով և ուժեղ սոցիալական ցանցերով։ Մինչդեռ Դուբայում ռուսները շրջում են առևտրի կենտրոններում, կամ սպորտային կոստյումներով «tiktoks»-ի էջերի նկարահանումներ են կատարում լողափերում, Երևանն իր դռներն է բացում անվտանգություն և նոր հնարավորություններ որոնողների առջև. եթե հաշվի առնենք, որ Հայաստանը քրիստոնյա երկիր է, որտեղ ռուսերենը երկրորդ լեզու է։
Պարսից ծոցի ափին տեղակայված այդ թանկարժեք քաղաքը, որի գերակշռող կրոնական պատկանելիությունը մահմեդականությունն է և ունի արաբախոս բնակչություն, սիրված վայր է հարուստ ռուսների համար, ովքեր այնտեղ փնտրում են շքեղություն կամ բիզնես հնարավորություններ։ Այնուհանդերձ, շատ ռուսներ, ովքեր նախընտրել են լքել Ռուսաստանը, առավելությունը տվել են Հայաստանին՝ որպես հեշտ ընտրություն»,- ընդգծում է «Seznam Médium» կայքէջը։
• Դուբայը որպես տաքուկ ապաստարան՝ ռուս հարուստ վերնախավի համար

«ԴՈՒԲԱՅ – Պատերազմական ժամանակաշրջանում այս քաղաքը դառնում է ապահով ապաստարան ամենահարուստ ռուսների համար, իսկ քաղաքային ափամերձ զբոսավայրերում կամ շքեղ առևտրի կենտրոններում ռուսերենը գնալով ավելի է ինքնահաստատվում»,-գրում է չեխական «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթն իր մարտի 15-ի «Հարուստ ռուսներն այժմ վայելում են Դուբայի դրախտային ապաստարանը» հոդվածում, որում հեղինակն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությունից դեպի Էմիրություններ ներգաղթած ռուս ձեռնարկատերերի կյանքին և գործունեությանը։
«Դուբայում ռուս ձեռնարկատերերը կարող են նոր կյանք կառուցել և նրանց չի անհանգստացնում տեղացիների հակակրանքը»,- օգտվելով «The New York Times»-ի մեկնություններից՝ գրում է «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթը՝ մատնանշելով հետևյալը. «Պարսից ծոցի ափին փռված դեպի այդ քաղաք ռուս ներգաղթյալներից մեկը գործարար Դմիտրի Տյուտկովն է, ում երեխաներն այնտեղ սովորում են բրիտանական դպրոցում։ Իր նոր ապաստանում ձեռնարկատերը կարիք չունի անհանգստանալու, թե իրեն կռվի կուղարկեն Ուկրաինայի դեմ, մինչդեռ իր գովազդային գործակալությունը Ռուսաստանում շարունակում է վերջինիս համար մնալ եկամտաբեր։ Բացի այդ, չի տեսնում խարխլված ճանապարհներ ու անօթևան մարդկանց և այնտեղ չի հանդիպում հակառուսական տրամադրությունների, ինչպես Եվրոպայում. «Դուբայը շատ ավելի ազատ է բոլոր առումներով»,- նկարագրելով իր վիճակը՝ «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթին է հայտնում Տյուտկովը։
Դուբայում ռուսական սփյուռքը բաղկացած է ինչպես միլիարդատերերից, այնպես էլ միջին խավի ներկայացուցիչներից, որոնք հաճախ աշխատում են տեխնոլոգիական ոլորտներում։ Դա այն խավն է, ովքեր գաղթել են Ռուսաստանից նախքան մասնակի մոբիլիզացումը: ——- Ինչևէ, երկու խմբերն էլ ունեն Արաբական Միացյալ Էմիրությունների ամենամեծ քաղաքում բնակվելու միանման դրդապատճառներ. Դուբայը և Ռուսաստանը շարունակում են միմյանց կապվել ուղիղ չվերթներով։ Էմիրությունները չեզոք են մնում ուկրաինական պատերազմի հարցում և, ռուսների կարծիքով, չունեն Մոսկվայի հանդեպ թշնամական տրամադրվածություն։ «Ինչո՞ւ զբաղվել գործարարությամբ մի վայրում, որտեղ քեզ բարեկամաբար չեն վերաբերվում»,- հարցն ուղղելով օրաթերթին՝ արտահայտվում է Թամարա Բիգաևովան, ով վերջերս երկհարկանի գեղեցկության սրահ է բացել քաղաքում և արդեն մշտական հաճախորդներ ունի։ «Ակնհայտ է, որ մեզ Եվրոպայում չեն ընդունում»,- խոսքը շարունակելով՝ շեշտադրում է նա։
Հոդվածագրի վերլուծության համաձայն, ի տարբերություն Եվրոպայի որոշ մայրաքաղաքային փողոցների, Դուբայում չես տեսնի ուկրաինական դրոշներ և չես հանդիպի Ուկրաինային աջակցող հանրահավաքների։ Ավելին, եթե տեղացիներից որևէ մեկն ունենա հակառուսական հայացքներ, հավանաբար դրանք իր մեջ կզսպի և չի արտահայտվի։
«Դա մեզ համար մի որոշ ժամանակով ապահով կղզի է»,- «ՄՖ ԴՆԵՍ»-ի հետ զրույցում նշել է անշարժ գույքի առևտրական Անատոլիյ Կամենսկիխը, ում ընկերությունն անցյալ տարի հարյուր միլիոնավոր դոլարների անշարժ գույք է վաճառել Դուբայում, այն էլ՝ հիմնականում ռուս գնորդներին: «Այսպես կոչված «չգրված սոցիալական պայմանագիրը» գործում է այն հիմունքով, որ Մոսկվայի ռեժիմին հավատարիմները կրկին կարողանան շարունակել հարստություն կուտակել»,- դարձյալ մեջբերելով «The New York Times»-ի հետևյալ մեկնաբանումը՝ նշում է հոդվածի հեղինակը։
Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնական քաղաքացիները կազմում են տասը միլիոն բնակչություն ունեցող այդ երկրի ընդամենը տասներորդ մասը: Մնացած ինը միլիոնը ներգաղթյալներ են, հիմնականում՝ հնդկացիներ և պակիստանցիներ, իսկ ավելի փոքր մասը կազմում են ամերիկացիներն ու եվրոպացիները։
(* Զուտ համեմատության համար նշենք, որ ԱՄԷ-ում բնակվող հայերի թիվը հասնում է 10 հազարի, որոնց մեծ մասն ապրում է Դուբայում ու Շարժայում, ինչպես նաև՝ մայրաքաղաք Աբու Դաբիում։ Մանրամասը հետևյալ հղումով՝ https://mediamax.am/am/news/special-report/31998 – խմբ. նշում)։
Մերձավորարևելյան այս երկիրը դարձել է Ռուսաստանից մասնավոր թռիչքների ամենաընտրված այցելության վայրը՝ ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժումից հետո։ «Ընդ որում, ամեն ինչ վկայում է այն մասին, որ դրանից հետո Դուբայի գրավչությունն էլ ավելի է բարձրացել»,- կարևորում է հեղինակը, հիմնվելով վերը նշված գործարար Տյուտկովի կարծիքին. «Այն պատկերացումը, թե արևմտյան պատժամիջոցները ջախջախիչ հարված են հասցրել ռուսական տնտեսությանը, ընդամենը պատրանք է»։ Վերջինիս գովազդային գործակալությունը շահել է այն պահից, երբ նոր ընկերությունները մրցել են արևմտյան ընկերությունների կողմից ազատված տեղերը զբաղեցնելու համար, որոնք լքել են Ռուսաստանը:
Բացի այդ, վերջինիս հավաստմամբ, արտերկրում գտնվող ռուս ձեռնարկատերերը հնարավորություն են ունեցել նաև օգտվել այն փաստից, որ ռուբլու փոխարժեքը, դոլարի նկատմամբ, նախորդ տարվա ամռանը հասել էր յոթ տարվա առավելագույնին։ Այդպիսով նրանք կարողացել են իրենց վաստակած գումարները փոխանակել դոլարով այն բանկերի միջոցով, որոնք պատժամիջոցների տակ չեն եղել: «Պատկերացնու՞մ եք, թե ինչ հսկայական շահույթներ ենք ունեցել դոլարների փոխանակման մեջ»,- օրաթերթի հետ հարցազրույցը գոհունակությամբ եզրափակում է պատժամիջոցները շրջանցած ռուս ձեռներեցը։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա